Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Լուրեր

13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

Այցը մեկնարկեց «Հյուսիս-Հարավ» ծրագրի Թալին-Լանջիկ հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքի դիտարկմամբ: Ծրագրի պատասխանատուների հետ քննարկման ընթացքում փոխվարչապետին զեկուցվեց, որ այս պահին գրունտային աշխատանքների արագությունը և ծավալը աճել են մոտ 5 անգամ:

Հաջորդ կանգառը Բավրայի սահմանային անցակետն էր: Փոխվարչապետն այստեղ կարևորեց սահմանահատման ընթացակարգերի արդյունավետության բարձրացումը և ժամանակամիջոցի կրճատումը: Նա նաև նշեց, որ անհարաժեշտություն կա մեծացնելու Հայաստան մտնող մեքենաների հոսքը դեպի Բավրայի անցակետ: Այս առումով նա ընթացիկ խնդիր է համարել վրացական կողմում 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգումը, ինչի ուղղությամբ, ըստ փոխվարչապետի, արդյունավետ քննարկումներ կան վրացական կողմի հետ:

Բավրայում փոխվարչապետը այցելեց նաև հնդկաձավարի մթերմամբ, վերամշակմամբ, իրացմամբ զբաղվող «Նոր հատիկ» ընկերություն, ծանոթացավ կատարված աշխատանքներին, արտադրանքին, տեխնոլոգիաներին և խնդիրներին: Ընկերության տնօրենի խոսքով միակ խնդիրը եղել են շուկայում հակամրցակցային պայմանները, որոնք, ըստ գործարարի, հնարավորություն են տվել որոշ տնտեսվարողների մաքսատուրքերից խուսափելու միջոցով ինքնարժեքից ցածր գնով իրացնել ապրանքը: Փոխվարչապետը վստահեցրեց, որ նման հնարավորություն այլևս չի լինելու, և պայմանները լինելու են հավասար բոլորի համար:

Բավրայից պատվիրակությունը ուղևորվեց Գյումրի, որտեղ Շիրակի մարզպետարանում կայացավ ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ մարզպետարանի, կառավարության մարզային ստորաբաժանումների և 42 համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Շիրակի մարզը տնտեսական բոլոր կարևոր ցուցանիշներով զիջում է հանրապետական միջին ցուցանիշներին և այդ է պատճառը, որ կառավարությունը հատուկ ուշադրության է արժանացնելու Շիրակի մարզին: Այդ առումով փոխվարչապետը կարևորեց «Հյուսիս-Հարավ» ծրագրի դերը՝ համոզմունք հայտնելով, որ դրա հնարավորինս արագ կառուցումը և Բավրայի անցակետով հոսքերի ուղղորդումը էապես կաշխուժացնեն տնտեսական կյանքը մարզում: Հաջորդ ոլորտը, որ ըստ փոխվարչապետի պետք է ուղղորդել դեպի Շիրակ, թեթև արդյունաբերությունն է և մասնավորապես տեքստիլ արդյունաբերությունը, որն այդ տարածաշրջանում մեծ ներուժ ունի՝ հաշվի առնելով ազատ և որակյալ աշխատուժը: Տիգրան Ավինյանը նշեց, որ արդեն իսկ կառավարության, ՅՈՒՆԻԴՕ-ի և ՀԲԸՄ-ի միջև ընթանում են բանակցություններ՝ Գյումրիում տեքստիլ արդյունաբերության ուսումնարանի ստեղծման ուղղությամբ, տարվում են բանակցություններ գործարարների հետ՝ մարզում տեքստիլ արդյունաբերական ձեռնարկություններ հիմնելու ուղղությամբ: Սրան զուգահեռ նախապատրաստվում են մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու աշխատանքները, որով հետաքրքրված են մի քանի կառավարիչ-կազմակերպություններ: Բնակարանաշինության մասով էլ փոխվարչապետը նշեց, որ վերջին երեսուն տարում կատարված աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ մոտեցումներ փոփոխելու անհրաժեշտություն կա: Նա հայտարարեց պիլոտային մի ծրագրի մասին, որով նախատեսվում է մինչև դեկտեմբերի 7-ը էներգախնայող մեկ տուն կառուցել, և, եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, կկառուցվեն այդպիսի ևս 500 տներ:

Խորհրդակցության երկրորդ մասը անցավ հարցուպատասխանի ձևաչափով: Համայնքների ղեկավարները բարձրացնում էին սուբվենցիոն ծրագրերին փոքր բյուջեով համայնքների մասնակցության խնդիրներին, համայնքների խոշորացմանը, կարկտահարությունից բերքը պաշտպանելուն, ջրամատակարարմանը առնչվող հարցեր: Փոխվարչապետը խոստացավ դիտարկել սուբվենցիոն ծրագրերի պայմանները փոփոխելու հնարավորությունը, սակայն նշեց, որ ակնհայտ է մեծ բյուջե ունեցող խոշորացված համայնքների առավել մեծ հնարավորությունները կառավարության հետ փոխգործակցության համատեքստում: Կարկտահարության մասով Տիգրան Ավինյանն ասաց, որ երկարաժամկետ կտրվածքով պետք է անցնել հակակարկտային ցանցերի, բայց քանի դեռ դա թանկ հաճույք է, լուծումն ապահովագրությունն է, և որ ապահովագրության պիլոտային ծրագիրը հենց Շիրակում է իրականացվելու:

Գյումրիում հաջորդ կանգառը «Չերքեզի ձոր» կոչվող ռեկրեացիոն գոտում գտնվող ձկնաբուծական ձեռնարկությունն էր: Փոխվարչապետը ծանոթացավ ձեռնարկության պայմաններին, դրա զբոսաշրջային նշանակության բարձրացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ կառավարության անդամներին տվեց հանձնարարականներ:
Այնուհետև կառավարության պատվիրակությունը մեկնեց Մարմաշենի վանք, ծանոթացավ առկա վիճակին, տեղում քննարկվեցին խնդիրները: Փոխվարչապետը հայտնեց, որ մինչև տարեվերջ կկատարվեն նախագծային-նախահաշվային աշխատանքները, իսկ հաջորդ տարի կիրականացվեն վանքի վերականգնման աշխատանքներ, որոնք հիմնովին կլուծեն վթարայնության խնդիրները:

Փոխվարչապետը «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ այցելեց նաև Գյումրու շուկա, Թատրոնի հին շենք և Թումո կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերին, շինարարական աշխատանքներին, կենտրոնի գործունեությանը: Փոխվարչապետը դրական և կարևոր գնահատեց շուկայի վերակառուցման ծրագիրը, դրա սոցիալական ասպեկտը՝ համարելով, որ դա ևս մեկ խթան կդառնա զբոսաշրջիների համար Գյումրին առավել երկարատև ժամանցի քաղաք դարձնելու հարցում, և կարևորեց նաև շուկայի տարածքում այժմ աշխատող ձեռներեցների հետ իրազեկման աշխատանքներ վարելու անհրաժեշտությունը՝ համարելով, որ այս ծրագիրը իր սոցիալական բնույթով պետք է հենվի համերաշխության արժեքների, փոխշահավետության վրա: Թատրոնի հին շենքը, ուր վերակառուցման աշխատանքներից հետո կգործի և՛ «ԹՈւՄՈ» կենտրոն, և՛ թատրոն, փոխվարչապետի կարծիքով, Գյումրու կարևոր կրթական-մշակութային կենտրոններից մեկն է դառնալու:

Կառավարության պատվիրակությունն այցելեց նաև «Արեգակ» ներառական փուռ-սրճարան: Փոխվարչապետը ջերմ մթնոլորտում զրուցեց փուռ-սրճարանի աշխատակիցների հետ, ընդունեց նրանց պատրաստած հյուրասիրությունը և նշեց, որ մեր՝ ներառականության պակաս ունեցող հասարակության համար, նման ջերմ անկյունները չափազանց մեծ սոցիալական նշանակություն ունեն:

Եվ մարզում վերջին կանգառը վարդերի աճեցմամբ զբաղվող ջերմոցային տնտեսությունն էր: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, լսեց գործարարների ոլորտային քաղաքականության վերաբերյալ առաջարկները, ներկայացրեց կառավարության աջակցության հնարավոր ձևաչափերն ու գործող ծրագրերը և խնդրեց իր գրասենյակին պարբերաբար տեղեկացնել, թե նոր սկսող ձեռնարկություններն այս ոլորտում ինչ ժամկետներում են առաջ շարժվում, ինչ բարդությունների են հանդիպում:

Այցի ավարտին փոխվարչապետը նշեց, որ մարզային այցելությունները շարունակական և պարբերական բնույթ են կրելու: