Մահափորձեր, անոմալ եղանակ, մոլեգնող հակամարտություններ․ հայացք անցնող 2024-ին
Քաղաքականություն
31.12.2024 | 18:30Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և շատ այլ երկրներում ընտրություններից մինչև նախագահի թեկնածուների փոփոխություններ, դատավարություններ և նույնիսկ մահափորձեր Միացյալ Նահանգներում․ 2024 թվականը կարևոր ընտրությունների և քաղաքական փոփոխությունների տարի էր: Բնության փոփոխություններն ազդեցին երկրագնդի բոլոր անկյունների վրա՝ խավարումները մթագնեցին երկինքը, իսկ ջրհեղեղները, երկրաշարժերը, հրդեհները և եղանակային անոմալիաներն ավերածություններ գործեցին՝ թողնելով անջնջելի հետք ամբողջ աշխարհի տարբեր հատվածներում:
Factor TV-ն ամփոփել է 2024 թվականին աշխարհում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։ Ահա ինչպիսին էր անցնող 2024 թվականը։
***
Հունվարի 1-ից Ճապոնիայի կենտրոնական հատվածում ավելի քան 1200 երկրաշարժ տեղի ունեցավ: Ամենաշատ տուժած պրեֆեկտուրան Իսիկավան էր, որը գտնվում է Ճապոնական ծովի ափին, Հոնսյու կղզու կենտրոնական մասում։ Բնական աղետին զոհ գնաց 232 մարդ, տուժածների թիվը 1036 է։
***
Բանտարկված ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացավ բանտում։ Նա 47 տարեկան էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ փետրվարի 16-ին Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի Խարպ գյուղի մոտ գտնվող հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» բանտում: Իրավապահները պնդում են, թե Նավալնին մահացել է բնական մահով՝ թրոմբի անջատման հետևանքով: Մահից օրեր առաջ Նավալնիին 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց: Ալեքսեյ Նավալնիի աջակիցները համոզված են, որ ընդդիմության առաջնորդին կա՛մ սպանել են, կա՛մ միտումնավոր հասցրել են մահվան: Նրա այրին՝ Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ շարունակելու է ամուսնու առաքելությունը:
***
ՆԱՏՕ-ն՝ աշխարհի ամենահզոր պաշտպանական կառույցը, ընդլայնվեց և նոր գլխավոր քարտուղար ունեցավ։ Շվեդիայի Թագավորությունը մարտի 7-ին դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ֆինլանդիան 2023 թվականի ապրիլի 4-ին էր պաշտոնապես դարձել դաշինքի 31-րդ անդամը։
***
Իր պաշտոնավարման 4-րդ ժամկետում հարևան Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսած ՌԴ-ում նախագահի ընտրություններ տեղի ունեցան։ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 99,5 տոկոսի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը, չունենալով գրեթե որևէ ընդդիմադիր հակառակորդ, հավաքեց ձայների 87,32 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվեց ՌԴ նախագահ: Մարտին կայացած վիճահարույց ընտրություններում ավելի քան 87 տոկոս քվե ստացած Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։
Ռուսական ընդդիմությունը, այդ թվում՝ բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան և քաղաքական գործիչ ու լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան, կոչ արեցին չճանաչել 2024 թվականի ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները։ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց «Ռուսաստանում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների ոչ լեգիտիմության մասին»։
***
2024 թվականի ապրիլին սկսվեց Իրան-Իսրայել հակամարտությունը սկսվեց, երբ Իրան-Իսրայել պրոքսի հակամարտությունը վերածվեց ուղիղ բախման երկու երկրների զինված ուժերի միջև։ Ապրիլի 1-ին Իսրայելը ռմբակոծեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը, ինչի հետևանքով սպանվեցին իրանական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ Իրանը և նրա վստահված անձինք ապրիլի 13-ին հարվածներ հասցրեցին Իսրայելին։ Իսրայելն այնուհետև պատասխան հարվածներ հասցրեց Իրանին ապրիլի 19-ին։
***
ԱՄԷ-ն ականատես եղավ «բացառիկ իրադարձության իր կլիմայական պատմության մեջ»: Դուբային վերջին 75 տարվա մեջ ռեկորդային քանակությամբ տեղումներ հարվածեցին։ Ապրիլի 16-ի երեկոյան էմիրություններում տեղումների քանակը հասավ ավելի քան 142 միլիմետրի՝ երկրի միջին տարեկան տեղումների քանակին: Շարժայում և Դուբայում բազմաթիվ շենքեր, վիլլաներ և քաղաքային տներ մնացին առանց էլեկտրականության։ Աշխարհի խոշորագույն առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկի՝ Dubai Mall-ի հազարավոր այցելուներ ջրհեղեղի պատճառով արգելափակվեցին շենքի ներսում, տաքսիների համար հսկայական հերթեր գոյացան։
***
2024 թվականի մայիսի 15-ին Հանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո մահափորձ կատարվեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ Նա հոսպիտալացվեց բազմաթիվ հրազենային վնասվածքներով։ Հարձակվողը՝ Յուրայ Ցինտուլան, ձերբակալվեց դեպքի վայրում։
***
Հնդկաստանում ավարտվեցին դեռևս ապրիլի 19-ին սկսված աշխարհում ամենամեծը համարվող ընտրությունները․ դրանց մասնակցեց շուրջ 968 մլն գրանցված ընտրող։
***
Հակառակ վերջին շաբաթների հարցումների և բազմաթիվ կանխատեսումների՝ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն ավելի շատ մանդատներ ստացավ Ֆրանսիայի Ազգային ժողովում 2024 թվականի հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո։ Քվեարկության արդյունքներով՝ ծայրահեղ աջակողմյան Ազգային հանրահավաքը, որն ընտրությունների առաջին փուլից հետո առաջատար էր և մեծ հաղթանակ էր կանխատեսում, անսպասելիորեն գրավեց միայն երրորդ տեղը։
***
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ հնչեցին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա ընդհատեց ելույթը և հեռացավ բեմից։ Հրաձիգը սպանվեց, առնվազն մեկ ցուցարար՝ ևս։
***
Շքեղ հանդիսությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքում բացվեցին Օլիմպիական խաղերը։ Փարիզում հուլիսի 26-ին մեկնարկեցին ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվեց մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով: Հանդիսավոր արարողության վերջում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը 2 տարվա դադարից հետո կրկին վերադարձավ մեծ բեմ՝ Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l’amour ստեղծագործությունը:
Մրցումներին մասնակցեցին 206 օլիմպիական հավաքականների 10,5 հազար մարզիկներ:
***
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց Թեհրանում, որը մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանի հոգևոր առաջնորդը վրեժից խոսեց։ Ավելի ուշ Գազայում Իսրայելի կողմից սպանվեց նաև ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Յահյա Սինվարը, ինչից հետո արևմտյան առաջնորդները hակամարտությանը վերջ դնելու հնարավորության մասին հայտարարեցին, իսկ Իսրայելի վարչապետը՝ ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի վերջի սկիզբը։ Սինվարը 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչն էր համարվում։
***
ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած բանտարկյալների փոխանակում՝ Թուրքիայի արտաքին հետախուզական ծառայության համակարգմամբ, Անկարայի օդանավակայանում։ Գործողության շրջանակում 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվեցին Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը՝ ԱՄՆ։ Այսպիսով իրականացվեց նորագույն պատմության մեջ ամենամեծ փոխանակման օպերացիան, որը ներառեց 7 տարբեր երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտարկված 26 անձանց փոխանակում։
***
Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժեցին ՌԴ Կուրսկի մարզ՝ օրերի ընթացքում գրավելով բազմաթիվ բնակավայրեր։ Սակայն տարեվերջին արդեն հեղինակավար պարբերականները հայտնեցին, որ Կիևի կողմից վերահսկվող Կուրսկի շրջանի տարածքը 1376-ից կրճատվել է մինչև 800 քառակուսի կիլոմետրի։
***
Փարիզի օդանավակայանում ձերբակալվեց Տելեգրամ սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Նա մասնավոր օդանավով Փարիզ էր ժամանել Ադրբեջանից՝ մի կնոջ և թիկնապահի ուղեկցությամբ: Դուրովը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ Տելեգրամ սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:
***
10 տարի պաշտոնավարելուց հետո Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը հոկտեմբերի 1-ին փոխանցեց դաշինքի նոր առաջնորդ Մարկ Ռյուտեին, որը Նիդերլանդների նախկին վարչապետն ու ընդհանուր գործերի նախարարն էր։
***
Իսրայելական զորքերը ներխուժեցին Լիբանան: Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային հրետանային կրակ արձակեց Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ: Լիբանանյան բանակը նահանջում է:
***
Միացյալ Նահանգներում ամիսներ տևած բուռն ընտրապայքարից հետո նոյեմբերի 5-ին մեկնարկեց պատմական նախագահական ընտրությունների քվեարկությունը, որի արդյունքում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր դեմ երկու մահափորձ վերապարած հանրապետական Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ 47-րդ նախագահ՝ հաղթելով դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին։ Վերջինը Թրամփի հետ ընտրապայքարի մեջ մտավ երկրի գործող նախագահ Ջո Բայդենի ընտրապայքարից դուրս գալուց հետո։ Թրամփը և շատ այլ հանրապետական քաղաքական գործիչներ բազմիցս հայտարարել են, որ Միացյալ Նահանգները կրում է Ուկրաինային օգնություն տրամադրելու հիմնական բեռը, և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պետք է պատասխանատվության և ծախսերի ավելի մեծ մասնաբաժին ունենան: Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ հաշված օրերի ընթացքում կարող է կանգնեցնել Ուկրաինայում պատերազմը հաշված ժամերի ընթացքում։
***
Իրանը 201 բալիստիկ հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Հասան Նասրալլայի սպանության։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց հրադադարի շուրջ համաձայնագրի մասին, որի նպատակն է վերջ դնել Լիբանանում «Հեզբոլլահի» հետ մարտերին։ Արդյունքում Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադարձան իրենց տները, թեև լիովին վստահ չեն՝ արդյո՞ք հրադադարի ռեժիմը չի խախտվի:
***
Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած զինված ապստամբները հարձակում սկսեցին Սիրիայում կառավարական զորքերի դեմ։ Արդյունքում Սիրիայում ավելի քան կես դար՝ հեռավոր 1971 թվականից իշխող Ասադների դինաստիան տապալվեց։ Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Բաշար Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նա Մոսկվայում է․ Ռուսաստանի նախագահը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան տվեց։ Ասադի ռեժիմը մեղադրվում է քիմիական զենքով հարձակումների և մի շարք ռազմական հանցագործությունների համար։
***
Քաղաքական ճգնաժամ սկսվեց Ֆրանսիայում։ Առաջին անգամ, 1962 թվականից ի վեր, Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն հայտնեց գործող վարչապետին և նրա նախարարական կաբինետին։ Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ֆրանսիական խորհրդարանի օրակարգում հայտնվեց, երբ գործադիր իշխանությունը, առանց խորհրդարանի հավանության, որոշում կայացրեց 2025 թվականին կրճատել սոցիալական ապահովագրության բյուջեն։ Միշել Բարնիեն վարչապետի պաշտոնում աշխատեց ընդամենը երեք ամիս՝ չկարողանալով անգամ ամփոփել իր գործունեության առաջին 100 օրերը։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ նշանակեց կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին։
Տաթև Ֆռանգյան