2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը. Զ. Մնացականյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի ելույթում, մասնավորապես, ասվում է.

 

«Շնորհակալություն,
Պարո՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սա նախարարի կարգավիճակում իմ առաջին ելույթն է Մարդու իրավունքների խորհրդում, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ձեզ ներկայացնռլու Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի մեր տեսլականը:

Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի տարբեր քաղաքների և ավանների փողոցներ՝ խաղաղ կերպով բողոքի  բարձրաձայնելու իշխանությունների և արդարադատությունն ու օրենքի գերակայությունը խաթարող բացասական երևույթների դեմ: Նրանք պահանջում էին հասարակական հարցերին անմիջական և լսելի մասնակցություն։ Ակնհայտորեն Հայաստանում հասարակական բողոքներն ի ցույց դրեցին մեր քաղաքացիական հասարակության զորությունը: Նրանք ցույց տվեցին Հայաստանի հասարակության էվոլյուցիան դեպի քաղաքական հասունության և իրավական գրագիտության առավել բարձր մակարդակը:

Հայաստանում փոփոխությունները խիստ ներքին բնույթ էին կրում և ակնհայտորեն պայմանավորված էին ներհայաստանյան իրողություններով: Դրանք իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար, իսկ փոփոխության առաջնագծում կանգնած էին մասնավորապես կանայք և երիտասարդները։ Հայաստանը հպարտ է իր իրավունքների և ազատությունների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնած կենսունակ և գործունակ սերնդով:

Խաղաղ զանգվածային հանրահավաքներից և իշխանության նույնքան խաղաղ փոխանցումից հետո ընտրվեց նոր կառավարություն: Նախորդ չորս ամիսների ընթացքում ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության և մանդատի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների օրակարգի իրագործմանը` ուղղված կայուն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և խթանմանը, ուժեղ և անկախ դատական իշխանությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին և բոլորի համար հավասար ու արդար պայմանների խթանմանը` թե՛ տնտեսական և թե՛ հասարակական կյանքում: Այս նպատակները գերակշռում են կառավարության ծրագրում:

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը կարևորագույն տեղ է զբաղեցնում կառավարության առաջնահերթությունների շարքում: Մոտ մեկ շաբաթից կայանալու են մայրաքաղաք Երևանի համայնքային ընտրությունները: Կառավարությունը, խորհրդարանը և բոլոր համապատասխան հաստատությունները պատրաստում են անհրաժեշտ իրավական փոփոխություններ և ինստիտուցիոնալ կարողություններ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք կամրապնդեն Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը և ճշգրտորեն կարտացոլեն ներկայիս քաղաքական համայնապատկերը: Այս բոլոր բարեփոխումների իրականացումը դյուրին գործ չէ, իհարկե, առկա են բազմաթիվ մարտահրավերներ: Այնուամենայնիվ, բարեփոխումների գլխավոր նպատակը իշխանության վճռական քաղաքական կամքն է՝ ամրապնդված ժողովրդի ուժեղ մանդատով: Այս բոլոր առաջնահերթություններում Հայաստանը հաջողությամբ և արդյունավետ համագործակցում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ժողովրդավարության իր օրակարգի հետ միասին կառավարությունը նաև ամրապնդում է զարգացման բարեփոխումների օրակարգը։ Ժամանակակից փոփոխությունների ալիքը ներառում է կյանքի յուրաքանչյուր ոլորտ։ Բարձր տեխնոլոգիաները և ստարտափերը, ստեղծարար կրթությունը և նորարարությունը սահմանում են մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը՝ վստահորեն ներառելով ազգային տաղանդի՝ խելացի զարգացման համար շարժիչ ուժ լինելու հանգամանքը։

Նորարարության, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիաների կիրառման համար նպաստավոր միջավայրը Կառավարության ռազմավարական գերակայություններից են: Հաճախ, կառավարությունները պետք է միայն աջակցեն և խրախուսեն մասնավոր նախաձեռնությունները և պետական ու մասնավոր սեկտորների միջև գործընկերությունը։ Միայն մեկ պարզ օրինակ բերեմ՝ ամեն տարի հազարավոր երիտասարդներ գրանցվում են Հայաստանի տեխնոլոգիական կենտրոններում անվճար բարձրակարգ ստեղծարար կրթության և տեխնոլոգիաների դասընթացներին մասնակցելու համար և սովորում են ստեղծարարությունը ու նորարարությունը սերնդի հարստության վերածելու ուղիները:

Պարո՛ն նախագահ,

Միջազգային հանրությունը բոլոր մակարդակներում պետք է շարունակի վճռականորեն հակազդել այնպիսի վտանգավոր երևույթներին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների շահագործումը՝ ատելություն և անհանդուրժողականություն սերմանելու նպատակով: Պատմությանը քաջ հայտնի են անսանձ ատելության հետևանքները: Պետք է հիշել, որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն:

Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք:

Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի:

Հայաստանը վերահաստատում է իր հստակ աջակցությունը մարդու իրավունքների համընդհանրությանը և դրանց՝ հավասար հիմքերի վրա կիրառելիությանը՝ առանց ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և այլ հիմնարար գործիքներին որևէ խտրականության և հակադրության: Միաժամանակ, «ոչ մեկին դուրս չթողնելու» հանձնառությունը 2030թ. Կայուն զարգացման օրակարգի հիմնասյունն է: Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար: Մինչդեռ, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման  և խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկված նախաձեռնություններում և համագործակցել է Կազմակերպության բազմաթիվ կառույցների և ստորաբաժանումների հետ։ Հայաստանը ստորագրել է միջազգային բազմաթիվ պայմանագրեր՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար գործիքակազմի վերաբերյալ։ Հայաստանի կողմից վավերացված կամ միացած միջազգային պայմանագրերը մեր պետության իրավական համակարգի անբաժան մասն են կազմում և գերակայություն ունեն ազգային օրենքների նկատմամբ։

2006թ․ ի վեր Հայաստանի կառավարությունը երկարաձգել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հատուկ ընթացակարգերի գործող հրավերը։ Շուտով մենք կունենանք հանրահավաքների ազատության վերաբերյալ հատուկ զեկուցողի։

Հայաստանը վճռականորեն աջակցում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին՝ որպես մարդու իրավունքների հետ կապված հաջողությունների և մարտահրավերների գնահատման գործիք: Որպես լավ փորձ՝ մենք կամավոր սկզբունքով ներկայացրել ենք Համընդհանուր պարբերական դիտարկման միջին ժամկետային զեկույցներ:

Հայաստանը ստեղծել է զեկույցների և գործունեության համակարգման ներքին կառուցակարգ՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմներից բխող առաջարկություններով: Արտաքին գործերի նախարարությունը մշակել է բոլոր ազգային պարտավորությունների համակարգված տվյալների բազա և բացահայտել է կիրարկման և հատուկ մոնիթորինգի մեխանիզմների հետ համագործակցության համար պատասխանատու նախարարությունների համակարգման կենտրոնները: Այս ազգային մեխանիզմը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրի հետ միասին, կազմում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժան մասը և ամուր հարթակ է հանդիսանում կառավարության  և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ի տարբեր կառույցներին ներկայացնելու համար պարբերական զեկույցների նախապատրաստումը, որոնք կազմվում են հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ և հանրային լայն խորհրդակցությունների արդյունքում: Օգոստոսի սկզբին կազմակերպվել էր «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» պակտի կիրարկման համար զեկույցի նախագծի վերաբերյալ հանրային վերջին քննարկումը:

Պարո՛ն նախագահ, եզրափակելով խոսքս կցանկանայի մատնանշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հայաստանի նոր Կառավարությանը հաջողվեց էականորեն առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները` համապարփակ և անդառնալի կերպով: Կառավարությունն ունի հսկայական հանրային աջակցություն Թավշյա հեղափոխության գաղափարները առաջ մղելու համար, և վճռական է կյանքի կոչել բարեփոխումների հավակնոտ օրակարգը: