Վերջին 6 տարում միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու պատճառով 5000-ից ավելի գործի քննություն է վերսկսվել

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հարազատները դեպքից 11 տարի անց դեռևս պահանջում են արդարացնել Ավետիք Բուդաղյանին: Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն արդեն 6 դատավոր է քննել, բայց  որևէ մեկն ավարտին չի հասցրել. դատավորները տեղափոխվել են այլ դատարան, կասեցվել են նրանց լիազորությունները  և նմանատիպ այլ պատճառներ: Փաստաբան Հայկ Ալումյանն արդեն 11 տարի է՝ այս գործով է զբաղվում:

Ինչ է տեղի ունեցել 11 տարի առաջ 

2013 թվականի հունիսին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով մահացավ Ավետիք Բուդաղյանը: Այս դեպքից հետո մեղադրանք առաջադրվեց մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և նրանց մտերիմ Զարզանդ Նիկողոսյանին: Երկար ժամանակ չանցած՝ գործով քննիչը որոշում կայացրեց, որում գրված էր, թե դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, սպառնացել, կրակոցներ արձակել, ինչի  հետևանքով  Խաչատրյանների մտերիմ Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածք է ստացել: Այս գործողությունները նկարագրելուց հետո քննիչը որոշում էր կայացրել Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել այն պատճառով, որ նա մահացած է: Փաստացի ստացվում է, որ առանց դատավճռի՝ քննիչի որոշմամբ, Ավետիք Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար: Այս որոշմամբ արդեն հաստատված համարելով Ավետիք Բուդաղյանի հանցավոր գործողությունները՝ քննիչը որոշում էր կայացրել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրանց մտերիմ, միջադեպի մասնակից Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նրանք դիմել են անհրաժեշտ պաշտպանության:

Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր թե՛ նախկին մարզպետի որդու և նրանց մտերիմ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, թե՛ Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ նա սպանության փորձ է կատարել և ծանր մարմնական վնասվածք պատճառել, բայց մահվան հիմքով նրա նկատմամբ հետապնդում չի իրականացվել:

Հայկ Ալումյանի ներկայացմամբ՝ մարզպետի որդու և նրանց մտերիմ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ իրենց բողոքները հասել են մինչև Վճռաբեկ դատարան, բայց որոշումն անփոփոխ է մնացել:

Ինչ վերաբերում է Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ բողոքին, փաստաբանը նշել էր, որ քննիչի որոշմամբ անձը չի կարող մեղավոր ճանաչվել սպանության փորձ կատարելու մեջ: Այս գործով պաշտպանական կողմն ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել, որը քննության է ընդունել բողոքը, և այն ժամանակ, երբ արդեն կանխատեսելի էր, որ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու, Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է վերացնել քննիչի որոշումը՝ պատճառաբանելով, որ Ավետիք Բուդաղյանը միայն դատարանի դատավճռով կարող էր մեղավոր ճանաչվել: Այսպիսով, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ քննության:

«Հիմա մենք Ավետիք Բուդաղյանի մեղադրանքից պաշտպանվում ենք, փորձում ենք հասնել նրան, որ դատարանն արդարացնի Ավետիք Բուդաղյանին։ Երբ կարդարացվի, դրանից հետո կվերադառնանք Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններին, և արդարությունը կվերականգնվի»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Ահա այս գործն է, որ արդեն 6-րդ դատավորին է մակագրվում:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ առաջին անգամ գործը դատարան է ուղարկվել 2020 թվականի հունիսի 2-ին: Ստորև ներկայացնում ենք, թե դատավորներից ով ինչ պատճառով չի ավարտել այս գործի քննությունը:

Նապոլեոն Օհանյան

Գործն առաջին անգամ մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ քննել է նույն միջադեպի առթիվ մեկ այլ մեղադրյալի՝ Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանի վերաբերյալ գործը և նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացրել:

Հրաչյա Մեխակյան

Նապոլեոն Օհանյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին: Այս դատավորի վարույթում գործը գտնվել է 6 ամիս, ապա նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Արմավիրի մարզ՝ չավարտելով գործի քննությունը:

Բորիս Բախշիյան

2020 թվականի դեկտեմբերի 12-ին գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին: Դատավորի վարույթում գործն ավելի քան 1 տարի քննվել է, սակայն 2022 թվականի փետրվարին Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Բախշիյանի լիազորությունները կասեցնել: Նրա վարույթում առկա բոլոր գործերը մակագրվել  են այլ դատավորների:

Լուսինե Սեփխանյան
2022 թվականի փետրվարի 2-ին Ավետիք Բուդաղյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին: Այս դատավորի վարույթում գործի քննությունը գրեթե ավարտական փուլում էր, երբ նա Սյունիքի մարզից տեղափոխվեց այլ՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կրկին չհասցնելով ավարտել գործի քննությունը:

Մուշեղ Արամյան

2023 թվականի փետրվարի 10-ին գործը մակագրվեց դատավոր Մուշեղ Արամյանին: 5 ամիս անց՝ 2023-ի հուլիսի 18-ին, այս դատավորը ևս ԲԴԽ-ի որոշմամբ տեղափոխվեց այլ դատարան, և գործի քննությունը սկսվեց նորից:

Վարսենիկ Մելքոնյան

2023-ի հուլիսի 18-ին գործը մակագրվել է դատավոր Վարսենիկ Մելքոնյանին ու այժմ գտնվում է այս դատավորի վարույթում:
Այսինքն՝ գործով 6 դատավոր է փոխվել, ընդ որում, նրանց մեծ մասը՝ ԲԴԽ որոշումների հետևանքով, որով խախտվել են ողջամիտ ժամկետում գործը քննելու՝ շահագրգիռ անձանց իրավունքները։

Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 11-ի որոշմամբ՝ նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սակայն ԲԴԽ-ի մեկ այլ որոշմամբ նա մինչև 2024-ի տարեվերջ գործուղվել է Սյունիքի մարզի դատարան և կշարունակի քննել այս դատարանում իր վարույթում գտնվող գործերը: Եթե Մելքոնյանը մինչև տարեվերջ չավարտի նախկին մարզպետի որդուն առնվող գործի քննությունը և տեղափոխվի Շիրակի մարզ, այն կմակագրվի 7-րդ դատավորին:

Շիրակի մարզի փաստաբանների գործադուլը

Վերը նշվածը դատավորների տեղափոխության միակ խնդրահարույց  դեպքը չէ: 2023 թվականի մարտին Շիրակի մարզի փաստաբանները գործադուլ նախաձեռնեցին՝ ահազանգելով այն մասին, որ մարզի դատավորները ԲԴԽ որոշումներով անընդհատ տեղափոխվում են այլ դատարաններ՝ այսպիսով կիսատ թողնելով իրենց վարույթի գործերը: Փաստաբանները պահանջում էին, որպեսզի ԲԴԽ-ն դադարեցնի այդ գործելաոճը:

Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստաբանների ահազանգելուց ընդամենը 1 ամիս առաջ մարզում քրեական գործեր քննող միանգամից 4 դատավոր էր տեղափոխվել Երևան: Նրանց վարույթներում առկա շուրջ 300 գործի քննություն սկսվել էր նորից:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ գործի մասին էլ փաստաբան Արսեն Սարդարյանն է պատմում. այս գործով տուժողի շահերն է ներկայացնում ու արդեն 4-րդ անգամ դատավորների փոփոխությունների հետևանքով գործի քննությունը սկսվել է նորից՝ տուժողներին հոգեբանական ծանր վիճակի մեջ դնելով:

Ինչպես բալանսավորված որոշումներ կայացնել

Փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ դատավորների տեղափոխությունների հետևանքով նրանց վարույթի գործերի վերամակագրումը մեծ խնդիր է  ստեղծում դատական համակարգի համար: Այս երևույթը ոչ միայն գործերի ձգձգման, այլ նաև դատավորների վարույթում գործերի կուտակման պատճառ է դառնում: Խնդիրը պետք է լուծում ստանա, սակայն, ըստ փաստաբանի, լուծումն այն չէ, որ դատավորները չպետք է տեղափոխվեն:

«Այդպես չի լինի. դատավորները, իհարկե, պետք է տեղափոխվեն, պետք է առաջխաղացման հնարավորություն ունենան»,- ասում է Հայկ Ալումյանը և որպես հնարավոր լուծում՝ առաջարկում օրենսդրական կարգավորում: 

Ըստ փաստաբանի՝ երբ դատավորը մի դատարանից մյուսն է տեղափոխվում, պետք է օրենսդրորեն իրավունք ունենա իր  վարույթում եղած գործերը շարունակելու և ավարտելու, օրինակ՝ շաբաթական երկու օր դատավորը կարող է աշխատել այն դատարանում, որտեղից տեղափոխվել է, մինչև կավարտի այնտեղ կիսատ թողած գործերը,  և սա չպետք է ընկալվի այնպես, որ գործը քննում է ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

Փաստաբանի խոսքով՝ լուծում կարող էր լինել նաև այն, որ նոր դատավորը գործի քննությունը սկսեր այն կետից, որ կետից  նախորդ դատավորն էր ընդհատել, բայց դիտարկում է, որ  դա գործի որակի վրա բացասաբար կանդրադառնա: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործի բոլոր ապացույցներն ու այլ նյութերը ենթակա են անմիջական հետազոտման (անմիջականության սկզբունք):

Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատարանի և դատական վարույթի մասնակիցների միջև բոլոր շփումները, այդ թվում՝ նրանց ելույթները, միջնորդությունները և հայտարարությունները կատարվում են բանավոր,  բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը դատական նիստում ենթակա են անմիջական հետազոտման դատարանի և դատական վարույթի մասնակիցների կողմից և  դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն դատական նիստում հետազոտված ապացույցները:

Փաստաբան Արսեն Սարդարյանը նկատում  է, որ այս պահին ԲԴԽ-ի կողմից ձևավորված պրակտիկա կա, որն ինչ-որ չափով խնդիրը կարգավորում է. երբ առաջին ատյանի  դատավորը տեղափոխվում է առաջին ատյանի մեկ այլ դատարան, օրինակ մարզից Երևան, նրան անմիջապես գործուղում են հին աշխատավայրի դատարան,  և այս դեպքում գործերի վերամակագրում տեղի չի ունենում: Այսինքն՝ թեև դատավորը նշանակվում է այլ դատարանում, գործուղման միջոցով շարունակում է իր աշխատանքը այն դատարանում, որտեղից տեղափոխվել է ու գործուղման ժամկետի  ընթացքում կարողանում  է քննել  իր վարույթում առկա գործերը:

Բայց այս  գործիքը, ըստ փաստաբանի, կիրառելի չէ, երբ դատավորը տեղափոխվում է այլ ատյանի դատարան, օրինակ՝ ընդհանուր իրավասության դատարանից Վերաքննիչ դատարան: 

«Այս առումով մենք խնդիր ունենք,  և կարելի է օրենսդրությունը զարգացնել, օրինակ՝ ԲԴԽ-ի համար օրենքով լիազորություն սահմանել, որ առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորին վերադաս ատյանում  նշանակելու դեպքում նույն հրամանով հետաձգվի նախագահին առաջարկություն ներկայացնելու ժամկետը մինչև 6 ամիս՝ պահպանելով դատավորին նույն դատարանում: Եթե  վեցամսյա ժամկետ սահմանվի, և այդ 6 ամսվա ընթացքում դատավորի մակագրման համակարգը փակվի, այսինքն՝ նրան նոր գործեր չմակագրվեն, ապա դատավորը  կկարողանա էականորեն բեռնաթափել իր վարույթում առկա գործերը»,-լուծում է առաջարկում Արսեն Սարդարյանը:

Բարձրագույն դատական խորհրդի որոշումների պրակտիկայում  մեկ այլ տենդենց ևս նկատվում է. դատավորները որևէ դատարանում նշանակվելուց ամիսներ անց արդեն տեղափոխվում են այլ դատարան, որը ողջամտորեն հանգեցնում է նրանց վարույթում առկա առնվազն առանձնակի բարդության գործերի ձգձգման:

Օրինակ՝ դատավոր Գագիկ  Հարությունյանը Երևանի դատարանի դատավոր է նշանակվել 2023 թվականի հուլիսի 14-ին և ընդամենը 3 ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին տեղափոխվել է Կոտայքի մարզ։

Դատավոր Մակար Կիրակոսյանը 2023 թվականի հունվարի 30-ին նշանակվել է Շիրակի մարզի դատարանի դատավոր, երկու շաբաթ անց՝ փետրվարի 13-ին նշանակվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր։

Դատավորներ Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը և Էդուարդ Մկրտչյանը 2022 թվականի ապրիլի 28-ին նշանակվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  և 2023-ի հունվարին տեղափոխվել Երևանի դատարան։

ԲԴԽ-ի  2021 թվականի որոշման համաձայն՝ առանձնակի բարդության գործերի քննության առավելագույն ուղենշային ժամկետը 2 տարի է, սակայն  պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ մասնագիտացված և գործերն արագ քննելու նպատակով ստեղծված Հակակուռուպցիոն դատարանում առանձնակի  բարդության գործերի քննությունը 2 տարում չի ավարտվում, տևում է ավելի երկար: Այսինքն՝ հավանականությունը, որ որևէ դատարանում ամսիներ կամ նույնիսկ մեկ տարի պաշտոնավարած դատավորը կարող է ավարտել իր վարույթում առկա  առանձնակի բարդության գործի քննությունը՝ քիչ հավանական է: Այս դեպքում որքանո՞վ է ողջամիտ մի քանի ամիս որևէ դատարանում պաշտոնավարած դատավորին տեղափոխել այլ դատարան: Արդյոք պետք է օրենսդրորեն ամրագրել, որ դատավորը որևէ դատարանում նշանակվելուց հետո չի կարող որոշակի ժամկետով տեղափոխվել այլ դատարան: Արսեն Սարդարյանը կարծում է, որ  այսպիսի օրենսդրական սահմանափակումը խնդիրներ կարող է առաջացնել, և այստեղ որոշում կայացնող ԲԴԽ-ն է, որ պետք է բարեխիղճ գործի:

«Նշանակումներ կատարելիս պետք է  հաշվի առնել, որ եթե այս դատավորը կոնկրետ դատարանում նոր է նշանակվել, և,  այսպես ասած, դեռ արդյունք չի տվել, ապա նրան չպետք է տեղափոխել այլ դատարան, ողջամտորեն մեկուկես,  երկու տարի դատավորը  պետք է աշխատի  նույն տեղում: Պետք է բացառիկ լինեն այն դեպքերը, երբ դատավորը նշանակվելուց  մեկ -երկու ամիս անց տեղափոխվում է այլ դատարան, իսկ տեղափոխվելու դեպքում պետք է ծանրակշիռ հիմնավորումներ լինեն դրա համար»,- նշում է Սարդարյանը:

Դատավորների լիազորությունների  դադարեցման պատճառով վերամակագրումներ

Դատական պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, երբ դատավորների վարույթում առկա գործերը վերամակագրվում են այլ դատավորների, քանի որ դադարեցվում են նրանց լիազորությունները:

Ուսումնասիրել ենք, թե 2018 թվականից ի վեր կարգապահական վարույթների հետևանքով լիազորությունները դադարեցված դատավորների վարույթներում քանի գործ է առկա եղել նրանց լիազորությունները դադարեցնելու պահի դրությամբ, որոնք վերամակագրվել են այլ դատավորների:

2018 թվականից ի վեր դադարեցվել են Երևանի քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի, Աննա Փիլոսյանի, Զարուհի Նախշքարյանի, Արթուր Ստեփանյանի, Սիմա Իսկանդարյանի Ռուբեն Վարդազարյանի, Արայիկ Մելքումյանի լիազորությունները:

Նույն ժամանակահատվածում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի երկու դատավորի լիազորություն է դադարեցվել՝ Գագիկ Խանդանյան և Աստղիկ Խառատյան:

Վճռաբեկ քաղաքացիական պալատից դադարեցվել են դատավորներ Սուրեն Անտոնյանի, Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի լիազորությունները:

Այժմ տեսնենք, թե այս դատավորներից յուրաքանչյուրի վարույթում լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ քանի գործ է եղել, որոնք վերամակագրվել են այլ դատավորների:

Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են  2022 թվականին, վարույթում եղել է 1375 գործ:

Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են 2022-ին, վարույթում եղել է 1029 գործ:

Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են 2023-ին, վարությում եղել է 1050 գործ:

Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են 2024-ին, վարույթում եղել է 348 անավարտ գործ:

Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվել են 2023 թվականին՝ կենսաթոշակային տարիքի հասնելուց 1 օր առաջ։ Վարույթում եղել է1429 գործ, սակայն դրան վերամակագրվելու էին այլ դատավորի նաև այն դեպքում, երբ ԲԴԽ-ն ոչ թե մեկ օր առաջ, այլ կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցներ դատավորի լիազորություները։

Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարել են 2019 թվականին, վարույթում եղել է 939 գործ։

Ռուբեն Վարդազարյանի վարույթում անավարտ գործեր չեն եղել, քանի որ նրա լիազորությունները դադարեցնելուց առաջ արդեն իսկ քրեական վարույթի պատճառով կասեցված էին նրա լիազորությունները:

Նաիրա Մխիթարյանի լիազորությունները դադարել են 2020 թվականին։ Վարույթի գործերից 748-ն են փոխանցվել այլ դատավորի կազմ։

Վերաքննիչ  քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում լիազորությունները դադարեցնելիս եղել է 65 գործ, նույն դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի վարույթում՝ 99 գործ:

Վճռաբեկ դատարանի գործերի վերաբերյալ վիճակագրությունը վարվում է ըստ այս դատարանի պալատներում քննված գործերի, ուստի առանձին դատավորների գործերի վերաբերյալ տվյալներ առկա չեն:

2018-ից  առ այսօր կարգապահական վարույթներով դադարեցվել է քրեական գործեր քննող 5 դատավորի լիազորություն՝ Վահե Խալաթյան, Ռաֆիկ Մելքոնյան, Դավիթ Հարությունյան, Աննա Դանիբեկյան և Վահե Միսակյան:

Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են 2024 թվականի հոկտեմբերի  4-ին: Դատական իշխանության պաշտոնական կայքում դատավորի վարույթում առկա գործերի քանակը վերջին անգամ ամփոփվել է 2024-ի հունիսի 28-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Վահե Միսակյանի վարույթում այդ պահի դրությամբ եղել է 79 անավարտ քրեական գործ:

Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են 2024-ի հուլիսի 15-ին: Այս դատավորի վարույթում առկա գործերի վերաբերյալ վիճակագրությունը ևս հունիսի 28-ի դրությամբ է ամփոփված: Ըստ այդմ՝ դատավորի վարույթում եղել է 70 քրեական գործ:

Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են  2023-ին: Նրա  վարույթում եղել է 144 քրեական գործ:

Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել 2021 թվականին, վարությում 45 գործ է եղել:

Վահե Խալաթյանի լիազորություները դադարեցվել են 2020 թվականին: Վարույթում եղել է 87 քրեական գործ:

Այսպիսով՝ ստացվում է, որ դատավորների լիազորությունները դադարեցնելու հետևանքով մոտ 5500  գործի քննություն նորից է սկսվել, սակայն այս թիվը կարող է փոքր ինչ նվազ լինել հետևյալ պատճառով․ երբ մի դատարանում որևէ դատավորի լիազորություն դադարեցվում է, նրա վարույթի գործերը բաշխվում են նույն դատարանի այլ դատավորների միջև։ Օրինակ՝ երբ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր  Աննա Փիլոսյանի լիազորությունները 2022-ի տարեվերջին դադարեցվել են, նրա վարույթում եղել է 1375 գործ, և այս գործերի որոշակի մասն, ի թիվս այլ դատավորների, մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։ Ապա 2023-ի փետրվարին  դադարեցվել են Զարուհի Նախշքարյանի  լիազորությունները, նրա վարույթում եղել է 1050 գործ, որոնց մի մասը ոչ թե նոր գործեր են եղել, այլ Փիլոսյանից ստացած գործերը։

Դատական համակարգից հեռացված դատավորների ցանկում կան անձինք, որոնց լիազորությունները դադարեցվել են մեկ կամ որոշ դեպքերում՝ մի քանի գործերի քննության ողջամիտ ժամկետներ խախտելու համար: Ստացվում է՝ երբ  մի քանի  գործի  ողջամիտ ժամկետներ խախտելու համար դատավորների լիազորությունները դադարեցվում են,  նրանց վարույթի հազարավոր այլ գործեր վերսկսվել են նորից՝  հանգեցնելով այդ գործերի ողջամիտ ժամկետում քննության վտանգի:

Փաստաբան Արսեն Սարդարյանը դիտարկում է, որ եթե դատավորն այնպիսի էական  խախտում է կատարել, որ  նրան պետք է հեռացնել դատական համակարգից, ապա այս դեպքում չեն կարող դատավորի լիազորությունները պահպանել՝ նրա վարույթում առկա գործերի ողջամիտ ժամկետներում  քննության պահանջն ապահովելու համար: Ըստ նրա՝  տվյալ դեպքում կունենանք անորակ, ոչ բավարար  չափով  վստահություն ունեցող դատավորի կողմից իրականացվող արդարադատություն, այսպիսի դեպքերում պետք է դատավորի լիազորությունները դադարեցվեն:

Փաստաբանի խոսքով՝ գործերի ողջամիտ ժամկետների խախտման խնդիրը դատական համակարգում համատարած է, և ողջունելի է, որ Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է այդ երևույթի դեմ պայքարել, այլ հարց է, թե  Խորհուրդն ինչպես է  լուծում այդ հարցի  վերաբերյալ կարգապահական միջնորդությունները:

«Կան դեպքեր, երբ ԲԴԽ-ի գործողությունները դժվար է արդարացնել, օրինակ՝ երբ  որակյալ դատավորներ են հեռացվում դատական համակարգից: Վահե Միսակյանի դեպքում,  եթե ԲԴԽ-ն գտնում  էր, որ դատավորը պետք է ավելի արագ աշխատեր, ապա այս դեպքում  որակյալ դատավորներին պետք է այս հարցում օգնել. գուցե  վերապատրաստման դասընթաց է պետք կազմակերպել և ոչ թե  անմիջապես ամենախիստ ներգործության միջոցը կիրառել»,- ասում է Սարդարյանը:

Դատավորի լիազորություների կասեցումը՝ գործերի վերսկսման պատճառ 

Դատավորի վարույթում գտնվող գործերը վերամակագրվում են և սկսվում նորից նաև այն դեպքերում, երբ դատավորի լիազորությունները կասեցվում են նրա՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ստանալու պատճառով;

Մեկ դատավորի օրինակով փորձել ենք պարզել, թե ինչ հետևանք  է ունեցել նրա նկատմամբ քրեական վարույթի հարուցումը գործերի ձգձգման վրա:

2022 թվականի փետրվարին քրեական հետապնդում հարուցվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ: Սա մի շրջան էր, երբ դատավորի վարույթում էին քննվում մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործեր՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Աշոտ Մինասյան (հայտնի է Աշոտ Երկաթ), Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյան, Իրինա Յոլյան: Բորիս Բախշիյանի մեղադրանքը կապված էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին կալանավորելու հետ: Ըստ Դատախազության՝ Բախշիյանն ակնհայտ ապօրինի կալանավորել էր Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանին։ Սակայն մեկ տարի անց Բորիս Բախշիյանը արդարացվեց, այնուհետև փոխհատուցում պահանջեց պետությունից և ստացավ:

Ուսումնասիրել ենք 2021-ի տարեվերջի դրությամբ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում առկա գործերը: Ըստ դատական վիճակագրական տվյալների՝ դատավորի վարույթում առկա է եղել 100-ից ավելի գործ, որոնք նրա լիազորությունների կասեցումից հետո վերամակագրվել են այլ դատավորների: Ստացվում է՝ ոչ միայն դատավորի նկատմամբ անարդարացիորեն քրեական հետապնդում է հարուցվել, այլ նաև այդ քրեական գործի պատճառով 100-ից ավելի քրեական գործերի քննություն սկսվել է նորից:

Դատավորը անձեռնմխելիության սահմանադրական երաշխիք ունի, և նրա նկատմամբ լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելիս Դատախազությունը պարտավոր է դիմել  նրա անկախությունը երաշխավորող մարմնին՝ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն ստանալու  համար: Եթե Խորհուրդը համաձայնություն չտա, Դատախազությունը չի կարող դատավորի նկատմամբ հետապնդում հարուցել, սակայն Բախշիյանի դեպքում ԲԴԽ-ն ոչ միայն քրեական հետապնդում հարուցելու, այլ նաև նրան ազատությունից զրկելու հարցով դատարանին  դիմելու համաձայնություն էր տվել՝ այսպիսով նպաստելով թե՛ դատավորի իրավունքի խախտում թույլ տալուն, թե ՛ նրա վարույթում առկա 100-ից ավելի գործերի վերսկսմանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը  նկատում է է՝ Բորիս Բախշիյանի դեպքը  պետք է ինչպես ԲԴԽ-ի, այնպես էլ նրա գործին առնչվող այլ իրավասու անձանց համար օրինակ լինի, որպեսզի այսպիսի երևույթներ չկրկնվեն:

Պահեստային դատավորների ինստիտուտը չի գործում 

2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով նոր ինստիտուտ է ներդրվել՝ պահեստային դատավորի ինստիտուտը:

Օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում:

Փաստաբան Արսեն Սարդարյանի գնահատմամբ՝  սա կարող է լուծում լինել, որպեսզի գործերի քննությունը նորից չսկսվի:

«Ծանր, առանձնապես ծանր, մեծ թվով ամբաստանյալներով  կամ այնպիսի գործերով, որոնցով արդեն իսկ ձգձգման  խնդիր է արձանագրվել, կարելի է  ներգրավել պահեստային դատավորի, որպեսզի  եթե դատավորը տեղափոխվի կամ  մեկ այլ պատճառով հնարավոր չլինի գործի քննությունն իրականցնել, պահեստային դատավորը արագ փոխարինի,  և  գործը կրկին վերսկսելու, ապացույցները հետազոտելու անմիջականության  սկզբունքի խնդիր չառաջանա,  քանի որ պահեստային դատավորը, փաստացի, անմիջականորեն ներկա եղած կլինի գործի քննությանը»,-  նշեց Արսեն Սարդարյանը:

Արդեն երկու տարի է, ինչ  նոր օրենքը գործում է, բայց  դրանում ներդրված պահեստային դատավորի ինստիտուտը չի կիրառվում: 

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ գործերի ողջամիտ ժամկետների պահպանման մասին բարձրաձայնող և այսպիսի խախտումների համար ընդհուպ դատավորների լիազորություններ դադարեցրած Բարձրագույն դատական խորհուրդը ևս որոշ դեպքերում պատճառ է դառնում, որ առանց այն էլ ձգձգված գործերի քննությունն էլ ավելի երկարի։ Իսկ պահեստային դատավորի ինստիտուտը, որն ամենախնդրահարույց դեպքերում կարող էր արդյունավետորեն  լուծել գործերի ձգձգման խնդիրը, չի գործում, ինչը, սակայն,  ուշադրության չի արժանանում:

 

Արաքս Մամուլյան