Ծեծել կարելի է, եթե ներողությո՞ւն խնդրես․ բռունցքները գործի դրած թաղապետը մնաց պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.05.2025 | 22:11Այսօր նախ քաղաքապետից, հետո՝ հանրությունից ներողութուն խնդրեց Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասաց թաղապետը։
Թե ինչ եզրահանգումների մասին է խոսքը, Տեր-Մարգարյանը չմանրամասնեց։ Նրան այդ պաշտոնում նշանակած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ կատարվածից միայն 5 օր անց խախտեց լռությունը և դատապարտեց բռնությունը։
«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, թե սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը կատարվածը սադրանք որակեց, ասաց՝ ինքը դատավորի դեր չի ստանձնի՝ ապավինելով նախաձեռնված քրեական վարույթի ընթացքին։
«Այո՛, դա սադրա՛նք է, այդտեղ կա սուտ, եղել են վիրավորանքներ, բայց, ամեն դեպքում, ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, ի՛նձ, բոլորի՛ս, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չէ, դա չի կարող լինել մեր վարքականոնը, դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»,- ընդգծեց քաղաքապետը։
Ավինյանը դիմեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։
«Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի, այո՛, ունի կուսակցականներ, ովքեր ելնում են կուսակցական գաղափարախոսությունից, բայց ուզում եմ կրկին բոլորիդ հիշեցնել՝ բոլորդ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն եք ձեր վարչական շրջաններում։ Համապատասխանաբար, պետք է խնդրեմ և պահանջեմ՝ ձեր հայտարարություններում առաջին հերթին ելնեք դրանից»,- շեշտեց Ավինյանը։
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ Տեր-Մարգարյանը չպետք է ազատվի պաշտոնից, բայց եթե Տիգրան Ավինյանն այդպիսի որոշում կայացնի, ապա իրենք վայր կդնեն իրենց լիազորությունները։ 2023 թվականի ավագանու ընտրություններին ՔՊ-ն, թեև հավաքել էր ամենաշատ քվեները, սակայն ոչ բավարար՝ միաձնյա իշխանություն ձևավորելու համար։ Ուստի, «Հանրապետություն» և «ՔՊ» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կնքեցին և միասին ստանձնեցին քաղաքի կառավարումը։
Նիստի քննարկման առանցքում Նոր Նորքի թիվ 105 մանկապարտեզի շինաշխատանքներն էին, ինչից էլ սկիզբ էր առել այս պատմությունը։
Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էին ծեծկռտուքից առաջ «ՏիկՏոկ»-ում համատեղ տեսանյութ հրապարակել Նոր Նորքի վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Տեսանյութում նրանք ցույց էին տալիս, թե ինչպես են հեշտությամբ պոկում ասֆալտը, պատի ներկը, քարերը։
Այս մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացրել է 2000 թվականին հիմնադրված «Լիլանարմ» ՍՊԸ-ն։ Factor TV-ն պայմանագրի ուսումնասիրությամբ պարզել է, որ այն կնքվել է 2023 թվականի ապրիլի 19-ին, քաղաքապետարանն այդ աշխատանքների համար ընկերությանը պարտավորվում է վճարել 297 միլիոն 415 հազար դրամ։ Պայմանագրով շինաշխատանքները պետք է ավարտվեին 550 օրում, այսինքն՝ 2024 թվականի սեպտեմբերի վերջին։ Բայց թե՛ ընկերության հիմնադիրը, թե՛ Երևանի քաղաքապետը պնդում են, որ այդ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված չեն։
«Լիլանարմ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որ շինաշխատանքները դադարեցված են և կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքելու պահից։ Ընկերությունից նաև շեշտում են, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն հարել և չեն հարում, իսկ ընկերության աշխատակիցների քաղաքական հայացքները կամ մոտեցումներն ընկերության տնտեսական գործունեության համար նշանակություն չունեն։
Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից պարզել է, որ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Նարեկ Պողոսյանն ավագանու ընտրություններում առաջադրվել է ՔՊ ցուցակով։ Ուշագրավ է այն, որ նա ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ է դարձել «Լիլանարմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։ Գնումների պետական համակարգից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը 2020 թվականից է սկսել քաղաքապետարանին ծառայություններ մատուցել։ Նարեկ Պողոսյանը հենց 2020-ին սեփական ընկերությունն է հիմնադրել՝ «Լուսէ-16»-ը, որը հիմնադրումից ընդամենը երկու ամիս անց քաղաքապետարանի հետ մայրուղինների և փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր է կնքել։ Երևանի քաղաքապետն այդ ժամանակ Հայկ Մարությանն էր։
Տիգրան Ավինյանն ընդունում է, որ այդ մանկապարտեզում անորակ աշխատանքներ են իրականացվել։
«Բայց այդ խնդիրներն էլ կլուծենք, դեռ դեպք չի եղել, որ Երևանի քաղաքապետարանն ընդունի աշխատանք, որը պատշաճ որակով չի արվել»,- այսօրվա նիստին ասաց Ավինյանը։
Տեսանյութի տարածումից հետո բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտով ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով թաղապետի հետ խոսակցության հայհոյախառն ձայնագրությունը։
Սրան հաջորդեց Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքը․ ակտիվիստ Արթուր Չախոյանը նախատեսված հանրային քննարկումից առաջ ցանկություն էր հայտնել խոսել Տեր-Մարգարյանի հետ, բայց թաղապետի օգնականը պատասխանել էր, որ անձնական հարցեր չեն քննարկում՝ հորդորելով Չախոյանին դահլիճ մտնել` քննարկմանը մասնակցելու համար։ Ծեծկռտուք էր սկսվել, երբ թաղապետարանի աշխատակիցը, Չախոյանի՝ «լավ տղեն դո՛ւ չես» արտահայտությանն ի պատասխան՝ հարվածել էր նրա ուսին։ Ապա թիմակիցների հետ աշխատասենյակից դուրս էր եկել թաղապետ Տեր-Մարգարյանը ու խառնվել ծեծկռտուքին՝ հարվածներ հասցնելով Չախոյանին։
Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ են թաղապետն ու թաղապետարանի 3 աշխատակից։ Իսկ Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը մեղադրյալ են մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հատկանիշներով։ Այս վարույթը վերաբերում է յոգուրտով ակցիային։ Բոլոր 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան