ԵԽ պատգամավորը Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի հետաքրքրությունը համարում է բնական ու գեոստրատեգիկ

Լուրեր

13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
Բոլորը

Հայաստանի նկատմամբ Եվրամիության հետաքրքրվածությունը բնական ու գեոստրատեգիկ է, որը կարող է շատ դրական զարգացումների հանգեցնել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուստրեվիչիուսը։

Հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ի հնարավոր դերակատարությանն ու COP 29-ին ընդառաջ ԵԽ-ի հնարավոր քաղաքական կեցվածքին։

-Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ԵՄ-ն Հարավային Կովկասում փորձում է ավելի ակտիվ դերակատար լինել։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս որոշումը։ 

-Նախ, ես տեսնում եմ, որ ԵՄ-ն մի փոքր ավելի մեծ դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ առումով: Դա մեծ հավակնություն էր, նույնիսկ պարոն Բորելի կողմից՝ լինել համաշխարհային դերակատար, և սա սցենարի մի մասն է: Երկրորդ՝ ինքնակենտրոնացումը հեռու չէ: Սև ծովի ավազանը մեր հարևանությամբ է գտնվում։ Մենք ունենք համագործակցության որոշակի պատմություն, ոչ անպայման մեծ ձեռքբերումներ, բայց դեռևս որոշ անդամ պետությունների կողմից ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ մեծ փորձեր կան: Եվ ես կարծում եմ, որ Եվրոպան խոստումնալից է մեր հարևանների համար, քանի դեռ նրանք համապատասխանում են անդամակցության չափանիշներին: Դա հարաբերությունների վերջնական փուլն է։ Բայց արանքում կան շատ ու շատ այլ փուլեր և համագործակցության զարգացման այլ ուղիներ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այդ հետաքրքրությունը բնական է, գեոստրատեգիկ է, և հատկապես 2022 թվականից հետո, երբ մենք տեսնում ենք Ռուսաստանի աճող կործանարար դերը մեր հարևանությամբ։  Սա մի բան է, որը պետք է հասկանանք և արձագանքենք:

-Շառլ Միշելը նույնպես փորձեց միջնորդ լինել… Իրատեսական տեսանկյունից ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ կարող է անել ԵՄ-ն Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար։ Որովհետև, երբ ուղիղ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը տեղի ունեցավ, ԵՄ-ն հանդիսատես էր: 

-Մենք պատրաստ չէինք այդ սցենարին։ Եկեք անկեղծ լինենք՝ դա ռազմական միջոցներով գործողություն էր, որը գերազանցում էր ԵՄ-ի այն ժամանակվա ցանկացած կարողություն։ Նկատի ունեմ հենց տեղում այն ​​իրավիճակը, որի մեջ հայտնվեցինք, այլ ոչ թե իրավիճակը, որին պատրաստվում էինք: ԵՄ դիրքորոշումը պետք է լինի դեպի լավը փոխել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ հստակ գիծ պահենք՝ ոչ մի ռազմական լուծում, միայն խաղաղ բանակցություններ, և հետո՝ երկու կողմերի համար համաձայնեցված պայմանների իրականացում: Ես կարծում եմ, որ պետք է հայտարարենք և հետևենք մեր գծին՝ ոչ մի ռազմական միջամտություն, ոչ մի ռազմական ուժ, ոչ մի սպառնալիք: Մենք միջոցներ ունենք երկու կողմերի համար, նույնիսկ Ադրբեջանի համար։ Ադրբեջանը մեծապես կախված է դեպի Եվրոպա մատակարարումներից։ Ադրբեջանը կարող է շատ բան կորցնել, եթե մենք անբարենպաստ կեցվածք որդեգրենք նրանց կայացրած որոշումների պատճառով: Ես կօգտագործեի այս սակարկության միջոցը մինչև վերջ՝ խաղաղ իրավիճակը Հարավային Կովկաս բերելու համար։ Դուք գիտեք այն սկզբունքը, որ երկուսը կռվում են, երրորդը՝ հաղթում: Երկուսի պայքարից ԵՄ-ն երբեք չի հաղթում։ Եթե ​​երկուսը կռվում են, հաղթում է Ռուսաստանը։ Արդյոք մեզ պե՞տք է Հարավային Կովկասում Ռուսաստանի առավել շատ ներկայությունը։ Կարծում եմ՝ մենք այս 30 տարիներին երբեք չենք տեսել Ռուսաստանին որպես իսկական խաղաղապահ։ Նրանք փորձում էին այսպես ասած խաղաղություն բերել, բայց երբեք, երբեք խաղաղություն չբերեցին: Բերեցին պառակտումներ և հաջորդ սրացումը։ Դա ժամանակի հարց էր, երբ հարմար պահը գալիս էր, ռուսները այս կամ այն ​​կողմում խաղում էին՝ կողմերին իրար դեմ հանելով: Ահա թե ինչու, եթե երկուսը կռվում են, ԵՄ-ն չի հաղթում: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լուրջ լինենք և, օգտագործելով յուրաքանչյուր հասանելի գործիք, պարտադրենք այդ սկզբունքը։

-Գազ մատակարարելու մասին խոսեցիք։ Ճիշտ այդպես ուկրաինական պատերազմը ԵՄ-ի համար ունեցավ էներգետիկ ճգնաժամի և դեֆիցիտի արդյունք։ Ռուսական գազից հրաժարվելով՝ Եվրոպան այլընտրանք գտավ Ադրբեջանում, մի երկրում, որը հայտնի է իր ոչ ժողովրդավար կեցվածքով, որտեղ չկա օրենքի գերակայություն։ Նման այլընտրանքը որքանո՞վ եք Դուք ընդունելի համարում՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն Բելառուսին և Ռուսաստանին քննադատում է նույն հարցերի համատեքստում։ Ավելին, շատ մասնագետներ բացահայտել են, որ Բաքվից եկող գազն, այնուամենայնիվ, ռուսական ընկերություններինն է։ 

-Դա այլընտրանքն էր, բայց հիմա այլևս ոչ: Երկու տարում դա անհետացավ: Ռուսաստանից գազի մատակարարումը ԵՄ հասնում էր 40-45%-ի, այնուհետև այդ թիվը նվազեց մինչև 7 կամ 8%, ինչը դեռ շատ բարձր է իմ կարծիքով: Այն պետք է լինի 0%, եթե մենք լուրջ ենք, և եթե չենք ուզում ֆինանսական ներդրում ունենալ ռուսական ռազմական բյուջեում։ Բայց որոշ անդամ երկրներ այս առումով դեռ ունեն բացառիկ քաղաքական մտածողություն։ Չգիտեմ, թե ինչպե՞ս են նրանք դա համատեղում խաղաղասեր քաղաքականության հետ։ Այսինքն՝ ես շատ քննադատաբար եմ վերաբերվում այդ անդամ պետությունների կառավարություններին, բայց նկատի ունեմ, որ դա եղել է և կա Ռուսաստանի Դաշնության մեծ ձախողումը։ Տեսեք՝ «Գազպրոմ»-ը մոտ է սնանկացմանը։ Եվ կան նոր հայցեր ու դատական ​​գործեր նույնիսկ Եվրամիության կոմերցիոն ընկերություններից։ Նրանք չեն գոյատևի, դա միանշանակ է։ Ես վստահ եմ, որ ԵՄ-ն չի վերադառնա ո՛չ ռուսական գազից, ո՛չ ռուսական նավթից կախվածությանը: Ցավում եմ, դա շատ ծանր և թանկ դաս էր։ Բայց սրա մասին մեկ-երկու տասնամյակ մենք ասում էինք Բրյուսելին, նշում էինք, որ սա պարզապես ժամանակի խնդիր է, երբ էներգիան կօգտագործվի որպես ճնշում գործադրելու, ինչ-որ բանակցություններ վարելու կամ ինչ-որ անբարենպաստ իրավիճակներ ստեղծելու գործիք: Շատերը չլսեցին, որովհետև դա, ինչպես միշտ, բիզնես էր:

-Մեկ այլ խնդիր, ավելի ճիշտ՝ մտահոգություն, որ ունեն շատ քաղաքական գործիչներ և իրավապաշտպան կազմակերպություններ, COP29-ի առաջիկա համաժողովն է, որը տեղի կունենա նոյեմբերին Բաքվում։ Իրավապաշտպան կազմակերպությունները ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ նույն Բաքվում անօրինաբար պահվում են ավելի քան քսան հայ ռազմագերիներ և պատանդներ, ինչպես նաև կան մոտ երեք հարյուր ադրբեջանցի քաղբանտարկյալներ։ Որքանո՞վ է Եվրախորհրդարանը մտահոգված այս հարցով և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԵՄ գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրելու համար։

-Առաջին քայլը չլռելն է։ Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի միջև կոնսենսուս կա, որ եթե անգամ COP29-ը տեղի ունենա Բաքվում, դա չի կարող լինել միայն կլիմայի հետ կապված հարցերի շուրջ: Կլինի միջազգային մեծ ներկայություն, կլինեն լրագրողներ, փորձագետներ և այլն։ Հիանալի առիթ կլինի այդ հարցերի մասին բարձրաձայնելու համար։ Եվ կարծում եմ բնական է, որ մենք բարձրացնում ենք այդ խնդիրները, որովհետև տեսեք, այնքան հայտնի ադրբեջանական ՀԿ-ներ և իրավապաշտպաններ պարզապես աղաչում են՝ «մի դադարեք բարձրաձայնել, այլապես ավելի վատ կլինի, քան կա»։ Չգիտեմ, թե այդ մտահոգություններից որքանը կլինեն վերջնական փաստաթղթերի տեքստերում, կարծում եմ՝ ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, հավանաբար, կլինեն բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական քննարկումներ, և Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված կլինի լսել դրանք։ Երբեմն մենք բարձրացնում ենք շատ անհարմար քաղաքական հարցեր, որոնց պետք է պատասխանել: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եք վստահելի գործընկեր լինել:

-Ասացիք Եվրախորհրդարանում քաղաքական խմբերում կոնսենսուս կա։ Արդյո՞ք այս կոնսենսուսը կփոխակերպվի կոնկրետ ինչ-որ քայլի՝ հայտարարության կամ բանաձևի տեսքով: 

-Միգուցե, ես չեմ ժխտում, որ մենք կարող ենք Եվրախորհրդարանում այս մասին բանավեճ ունենալ։ Որոշակի խոսակցություններ և նախաձեռնություններ են եղել։ Միգուցե, ժամանակը կգա և կունենանք: Ցավոք, նախորդ օրենսդիր նստաշրջանում բավական շատ բանաձևեր ունեինք Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, և այդ բանաձևերն իրականում շատ դրական չէին: Շատ ու շատ քննադատական կետեր ունեինք՝ բազմաթիվ բանտարկյալների անուններ, որոնք առողջական վատ վիճակում էին։ Եթե ​​ես լինեի Ադրբեջանի ղեկավարությունը, դա ինձ իսկապես ավելի շատ կհուզեր։ Որովհետև ամեն անգամ, երբ դուք Եվրախորհրդարանից որևէ բացասական բան եք լսում, դա ոչ միայն բերում է քաղաքական հիմնավորում և ուղերձ, այլև կարող է փոխակերպվել այլ բանի:

-Այս օրերին Եվրոպայի մտահոգությունների շարքում է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը։ Թեև Վրաստանում կայանալիք ընտրությունները պետք է որոշիչ լինեն ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագայի համար, դրան զուգահեռ դրական տեղաշարժեր կան Հայաստանի հետ հարաբերություններում։ Օրեր առաջ Երևանում էր Եվրահանձնաժողովի փոխնախագահը։ Վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է։ Որքա՞ն հեռու կգնա ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով։ 

-Վրաստանի նկատմամբ մեր քաղաքականության գիծը բացարձակ անկեղծ էր և ռազմավարական, քանի որ հասկացանք՝ երկիրը ցանկանում է գնալ եվրաինտեգրման ճանապարհով, ինչը գնահատվեց, քանի որ մենք տեսանք շատ լավ և դրական օրինակներ, թե ինչպես են երկրները փոխվել քաղաքական, տնտեսական ու անվտանգության առումով: Աչքի առաջ ունենալով Եվրամիությանն իմ երկրի՝ Լիտվայի անդամակցության 20-ամյա փորձը և այն, որ ես ժամանակին եղել եմ գլխավոր բանակցող՝ կարող եմ ասել, որ դա հրաշք է՝ փոխակերպող հրաշք: Դա նման է այն բանին, որ դուք հետևում եք համաձայնեցված կանոններին և ընդունում եք Եվրոպական միության լավագույն փորձը, վերցնում եք Եվրամիությունում առկա քաղաքական և տնտեսական գործիքակազմը և ամեն տարի տեսնում եք ավելի ու ավելի շատ դրական բաներ: Եվ, ի վերջո, դուք երբեք մենակ չեք: Կարծում եմ, որ այս սկզբունքն այնքան կարևոր է Հարավային Կովկասի երկրների համար։ Երբեք միայնակ չեք, ասելով՝ նկատի ունեմ համերաշխությունը, որը ԵՄ անդամ երկրների միջև է․ սա սկզբունքորեն կարևոր է ցանկացած եվրոպական երկրի համար, և կարևոր չէ, թե որ տարածաշրջանի մասին է խոսքը։ Այսպիսով, Վրաստանին շատ բան տրամադրվեց։ Վրաստանից շատ բան էր ակնկալվում։ Հիմա հասկացանք, որ ներկայիս իշխանությունը փոքր- ինչ այլ տեսակետ ունի։ Նրանք ընդունեցին մի քանի օրենսդրական ակտեր, օրինակ օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը չի համապատասխանում ԵՄ պրակտիկային՝ կառուցված  հանդուրժողականության, բազմակարծության և ժողովրդավարական սկզբունքների, ժողովրդավարական մրցակցության վրա: Այսպիսով, դա նորություն է, որը եվրոպական չէ: Եթե ​​Վրաստանի կառավարությունը կարծում է, որ դա լավ է իրենց երկրի համար, ուրեմն նրանք պետք է ընտրություն կատարեն ԵՄ-ին ինտեգրվելու, այլ տեղ գնալու կամ նույնիսկ ԵՄ-ին անդամակցության դիմումը կասեցնելու միջև:

Եվ ահա այս համատեքստում անդրադառնանք Հայաստանին, որը կարող է բնական գործընկեր լինել մեր համագործակցության համար։ Իսկապես մենք կարող ենք շատ բան տալ Հայաստանին, և Եվրամիության այդ խոստումները հիմնված չեն որևէ ակնկալիքի վրա, որ Հայաստանը ինչ-որ բան հետ կտա։ Օրինակ՝ ռազմաբազա, ինչպես Ռուսաստանի դեպքում։ Ոչ, Հայաստանից մեր ակնկալիքը որոշ իմաստով զարգացման եվրոպական մոդելն է, քանի որ, ինչպես նախկինում նշեցի, կայունությունն ինքնին բխում է Եվրամիության շահերից։ Նայեք Կենտրոնական-Արևելյան Եվրոպային, որն արդեն իսկ մեր զարգացման լավ օրինակն է: Այսպիսով, մենք ակնկալում ենք ավելի սերտ հարաբերություններ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ։ Վերջինի դեպքում՝ հուսով ենք, քանի որ դա դեռևս կերևա ընտրություններից հետո, ինչը փորձություն է ԵՄ ճանապարհին Վրաստանի հավատարմության համար: Հայաստանի հետ ավելի շատ համագործակցությունը, կարծում եմ, բնական ճանապարհ է։ Դա կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց ես տեսնում եմ շատ դրական հանձնառություններ  վարչապետ Փաշինյանի կողմից։ Կարծում եմ, որ նա շատ լավ հասկանում է Հայաստանի համար նոր հնարավորությունները և նա լիովին իրավացի է։ Գիտեք, տեսլականով մարդիկ այնքան էլ շատ չեն, հատկապես քաղաքական գործիչների մեջ։ Եթե ​​Հայաստանի հեռատես ղեկավարությունը բավականաչափ համառ լինի, եթե այդ ղեկավարությունն ունենա հանրային աջակցություն, ինչը ևս շատ կարևոր է, և եթե մենք միասին կարողանանք զերծ մնալ օտարերկրյա միջամտություններից՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի միջոցով, ապա դա կարող է ճանապարհ հարթել դեպի հաջողություն։ Հետևաբար, հայ ժողովրդին մաղթում եմ, որ իսկապես լինի իմաստուն, խելամիտ և վճռական, նախ և առաջ փոխի այն քաղաքականության ուղեգիծը, որը, չգիտեմ, թե որքանով է օգտակար եղել հայ ժողովրդի համար անկախության 30 տարիների ընթացքում։ Բայց հիմա կա նոր հնարավորություն։ Ուրեմն ինչո՞ւ չօգտվել դրանից, ինչո՞ւ չփորձել: ԵՄ-ն շատ լուրջ գործընկեր է, և մենք ունենք մշակված բազմաթիվ գործիքներ, թե ինչպես տանել երկրները դեպի պայծառ ապագա: