Ադրբեջանի ժողովուրդն իր բողոքը հայտնեց՝ ընտրությունները բոյկոտելով․ 37% մասնակցությունը Մեջլիսի լեգիտիմության հարցեր է առաջացնում

Լուրեր

15.03.2026 | 21:36
Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով
15.03.2026 | 20:59
Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15.03.2026 | 20:44
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Ռուսաստանի և ՌԴ պարալիմպիկների դեմ
15.03.2026 | 19:46
Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Փաշինյան
15.03.2026 | 19:32
Իսրայելը հերքել է հրթիռների խոցման համակարգերի պակասի մասին տեղեկությունները
15.03.2026 | 18:23
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը․ կուսակցության վարչության կազմը
15.03.2026 | 17:48
«Ոսկե ծիրանը» ընդգրկվել է աշխարհում անցկացվող 50 փառատոնների շարքում․ Ժաննա Անդրեասյան
15.03.2026 | 16:59
«Վեոլիա Ջուրը» պատասխանատվության կենթարկվի Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը բացելու համար
15.03.2026 | 15:45
Սլովակիան հանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը
15.03.2026 | 15:10
Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան
15.03.2026 | 14:38
Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց
15.03.2026 | 14:05
Ձմեռը չի նահանջում․ Ճանապարհային դեպարտամենտ
15.03.2026 | 13:39
Սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
15.03.2026 | 12:48
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
15.03.2026 | 12:39
Իտալիան գրեթե 40 տարվա արգելքից հետո սկսել է նախապատրաստվել ատոմային էներգետիկայի վերադարձին. Bloomberg
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին անցկացված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 37 տոկոս։ Որոշ դիտորդներ ու քաղաքական գործիչներ, սակայն, պնդում են, որ ընտրողների իրական մասնակցությունը շուրջ 10-15 տոկոս է եղել։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում այս ցուցանիշը մոտավորապես 10 տոկոսով ավելին էր։

2000-ականների սկզբին Ադրբեջանում վերացվել է խորհրդարանական ընտրությունների քվորումի պահանջը։ Այդ ժամանակվանից ի վեր, խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունն ավելի ցածր է, քան երկրի նախագահական ընտրություններում։ Սակայն մինչ այժմ պաշտոնական մասնակցության ցուցանիշը երբեք այսքան ցածր չի եղել։

Տարբեր վերլուծաբաններ այս կապակցությամբ բարձրացնում են ընտրությունների լեգիտիմության հարցը։ Նրանք կարծում են, որ նման պայմաններում խորհրդարանի ազդեցությունը նաև կնվազի քաղաքական ու սոցիալական հարցերում։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Հաջիբեյլին, որի կուսակցությունն այս ընտրություններին մասնակցել է ավելի քան 20 թեկնածուով, սակայն, նախնական պաշտոնական տվյալների համաձայն, որևէ ընտրատարածքում չի հաղթել, տեղական լրատվամիջոցներին ասել է, որ իր դիտարկմամբ՝ ընտրողների մասնակցությունը որոշ շրջաններում նույնիսկ 10 տոկոսից ցածր է եղել։

«Հիմնական պատճառն ընտրությունների նկատմամբ հասարակության անվստահությունն է։ Քանի որ ընտրությունները բազմիցս կեղծվել են, հասարակությունը չի վստահում գործընթացին և չի մասնակցում։ Քվեարկած 10 տոկոսից կեսին համոզեցինք, որ գան, մյուս կեսն իշխանության վարչական ռեսուրսով մոբիլիզացված մարդիկ էին։ Ընտրությունների ժամանակ բանավեճեր չեն եղել, հարցումներ չեն արվել։ Ընտրություններից առաջ ժողովրդավարական մթնոլորտի բացակայության և նույնիսկ ընտրական շրջանում շարունակվող քաղաքական ձերբակալությունների պատճառով երկրում պահպանվել է վախի մթնոլորտ, և բնական է, որ հասարակությունը նման միջավայրում ակտիվ չէր»,- ասել է նա։

«Մուսավաթ» կուսակցությունը պահանջում է կրկնակի ընտրություններ, երկրում ժողովրդավարական մթնոլորտի ստեղծում և քաղբանտարկյալների ազատ արձակում։

Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին էլ նշել է՝ եթե ընտրություններում եղել են կեղծիքներ, դա նշանակում է իշխանության յուրացում, որը, ըստ Սահմանադրության, ծանր հանցագործություն է ժողովրդի դեմ։

«Մենք հաճախ ենք լսում՝ ինչո՞ւ հասարակությունը չի բողոքում կամ ինչո՞ւ է ընդունում իրավիճակը։ Ես համաձայն չեմ այս կարծիքի հետ։ Ընտրություններին մասնակցելուց հրաժարվելով՝ ադրբեջանական ժողովուրդը փաստացի արտահայտում է իր բողոքը։ Առայժմ բողոքի ամենաանվտանգ ձևն ընտրություններ կոչվող «ներկայացումն» անտեսելն ու գործընթացից ձեռնպահ մնալն է, մինչդեռ ժողովուրդն ընտրում է այդ ճանապարհը՝ պասիվ բոյկոտը»,- հայտարարել է Ջաֆարլին։

Նա կարծում է, որ ԿԸՀ-ին ստիպել են հայտնել ընտրություններին 37 տոկոս մասնակցության մասին. «Իրականում երկրում ընդհանուր մասնակցությունը նույնիսկ 7 տոկոսի չի հասել։ Սա ակնհայտորեն լեգիտիմության խնդիր է ստեղծում։ Ընտրությունների օրը տեղի ունեցած իրադարձությունները նույնպես հերքում են այն պնդումները, որ իշխանությունը մեծ ժողովրդականություն է վայելել օկուպացված տարածքների ազատագրումից հետո»։

Ընդդիմադիր մի շարք ուժերի միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին նույնպես հայտարարել է, որ  Ադրբեջանի ժողովուրդը բոյկոտել է ընտրությունները։

«Եթե ուշադրություն դարձնեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքին, ապա Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ ընտրողների մասնակցությունը նվազել է մինչև 37 տոկոս։ Սեպտեմբերի 1-ի ընտրությունները հակասահմանադրական են, քանի որ նախագահը չի կարող երբ ուզենա՝ արտահերթ ընտրություններ նշանակի։ Արտահերթ ընտրությունների նշանակումը սահմանվում է Սահմանադրության 98.1 հոդվածով։ Այնտեղ նշված դեպքերից ոչ մեկը տեղի չի ունեցել, և COP 29-ի համաժողովին հղումը չի կարող հիմք հանդիսանալ արտահերթ ընտրություններ նշանակելու համար»,- հայտարարել է Հասանլին։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Մեջլիսում ստանում է մեծամասնություն՝ 68 մանդատ 125-ից։ Անկախ դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնում են զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց տեսանյութերը տարածված են նաև համացանցում։ Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքեր։

ԵԱՀԿ դիտորդներն ու ԵՄ-ն ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ընդգծել են տեղի ունեցած ընտրախախտումները։

Էմմա Չոբանյան