Ադրբեջանը դառնում է Հարավային Կովկասում ՌԴ գլխավոր «վստահված անձը»․ քաղաքագետներն այն մասին, թե ինչու և ինչպես այդպես եղավ

Լուրեր

12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է ՌԴ-ի և Ադրբեջանի շրջանների IX համաժողովին, ապա կմեկնի Դուշանբե, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:

Ինչպես այցի նախօրեին հայտարարել էին ռուսաստանցի մի շարք քաղաքագետներ՝ այցի արդյունքներով ստորագրվելու են ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող աննախադեպ թվով փաստաթղթեր, իսկ Ադրբեջանի մեջլիսի  պատգամավոր Մոլազադեն էլ իր հերթին էր ասել, որ այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նաև  ռուսական զենքի շուրջ նոր համաձայնագրի հարցը։ Հին համաձայնագրի, շրջանակներում, հիշեցնենք, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել 2015-2018 թթ․ ընթացքում։

Սույն աշխանքային այցի մանրամասներին ու  դետալներին գալիս է լրացնելու ՌԴ նախագահի խորհրդական Ուշակովի կողմից երեկ  դաշտ նետված ինտրիգը։  Այն է, որ  քննարկվել է ՌԴ նախագահի՝ ՀՀ այցելելու հավանականությունը՝ առանց հստակ ժամկետների և որ  հաշվի առնելով այն,  որ դրանից առաջ Փաշինյանի ու Պուտինի միջև 3 հանդիպում է եղել, «Հայաստան կատարելիք այցին նպատակահարմար կլինի սպասել հաջորդ տարի»։

Արդյո՞ք այս այցով, այս հայտարարություններով ու ստորագրվելիք փաստաղթերով ՌԴ-Հայաստան և ՌԴ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դիսբալանս՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ռուսաստանցի  փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի հետ։

Գրիգորի Տրոֆիմչուկն ասում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։

«Մինչ այս այցն էլ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում էին ամենաբարձր մակարդակում, կասեի՝ գագաթնակետում։ Եկեք հիշենք, որ Սոչիում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերվեցին ռեկորդային թվով պայմանավորվածություններ, որոնք հենց ռազմատեխնիկական համագործակցության գծով են, և  Իլհամ Ալիևն էլ, հիշում եք, հնչեցնելով այդ թիվը՝ 5 միլիարդ դոլարի սպառազինություն, հայտարարեց, որ համագործակցությունը կշարունակվի և որ պրակտիկ դետալները կամրագրվեն հաջորդ հանդիպմանը։ Դե, իսկ այսօր Բաքվում սկսվող բանակցությունների հարցերի մյուս խումբը կվերաբերի միջտարածաշրջանային համագործակցությանը, որն, իհարկե, ուղիղ չի առնչվում երկկողմ ռազամտեխնիկական հարաբերություններին»,- ասաց անվտանգության հարցերով փորձագետը։

Նա աներկբա դրական պատասխան տվեց հարցին, թե, այնուամենայնիվ, կերկարացվի՞ ՌԴ և Ադրբեջանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին հայտնի համաձայնագիրը․ « Այս պայմանագրի վերաթարմացումը, ավելի կոնկրետ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին պայմանագիրը, որի շրջանակներում լուրջ գումարների  զենք է գնվում, կշարունակվի, քանի որ դրա չշարունակման համար որևէ պատճառ չկա։ Գլխավորապես, և սա շատ կարևոր պատճառ է, որ ռուսաստանցի դիտորդներն այնքան էլ լավ չեն հասկանում, թե ապրիլյան իրադարձություններից հետո ինչ է կատարվում Հայաստանի ներսում։ ՀՀ նոր իշխանությունն իրեն շատ հարցերում պահում է անհասկանալի, և  հենց այդ պատճառով էլ, չնայած նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ,  ոչ էլ՝ ԵՏՄ, Մոսկվան հիմա Ադրբեջանի հետ ֆունդամենտալ հարաբերություններ է կառուցում։ Ըստ որում՝ հենց դաշնակցային բնույթի»։

Ամփոփելով զրույցի այս հատվածը՝ Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ Ադրբեջանը համարյա թե դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր վստահված անձը։

Հիշեցնենք, որ եթե նախկինում ռուսաստանյան քաղաքագետները, գիտակցելով, որ Հայաստանում առկա ինչ-ինչ հակառուսական տրամադրությունների պատճառը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն է, բացի այն, որ վստահեցնում էին, թե  «ոչ մի անձնական բան, միայն՝ բիզնես», ասում էին՝ սպասեք, տեսնո՞ւմ եք գործարքը մոտենում է ավարտին։ Հիմա, պարզվում է, ամեն ինչ վերաթարմացվում է։

Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց․«Չերկարացման մասին խոսք կարող էր լինել միայն այն դեպքում, եթե իրավիճակը արմատապես փոխվեր, իսկ այն արմատապես չի փոխվել և ոչ մի հարցում»։

«Արմատապես փոխվել» ասելով՝ ռուսաստանցի փորձագետը նկատի ունի նաև Հայաստանի դիրքորոշումն արցախյան հարցում։ Ասաց, թե վերջերս ՀՀ-ից հնչող հայտարարությունները ստիպում են Ադրբեջանին անհանգստանալ ու զինվել։

«Նրանք գտնում են, որ ՀՀ ղեկավարությունը չի ցանկանում գնալ ոչ մի փոխզիջման և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանը  պատրաստվում է բավականաչափ ռադիկալ կերպով։ Եվ, մյուս կողմից, եթե անգամ ՌԴ-ն իրեն անհրաժեշտ  ծավալով  զենք չվաճառի էլ, դա մեծ հաճույքով կանի մեկ այլ երկիր, ներառյալ Իսրայելը», – հավելեց Գրիգորի Տրոֆիմչուկը։

Իսկ իմաստ ունի՞ Հայաստանի  ՀԱՊԿ-ում մնալը, եթե իր ռազմավարական դաշնակիցն  իր հակառակորդին զենք է վաճառում և մյուս կողմից, էլ,  երբ  իր սահմանները գնդակոծում են, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի մակարդակով  հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը չի կարող արձագանքել։  Գրիգոր Տրոֆիմչուկն, ի պատասխան, նկատեց, որ որպես փորձագետ անձամբ մշտապես ասել է, որ ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական  կազմակերպություն,  պետք է ավելի հստակ դիրքորոշում ունենա՝ Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցերի հետ կապված, այս թվում՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի  սահմանների պաշտպանության։

« Ցավոք, ՀԱՊԿ-ն իրեն այս հարցում բավականաչափ ակտիվ չի պահում, դրա համար էլ այս հարցերը Երևանը բարձրացնում  է », -ավելացրեց փորձագետը` չմոռանալով հիշեցնել, որ հենց ՀԱՊԿ անդամակցությունն է  պատճառը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառում է շուկայական գներով, Երևանին՝ արտոնյալ:

«Այո, Երևանը կարող է քննադատել ՀԱՊԿ -ին սրա համար, բայց հերիք է համեմատել իրավիճակը, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ում է և իրավիճակը, երբ  չէ,  և այս դեպքում, Հայաստանի ղեկավարութունը հնարավորություն կունենա համոզվելու, որ Հայաստանի անվտանգության մակարդակը շեշտակի իջել  է և իրավիճակը շատ ավելի վատն է, քան կազմակերպության ներսում լինելու դեպքում»,- նկատեց նա։

Յու․ Ուշակովի հայտարարության հետ կապված էլ մեր զրուցակիցն ասաց, որ ոչ միայն ՌԴ, այլև շատ պետություններում ձևավորված  քաղաքական ավանդույթի համաձայն՝ մի երկիր այցելելու դեպքում, պետք է անպայման այց լինի նաև մյուս երկիր։ Այսինքն՝ Վլադիմիր Պուտինը անպայման պետք է այցելի Հայաստան, եթե արդեն այցելել է Ադրբեջան։ Եթե դա , ըստ անվտանգության հարցերով փորձագետի, հանկարծ տեղի չունենա, ապա կլինի  հստակ ազդանշան, որ Մոսկվայի աչքում Երևանը շարունակում է մնալ անհասկանալի։

«Մոդուս Վիվենդի» քաղաքագիտական կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երբեք ընդունելի չի լինի Մոսկվայի համար։

«Ինչո՞ւ, որովհետև  ցանկացած ժողովրդավարական շարժում և ժողովրդական փոփոխություն որևէ երկրում, այն էլ՝ ՌԴ ազդեցության տակ գտնվող երկրում, ռուսների համար անընդունելի է։  Նիկոլ  Փաշինյանը եղել է և կմնա Ռուսաստանի համար անընդունելի անձ՝  «պերսոնա նոն գրատա », որովհետև  նա իշխանության է եկել ժողովրդի աջակցությամբ։ Ռուսաստանը  նման բաներ չի ներում։ Ո՞նց   կարող է  ՌԴ-ն հանդուրժի, որ իր օլիգարխներից կախված ինչ-որ մի  անձի փոխարեն, առաջին դեմք լինի մարդ, ում  իշխանության է բերել  Հայաստանի ժողովուրդը։ Սա սկզբունքորեն անընդունելի  ՌԴ-ի համար,  որովհետև սա  կարող է  նախադեպ  հանդիսանալ հենց Ռուսաստանի համար»,- ասաց Արա Պապյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է երակարաձգվում զենք-զինամթերքի ռուս-ադրբեջանական  համաձայնագիրը, ապա Արա Պապյանն այս հարցում մի քանի գործոն է կարևորում.

1․  Վերջին շրջանում ակնհայտորեն  նկատվում է թուրք-ռուսական  հարաբերությունների մերձեցում, որը պայմանավորված է Թուրքիայի և Ռուսաստանի՝  Արևմուտքի հետ ունեցած լարվածությամբ, և բնականաբար,  որպես ածանցյալ,  առաջանում է Ադրբեջանի հարցը։  Ադրբեջանը միշտ լավ գնորդ է եղել, ունեցել է և հիմա էլ  ունի բավարար քանակությամբ փող՝ զենք գնելու համար։

2․ Մյուս կողմից, ՌԴ-ն  գնալով կորցնում է իր ռազմական տեխնիկայի  վաճառաքի շուկան, և,  հետևաբար, ավելի ու ավելի է համաձայնում Ադրբեջանի պայմաններին։

3․ Ռուսատանն առանձնապես  այլընտրանք չունի, հիմա էապես կրճատվում են ՌԴ՝ գազ ու նավթ վաճառելու  հնարավորությունները,  նաև՝  զենքի վաճառքն է կրճատվում։ Հետևաբար,  վաճառում են այնտեղ, որտեղ կարող են։

«Եվ, չնայած,  մեր նոր իշխանության բոլոր ջանքերին, այդ թվում՝ Սիրիա զորախումբ ուղարկելու որոշմանը, այդուհանդերձ, ՌԴ-ն չի գնահատում Երևանի այս քայլը  և չի էլ գնահատելու։ Մենք պարզապես փչացնելու ենք հարաբերությունները Արևմուտքի հետ»,-ավելացրեց Արա Պապյանը։

Ինչ վերաբերում է  հակառուսական տրամադրություններին, ապա Արա Պապյանը կարծում է, որ դա  ՌԴ իշխանություններին առանձնապես չի մտահոգում։

«Իրենք ստեղծել են մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանն, իրականում  շատ քիչ  այլընտրանքներ ունի՝ տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ անվտանգային։ Դա ցավալի իրողություն է, բայց դա նոր չի ձևավորվել, այլ  վերջին 20 տարիներին»,- ավելացրեց Արա Պապյանը։

Նա նկատեց, որ մշտապես խոսվում է այլընտրանքների ստեղծման անհրաժեշտության մասին,  բայց  ցավոք, քայլեր չի տեսնում։ Միայն տեսնում է փորձ՝ սիրաշահելու Ռուսաստանին՝ առանց հասկանալու, որ ռուսները դա չեն գնահատում։

«Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում»։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանը չունի այլընտրանքներ, ռուսներն ուզածը  կկարողանան իրականացել Հարավային Կովկասում։ Իսկ իրենք իրենց նման  ձևով են պահում , որովհետև  Հայաստանում այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ գազամատակարարումը,  էլեկտաէներգիայի  մատակարարումը, երկաթգիծը, կապի ոլորտը, զենքի մատակարարումը, իրենց ձեռքում է։  Այսինքն՝ հայտնի ճշմարտությունը, որ բոլոր հավկիթները չեն դնում մի զամբյուղի մեջ, մեզ մոտ չի գործել։ Մենք ելել ենք այն բանից, թե ՌԴ-ն մեր  ստրատեգիական  դաշնակիցն է»,- ասաց նա։

Ավելին, ըստ Պապյանի, հիմա Մոսկվան Հայաստանի նկատմամբ  մինչև իսկ որոշ խորհրդանշական քայլեր չի ուզում անել, այս  թվում՝ նաև Հայաստան այցելությունը՝ վարժվելով, որ Հայաստանի ղեկավարներն իրենք  են մշտապես գնացել Մոսկվա։

«Մեզ մոտ արտաքին քաղաքականության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, ավելին՝ ընդգծվել է, որ արտաքին  քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու։ Միգուցե դա արվել է ակնկալիքով, որ կգնահատվի, բայց  չի գնահատվել։ Եթե անցյալում չի գնահատվել Հայաստանի հստակ պրոռուսական դիրքորոշումը, ինչո՞ւ հիմա պետք է գնահատվի։  Եվ դրա համար էլ ռուսները կարող են ասել, որ ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի հանդիպման  3 հնարավորություն կա մինչև  տարեվերջ, երեքն  էլ եղել են, և դա բավական է։  Հետևաբար, այցը կմնա  մյուս տարի։ Այն էլ՝ թերևս»,- մեջբերելով Ուշակովին՝ հեգնեց Արա Պապյանը։

Անի Սահակյան