Կիրանցի պատը, «Սրբազան շարժումն» ու չկայացած հրաժարականը․ ուր է հասել սահմանազատման ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.05.2025 | 20:5912,6 կմ, 43 սյուն. մեկ տարի առաջ՝ 2024 թվականի այս օրերին, Երևանն ու Բաքուն Տավուշ-Ղազախ հատվածի սահմանազատման գործընթաց իրականացրեցին։
Factor TV-ն ակտիվորեն լուսաբանում էր Կիրանցում տեղի ունեցող գործընթացները, ներկայացնում նաև բնակիչների մտահոգությունները։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ օրերին մեզ հայտնել էր, որ սահմանազատումից հետո Ադրբեջանին է անցնում սեփականաշնորհված 57 տարածք, այդ թվում՝ 2 բնակելի կառուցապատված շինություն, ավտոնորոգման կետ, 3 խանութ, 1 ավտոլվացման կետ, 2 այլ շինություն, որոնցից մեկը՝ խանութ, մյուսը՝ չգործող արագ սննդի կետ։ Ի դեպ, մինչ օրս էլ գաղտնի է պահվում, թե պետական բյուջեից որքան գումար տրամադրվեց գույք կորցրած քաղաքացիներին որպես վնասի փոխհատուցում։
Կիրանցում սահմանազատումից հետո պատ կառուցվեց։ Փաշինյանն ու թիմը հայտարարում էին, որ սա ոչ այնքան անվտանգության, որքան հոգեբանական խնդիր է լուծում, որպեսզի կիրանցեցիները չտեսնեն գյուղից մի քանի մետր այն կողմ կանգնած զինված ադրբեջանցիներին։
Չնայած կիրանցեցիների մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ այստեղ ավելի ապահով է, քան չսահմանազատված հատվածներում։ Վարչապետն իր խոսքին չհավատացողներին ամանորյա ուղերձի ժամանակ կոչ էր արել վեր կենալ ու գնալ Կիրանց՝ սեփական աչքերով համոզվելու։
Փաշինյանը վերջերս էլ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ էր այցելել Կիրանց, կանգնել իր հանձնարարությամբ կառուցված պատի տակ։ Թե այդ ընթացքում ինչ էր խոսվում, Կառավարության հրապարակած տեսանյութում լսելի չէ։
Մինչ սահմանազատումը Փաշինյանը գնացել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր ու հայտարարել՝ եթե սահմանազատում չարվի, պատերազմ կլինի, թեև չկա նաև երաշխիք, որ դրանից հետո պատերազմ չի լինի։
Տավուշում սահմանազատման գործընթացն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով, իրավապահների ու ակցիայի մասնակիցների բախումներով։ Գործընթացի դեմ բողոքողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Ապա բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով եկան Երևան ու Կիրանցից շուրջ 160 կիլոմետր հեռավորության վրա՝ Հանրապետության հրապարակում պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Օրեր անց ներքաղաքական լարված մթնոլորտում հայտնի դարձավ, որ մայիսի 15-ին երկու երկրների սահմանազատաման հանձնաժողովները ստորագրել են գործընթացի ավարտն ազդարարող արձանագրությունը։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի՝ սահմանին կայացած հանդիպման և փաստաղթղթի ստորագրման վերաբերյալ որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակվեց։ Կառավարությունը բավարարվեց հաղորդագրություն տարածելով։ Ըստ վարչապետի աշխատակազմի՝ Ադրբեջանը 2.5 գյուղ ստացավ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։
«Տավուշը հանուն հայրենիքի» անունը ստացած շարժումը Փաշինյանի հեռացման պահանջով բազմամարդ հանրահավաքից հետո աստիճանաբար մարեց՝ այդպես էլ չկարողանալով հասնել նպատակակետին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկմանը։ Բագրատ Գալստանյանը չի հայտարարել իր գլխավորած և հետագայում «Սրբազան պայքար» վերանվանված շարժումը դադարեցնելու մասին։ Մեկնարկից 1 տարի անց շարժումը «Չենք վստահում» ակցիան է իրականացնում՝ փորձելով ստանալ Փաշինյանին դեմ հնարավորինս շատ քաղաքացիների աջակցությունը։
Կիրանցում իրականացված աշխատանքներից հետո՝ 2025 թվականի հունվարի 16-ին, Կառավարությունը հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները որոշել են սահմանազատումը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Փաշինյանն այս տեղեկությունը հայտնել էր ապրիլի 16-ին՝ չհամաձայնելով այն գնահատականի հետ, թե սահմանազատման գործընթացը փակուղում է։ Մինչ այս էլ փետրվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն էր տեղեկացրել, որ փոխվարչապետների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է եղել՝ չհստակեցնելով, թե երբ են սկսվելու սահմանազատման աշխատանքները։
Փաստացի, պաշտոնական հաղորդագրության հրապարակումից ավելի քան 4 ամիս անց գործընթացի մեկնարկը տրված չէ։ Factor TV-ն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի շարունակվում սահմանազատումը։
«Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Փաշինյանի կառավարության կողմից սահմանազատման իրականացումը զիջում է գնահատում։
Factor TV-ն գրավոր հարցմամբ նաև դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, սակայն գործընթացի մեկնարկի վերաբերյալ հստակ տեղեկություններ չեն տրամադրել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան