Սարգսյանն արդարացվեց, Քոչարյանը և Քերոբյանը՝ ամբաստանյալի աթոռին. 2024-ի հնչեղ դատավարությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.01.2025 | 22:28
Փաշինյանը հրապարակել է Փարաքարի նախնական ընտրություններին թեկնածուների անունները
03.01.2025 | 21:55
Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային․ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին. ՆԳՆ
03.01.2025 | 21:31
Ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
03.01.2025 | 21:04
Հունվարի 8-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.01.2025 | 20:43
Վանաձորում գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
03.01.2025 | 20:24
Հաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ ՆԳՆ-ի պարզաբանումը
03.01.2025 | 20:11
Լեհաստանը նախատեսում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը ԵՄ-ում նախագահության ընթացքում
03.01.2025 | 20:00
Մանկության ընկերոջից մինչև Փաշինյանի նկարով ոգեշնչվողներ․ ովքեր 2024-ին հրաժեշտ տվեցին իրենց աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.01.2025 | 19:42
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
03.01.2025 | 19:21
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024»-ի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա
03.01.2025 | 19:00
Արևմուտքի և ՌԴ-ի միջև վարագույր իջնելո՛ւ է․ անխուսափելիորեն ՀՀ-ն պիտի հարի որևէ բևեռի․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.01.2025 | 18:35
Թուրքիան կշարունակի միջոցներ ձեռնարկել Սիրիայում ԱՄՆ դաշնակից  քուրդ զինյալների դեմ
03.01.2025 | 18:21
Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնից
03.01.2025 | 18:06
Ալիևի զարմուհին Հունաստանում թմրանյութերով խնջույքի կազմակերպման համար կկանգնի դատարանի առաջ
03.01.2025 | 17:49
Երևանում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը գրանցվել է շտապբուժօգնության ծառայության 3373 կանչ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյան, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյան, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյան, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյան և մի շարք այլ հնչեղ անուններ։ Նրանք բոլորը 2024-ին կրկին հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, ավելին՝ շատերը նստեցին ամբաստանյալի աթոռին արդեն այլ հոդվածներով։ Մի շարք հնչեղ գործերով նաև դատավճիռներ հրապարակվեցին։ Factor TVն ներկայացնում է հնչեղ անունների հետ կապված գործերի ընթացքը 2024 թվականին։ 

2024 թվականի սկզբին մեղադրյալի աթոռին հայտնվեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսը՝ Անի Գևորգյանը։ Քերոբյանը մեղադրվում է նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումներ կատարելու կասկածանքով։ Թեև հենց ամենասկզբից նա հայտարարում էր, որ մեղադրանքն անհիմն է, սակայն սկանդալի հենց առաջին օրն ազատման դիմում գրեց նախարարի պաշտոնից։

Քերոբյանը կալանավորվեց, հետագայում նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը։ Արդեն մայիսին գործով անցնող 8 անձանցից մնացին միայն նախկին նախարարը և «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը։ Մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ գործուն զղջալու հիմքով, իսկ Քերոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվեց։ Այսօր գործը դատաքննության փուլում է, Քերոբյանը՝ ազատության մեջ։

Ռոբերտ Քոչարյանն և «Մարտի 1»-ի գործով անցնող մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաները կրկին ամբաստանյալի աթոռին են։ 5 տարի առաջ փակված «Մարտի 1»-ի գործը վերաբացվեց։ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը փոխարինվել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածի հատկանիշներով։

Եվ մինչ բարձրաստիճան նախկին պաշտոնյաները շարունակում են չընդունել մեղադրանքը, իսկ Դատախազությունը՝ պաշտպանել նոր հոդվածը, Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անգամ այս նոր հոդվածի հատկանիշներով որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ վաղեմության ժամկետներն անցել են։

Ապօրինի հարստացման և փողերի լվացման համար մեղադրվող և 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին ամռանը նոր մեղադրանք առաջադրվեց։ Դատախազությունը Սերժ Սարգսյանի փեսային մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, հակամրցակցային գործունեության և այլ հանցագործություններ կատարելու համար հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։ Մինասյանն անցնում է 76 դրվագով, գործով հեռակա դատավարություն է սկսվում։ Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության դիմումը, Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի մասով գործի քննությունը կմեկնարկի առանց նրա ներկայության։

2024-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Թիմակիցները նրան մեղադրեցին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքի մեջ։ Մինչ այդ, Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ Աղազարյանը լեզվակռիվ էր ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր նշել, խնդրել էր Աղազարյանին մանդատը վայր դնել, սակայն պատգամավորը մերժել էր։ Աղազարյանին ուղղված մեղադրանքներին զուգահեռ՝ նա հայտարարեց, որ թիմակիցների մոտ հայտնվել է իր հեռախոսի պարունակությունը։

Այս մասով դեկտեմբերի 16-ին Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արդյո՞ք Աղազարյանին մանդատից զրկելու հարցով գլխավոր դատախազն Ազգային ժողով կգնա, և պատգամավորն ամբաստանյալի աթոռին կհայտնվի, պարզ կլինի ավելի ուշ։

Տարիներ ձգվող քննություններից հետո 2024 թվականին հրապարակվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ և փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի, ՀՀ ազգային հերոս, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի և այլոց դատավճիռները։ Վերջնական դատական ակտերի մեծ մասի դեպքում ամբաստանյալներն այդպես էլ դատապարտյալ չդարձան։

Պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով գրեթե 490 մլն դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը, 5 տարվա դատաքննությունից հետո, մայիսի 31-ին արդարացվեց։ Այնուամենայնիվ, Գլխավոր դատախազությունը բողոքարկեց դատական ակտը, այս պահին վերաքննիչ բողոքը քննության փուլում է։

Դատապարտվեցին, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով չազատազրկվեցին ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նրա տեղակալ Լևոն Երանոսյանը։ Երեքի դեպքում էլ դատարանը նրանց մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում, սակայն նրանք ազատվեցին պատժի կրումից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Թեև բարձրաստիճան նախկին պաշտոնյաները պատիժը չկրեցին վաղեմության ժամկետի խնդրի պատճառով, այնուամենայնիվ, նրանց բոլորի դատավճիռները Գլխավոր դատախազության կողմից բողոքարկվել են։

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի մեղադրանքը, թեև վաղեմության ժամկետի խնդիր չուներ, սակայն նա ևս դատապարտվեց, բայց չհայտնվեց ճաղերի հետևում։ Դատարանը վճռեց Չարչյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ նրա նկատմամբ 3 տարի փորձաշրջան սահմանելով, որը, բողոքարկվելով Վերաքննիչ դատարան, կրճատվեց 1 տարով։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի դատավճիռը հայտնի դարձավ շաբաթներ առաջ։ Ավելի քան 2 տարի դատաքննությունից հետո դատարանը վճռեց Փիլոյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության մեղադրանքներով ամբաստանյալի աթոռին հայտնված Ազգային հերոսի դատավարությունն այսպես էլ հասանելի չդարձավ լայն շրջանակների համար. այն ի սկզբանե դռնփակ անցկացվեց։

Դեռևս 2022 թվականին դատարանը մեղավոր էր ճանաչել Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, դատավճիռը, սակայն, ուժի մեջ մտավ 2024 թվականի հուլիսին։ Այդ վճռով Առուշանյանին 5 տարի ժամկետով արգելվեց զբաղեցնել համայնքապետի պաշտոնը, սակայն Գորիսի ավագանին հրաժարվեց պաշտոնանկ անել քաղաքապետին, ինչի հետևանքով դատարանն օգոստոսին վճռեց 1 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել Առուշանյանին։ Դատական ակտն այս պահին բողոքարկման փուլում է․ արդյունքում Գորիսը շարունակում է ղեկավարել Առուշ Առուշանյանը։

Գևորգ Կոստանյան, Գագիկ Խաչատրյան, Աղվան Հովսեփյան, Դավիթ Տոնոյանի և մի քանի տասնյակի հասնող հնչեղ այլ անուններ․ նախկին պաշտոնյաներին վերաբերող բազմաթիվ գործեր այսօր էլ մնում են նախաքննության և դատաքննության փուլում։ Թե որ թվականին դրանցով դատավճիռներ կկայացվեն, անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան