Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի բանաձևից հետո Գերմանիան բավարար չափով չի կատարել իր պարտավորությունը․ ԵԽ պատգամավոր

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող ազգությամբ թուրք պատգամավոր Օզլեմ Ալեվ Դեմիրելը կարծիք է հայտնել, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր հանգրվան էր։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ դա ստիպեր Գերմանիայի հանրությանը հարցը քննարկել ոչ միայն Թուրքիայի և Օսմանյան կայսրության դերի համատեքստում, այլև քննարկել Գերմանիայի պատասխանատվության բաժինը:

Պատգամավորը հիշեցրել է, որ դրանից հետո խոստումներ են տրվել, որ Գերմանիան կանի հնարավորը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորելու համար և արձանագրել, որ ինքն այդ ուղղությամբ Գերմանիայի կողմից շատ բան չի տեսել։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ԵԽ պատգամավորն անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դրա համատեքստում Գերմանիայի ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին բանաձևին։ Պատգամավորն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողություններին և քննադատել Իսրայելին այդ հարցում անվերապահորեն աջակցելու՝ Գերմանիայի կառավարության դիրքորոշումը։ ԵԽ պատգամավորը խոսել է նաև  Գերմանիա-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին։

-2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց  ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, որով որոշ պարտավորություններ ստանձնեց։ Կետերից մեկն էլ հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելն էր։ Որքանո՞վ է այդ բանաձևը կյանքի կոչվում Գերմանիայի գործադիրի կողմից՝ հաշվի առնելով, որ այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթաց է տեղի ունենում։ 

-Գերմանիայի կողմից Ցեղասպանության ընդունումը կարևոր կետ էր։ Ամենակարևորն այն է, որ դա ստիպեր Գերմանիայի հանրությանը հարցը քննարկել ոչ միայն Թուրքիայի և Օսմանյան կայսրության դերի համատեքստում, այլև քննարկել սեփական պատասխանատվության բաժինը: Ցավոք, նման իրավիճակ դեռ չկա։ Վերջին տարիներին մի քանի կարևոր ուսումնասիրություններ են իրականացվել։ Այո, ինչպես ասացիք, որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Խոստումներ տրվեցին, որ Գերմանիան կանի հնարավորը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորելու համար։ Արդյոք բավականաչափ արե՞լ են դա: Այս հարցը պետք է Ձեզ տալ: Ես շատ բան չեմ տեսնում: Ընդհակառակը, կարծես հող ենք նախապատրաստում և աջակցում պատերազմների սրմանը։

Այնուամենայնիվ, այն, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է, պետք է լինի դիվանագիտության ամրապնդումը, պատերազմների հավանականության նվազեցումը: Կարծում եմ՝ այս պահին Գերմանիան բավարար չափով չի կատարել իր պարտականությունը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերջին շրջանում առանձնապես չեն բարելավվել։ Ընդհակառակը, Թուրքիան մինչ օրս Ցեղասպանությունը չի ճանաչում։ Սա նույնպես մեծ խնդիր է։ Բայց պետք է ընդգծել՝ Թուրքիայի բոլոր դեմոկրատական, ​​առաջադեմ ու ընդդիմադիր ուժերն ընդգծում են, որ  տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Այս հարցում Հրանտ Դինքը շատ բովանդակալից անուն էր Թուրքիայի առաջադեմ ուժերի համար։ Հրանտ Դինքը սպանվեց փողոցի մեջտեղում, և ոչ ոք, այդ թվում՝ Գերմանիան, այլևս չի քննարկում Դինքի սպանությունը։ Սա իսկապես անընդունելի է։ Որովհետև Հրանտ Դինքի բռնած գիծը այս հարաբերությունների, պետությունների հարաբերությունների կարգավորման գիծն էր։ Դա ժողովուրդների եղբայրության վրա հիմնված գիծ էր։ Գերմանիան իբր քննադատել է Դինքի սպանությունը, բայց արդյոք այն բավարար չափով դատապարտե՞լ է։ Հարցն այս տեսանկյունից էլ կարելի է քննարկել։

-Անցյալ շաբաթ ԵԽ-ն ընդունեց մի բանաձև, որը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության իրավիճակն ու հարցականի տակ դնում այդ երկրի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նմանատիպ բանաձևեր անցյալում էլ են ընդունվել, բայց թվում է, թե ԵՄ գործադիրն այդքան էլ ականջալուր չի լինում օրենսդիրի պահանջներին։ Ինչպե՞ս եք բացատրում այս ֆենոմենը։ 

-Թերևս, պետք է ընդգծել, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար շատ կարևոր է թե՛ իր ստորգետնյա ռեսուրսներով, թե՛ աշխարհագրական դերով պայմանավորված։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պայմաններում ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն որոշել են գործել իրենց իսկ աշխարհաքաղաքական շահերին համապատասխան՝ վարել պատերազմը երկարացնելուն ուղղված, այլ ոչ թե որքան հնարավոր է շուտ ավարտելու քաղաքականություն: Այս քաղաքականությունն արտացոլվել է զենք ուղարկելու և տնտեսական ու  ռեսուրսային ներդրումների միջոցով։ ԵՄ-ն մի կողմից ասաց՝ «ռուսները հարձակվեցին հարևան երկրի վրա, մենք այլևս գազ չենք գնի Ռուսաստանից», բայց միևնույն ժամանակ գազային պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի հետ՝ մոռանալով Ադրբեջանի նույնանման հարձակումը Ուկրաինայի վրա Ռուսաստանի  հարձակումից առաջ։ Սա, իհարկե, վկայում է այն մասին, որ ԵՄ-ի և ընդհանրապես արևմտյան երկրների արտաքին քաղաքականությունը հիմնված էր ոչ թե մարդու իրավունքների, այլ շահերի վրա։ Գազային ռեսուրսների ձեռքբերման հետ միասին նաև հատուկ հարաբերություններ ստեղծվեցին։ Միաժամանակ ԵՄ-ն Հայաստանին դեպի իր կողմը քաշելու քաղաքականություն վարեց։

Եվրախորհրդարանի օրակարգը ստեղծվել է Բաքվում կայանալիք COP 29-ի շրջանակներում։ Սա, իհարկե, կարևոր կետ է, բայց ամենից առաջ հստակ բացահայտում է ԵՄ-ի կեղծավոր քաղաքականությունը։ Այլ շրջաններում վաղուց գոյություն ունեցող իմպերիալիստական իշխանության կռիվներն ավելի բացահայտ կենտրոնացել են իրենց սեփական կենտրոններում, և մինչ նրանք հաստատվում են այդ կենտրոններում, այժմ նոր ուժեր են ստեղծում իրենց շահերով հանդերձ՝ լինի դա Միջին Արևելքում, Եվրոպայում, Կովկասում, թե Չինաստանում։ Ադրբեջանն այս պահին կարևոր է ԵՄ-ի համար։ Պետք է ընդգծել, որ ԵՄ-ն չունի հարձակումների ենթարկվող մարդկանց պաշտպանելու և նրանց իրավունքները պաշտպանելու ավտոմատ քաղաքականություն։ Թող այդպիսի սխալմունք չլինի: Կարևորն այն է, որ մարդիկ այժմ կարողանան շատ այլ դեր խաղալ ժողովրդավարության, խաղաղության և հավասարության համար իրենց պայքարում:

-Գերմանիան անվերապահորեն սատարում է Իսրայելին։ Ինչպիսի՞ արձագանք ունի այս մոտեցումը հանրության շրջանում։ 

-Այո, Գերմանիայի կառավարությունը, ինչպես նաև ընդդիմադիր պետական ​​կուսակցությունները բացահայտորեն կողմ են Իսրայելի ցեղասպան պատերազմին: Գերմանական պետական ​​քաղաքականությունը միշտ հայտարարում է իր անվերապահ աջակցությունն Իսրայելին՝ ընդգծելով, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում Իսրայելի հանդեպ՝ իր պատմության, հրեաների դեմ իրականացված սարսափելի և պատմականորեն անհամեմատելի ջարդերի պատճառով։ Սա գերիշխող միտք է գերմանացիների շրջանում՝ կապված Գերմանիայի պատմության հետ, և, իհարկե, նրանց համար կարևոր և ճիշտ է առանձնահատուկ զգայունություն ցուցաբերել հակասեմականության նկատմամբ։ Սակայն Իսրայելի պետական ​​քաղաքականությունը քննադատելն ամենևին էլ չի ​​նշանակում հակասեմականություն հրահրել։ Ճիշտ և կարևոր է, որ Գերմանիայի ժողովուրդը պատմական զգայունություն ունենա հակասեմականության նկատմամբ, բայց ներկայիս կառավարությունը և գերմանական պետական ​​քաղաքականությունը սա օգտագործում են իրենց մերձավորարևելյան քաղաքականության համար, և, իհարկե, լիովին անընդունելի է ծայրահեղ աջ կառավարությանն անվերապահորեն աջակցելը կամ լռելը՝ նրա կողմից միջազգային իրավունքով պաղեստինյան տարածք համարվող տարածքների օկուպացիայի պայմաններում։  Միջազգային դատարաններում ընդգծվել է, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կոտորած է իրագործում, և լիովին անընդունելի է, որ Գերմանիան շարունակում է զենք ուղարկել՝ չնայած այս որոշումներին։ Սա կարող ենք տեսնել նաև հասարակության արձագանքում։

Գերակշռում է հետևյալ կարծիքը. իհարկե, մենք հատուկ պատասխանատվություն ունենք հրեա ժողովրդի հանդեպ, բայց Գերմանիայում կա մեծամասնություն, որն ասում է, որ այս պատերազմին ավելի շատ զենք մատակարարելը ճիշտ մոտեցում չի կարող լինել, և սա շատ կարևոր է։ Պետք է իմանալ, որ գերմանական մամուլում չեք կարող շատ բան կարդալ այս կոտորածում Իսրայելի կողմից մարդու իրավունքները ոտնահարելու մասին, այսինքն՝ չեք կարող կարդալ, որ Իսրայելը ներկայում անընդունելի պատերազմի մեջ է: Ընդհակառակը, Գերմանիայում մամուլը խնդրին միշտ մոտենում է Իսրայելի տեսանկյունից։ Բայց, չնայած դրան, գերմանացի ժողովուրդն ընդգծում է, որ այլևս չի կարող այսպես շարունակվել։ Հարցի իրական նախապատմությունը ոչ թե Գերմանիայի կողմից հրեաների դեմ իրականացված ջարդերն են, այլ այն, որ Գերմանիան և ԱՄՆ-ն ​​գործում են Միջին Արևելքում իրենց քաղաքական և աշխարհաքաղաքական շահերին համապատասխան: Սա է իրական պատկերը։

Մեկ այլ երկիր, որ Իսրայելի հետ հակասական հարաբերություններ ունի, Թուրքիան է։ Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարները վերջին երկու ամսում երկու անգամ հանդիպել են։ Ի՞նչ նշանակություն ունի սա թուրք-գերմանական հարաբերությունների համար։

Իրականում երկու կետ կա։ Առաջինն, ամենայն հավանականությամբ, Գերմանիայում մարդու իրավունքներն անտեսող ներգաղթի մասին բանավեճն է։ Ներկայում, ծայրահեղ աջերի վերելքով պայմանավորված, հնարավորինս ներգաղթյալների, փախստականների չընդունելու, փախստականների միջազգային իրավունքը իսկապես ոտնահարելու քաղաքականություն է վարվում։

Փախստականների հարցում կային որոշ անընդունելի համաձայնագրեր, քանի որ Թուրքիան հանդիսանում էր փախստականների դարպասը՝ հատկապես Սիրիայից: Վերջին տարիներին Եվրոպա և Գերմանիա ժամանած փախստականների մեծ խմբերի թվում են հատկապես քրդերը, բայց նաև Թուրքիայի ընդդիմությունը։ Դռները փակելու շուրջ բանակցություններ են ընթանում Թուրքիայի հետ։

Երկրորդ, անկասկած հայտնի է, որ Թուրքիան էլ կարևոր դեր ունի միջինարևելյան քաղաքականության մեջ, և որ գլխավոր դարպասն է Եվրոպայի և Միջին Արևելքի միջև։ Մինչ ԱՄՆ-ն ժամանակին այս պատերազմը կասեցնելու քաղաքականություն էր վարում, այժմ բացահայտորեն աջակցում է Իսրայելին։ Մենք հստակ տեսնում ենք, որ Արևմուտքն ու Գերմանիան երկերեսանի են։

-Այս համատեքստում ի՞նչ փուլում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները։  Աչք փակելը շարունակվո՞ւմ է: Որտե՞ղ և ինչպե՞ս կփոխվի այս քաղաքականությունը։ 

-Աչք փակելու այս քաղաքականությունը միշտ էլ գերիշխող է եղել։ Անկասկած, դժգոհություն կար Թուրքիայի վերջին 5 տարվա ռազմական որոշ քայլերից՝ Միջերկրական ծովում, Լիբիայում առկա խնդրի կամ հայ-ադրբեջանական պատերազմում նրա դերի հետ կապված։ Սակայն Էրդողանի ռեժիմը կարողացավ հաղթել ընտրություններում և Թուրքիայի հանդեպ աչք փակելը վերջինի աշխարհաքաղաքական դերի շնորհիվ նորից գերիշխող դարձավ։ Ներկա իրավիճակում, ինձ թվում է, եթե գոնե կապենք Բահչելիի վերջին հայտարարության հետ, ապա ԱՄՆ-ն Թուրքիային խրախուսում է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում այլ դեր ստանձնի Միջին Արևելքում։

Երբ նայում ենք Բահչելիի քայլին, բոլորը զարմանում ու հարցադրում են անում, թե ինչո՞ւ է Թուրքիայի բացահայտ ֆաշիստը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել քրդերի դեմ ջարդերի համար, նման հայտարարություն անում և խոսում Օջալանի հետ բանակցությունների դուռը բացելու մասին։ Իհարկե, նա դա արել է Էրդողանի կառավարության հետ համագործակցությամբ։ Թերևս, այստեղ պետք է հաշվի առնել այն հավանականությունը, որ մերձավորարևելյան պատերազմը մոտակա ժամանակաշրջանում կարող է այլ բնույթ ստանալ։ Թուրքիան կարող է ավելի տարբեր դեր խաղալ, եթե քաղաքականապես լուծի իր ներքին խնդիրը, այսինքն՝ քրդական հարցը։ Օգտակար է այս համատեքստում դիտարկել  Արևմուտքի՝ Թուրքիային ուղղված քաղաքականությունը։