«Չի ներվելու», բայց ներվեց. Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չի՞ արվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.05.2025 | 22:15«Ուզում եմ հատուկ նախազգուշացնել վարչական շրջանների ղեկավարներին՝ բոլորին, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երեկ այդ հրմշտոցներին, հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու»,- 2023 թվականի նոյեմբերի 22-ին քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ ծեծկռտուքի հաջորդ օրը հայտարարել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այդ օրը վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետանում էին, քանի որ ավագանու հերթական նիստի վերջում նրանց հետ հարցուպատասխան էր նախատեսված։ Բայց նիստի ընթացքում իրավիճակը սրվել էր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ։ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը ջուր էր շփել Խաչատրյանի վրա, վերջինը քաշել էր Աղեկյանի մազերից, հրմշտոց էր սկսվել, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում՝ վերածվելով հահոյախառն ծեծկռտուքի։
Տարածված տեսանյութերում երևում են վարչական շրջանների գրեթե բոլոր ղեկավարները, սակայն միջադեպի կիզակետում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էր։
Ստացվում է՝ Տիգրան Ավինյանը, չնայած իր հատուկ նախազգուշացմանը, որ նմանատիպ որևէ արարք չի ներվելու, ներեց ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասնակից Տիգրան Տեր-Մարգարյանին, որն այդ միջադեպից երկու օր անց դեռ պաշտոնանկ չի արվել։
Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նրա թիմակից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը երեկ Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ, իր կարծիքով, Տեր-Մարգարյանը չպետք է ազատվի պաշտոնից, բայց եթե Տիգրան Ավինյանն այդպիսի որոշում կայացնի, ապա իրենք վայր կդնեն իրենց լիազորությունները՝ այդպես են որոշել կուսակցության ներսում ունեցած քննարկման ժամանակ։ Լրատվամիջոցի հստակեցնող հարցին՝ արդյո՞ք դրանից հետո «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիան կկազմալուծվի, Մխիթարյանը դարձյալ կրկնել էր՝ վայր կդնեն իրենց լիազորությունները։
Ինչո՞ւ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չարվեց թաղապետարանում ծեծկռտուքից հետո և ինչո՞ւ Ավինյանը ներեց նրան, արդյո՞ք նրա «ձեռքերը շղթայված» են, քանի որ, ինչպես նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, այդ դեպքում իրենք կդադարեցնեին իրենց լիազորությունները․ Factor TV-ն այս հարցերը գրավոր տարբերակով ուղղել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Լրատվության վարչությունից միայն պատասխանել են, որ բոլոր որոշումների մասին քաղաքապետն անձամբ հարմար առիթով կհայտնի։
Նույն հարցադրումներին ի պատասխան՝ Երևանի փոխքաղաքպետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ միջադեպի հետ կապված ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն տարածել է, ինքն այլ մեկնաբանություն չունի։
«Հանրապետություն» խմբակցությունից Factor TV-ի հարցերին ի պատասխան՝ մեջբերեցին կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությունը՝ հավելելով, որ այլ մեկնաբանություն չունեն։ Սարգսյանն այսօր ֆեյսբուքում է կարճ գրառում արել։
««Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Հույս չունենաք…»,- գրել է Սարգսյանը։
Արամ Սարգսյանի այս հայտարարությունը ենթադրում է, որ ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագիրը չեն խզի։ Սարգսյանը շեշտել է՝ պաշտոններից հրաժարվելու դեպքում հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին, սակայն չի մանրամասնել, թե ինչպես կվարվեն այն պարագայում, եթե ոչ թե իրենք հրաժարվեն, այլ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ արվի իրեն այդ պաշտոնում նշանակած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից։
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում հրավիրված հանրային քննարկումից առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Դրանից հետո Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Եվ քանի որ Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատավայրում չի եղել, ակցիայի կազմակերպիչները յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ տարել էին:
Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, գործով 4 մեղադրյալ կա, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետը։ Factor TV-ի տեղեկություններով՝ մյուս 3 մեղադրյալները թաղապետարանի աշխատակիցներ են, բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանն էլ մեղադրյալի կարգավիճակ ունեն այլ քրեական վարույթով․ թաղապետարանում իրականացրած յոգուրտով ակցիայից երկու օր անց վարույթ նախաձեռնվեց խուլիգանության հատկանիշներով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Չախոյանի և Մանուկյանի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ընդգծենք, որ այս վարույթը նախաձեռնելու նախորդ օրը Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը, երբ դատապարտել էր Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը, տարակուսել էր, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր են դարձել հետագա սադրանքներն ու դրանց հաջորդած բռնությունը։
Ի դեպ, 2023 թվականի տարեվերջին քաղաքապետարանում ծեծկռտուքից հետո ևս քրական վարույթ նախաձեռնվեց մի խումբ անձանց կողմից խուլիգանության և հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու հոդվածներով։ Ինչ փուլում է վարույթը՝ Քննչական կոմիտեից ճշտել չհաջողվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան