Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը․ ՀՀ-ն մերժել է 2027-ին ընդունել ԱՊՀ խաղերը, բայց պատրաստակամ է քննարկել ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում այսօր մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ պետական քաղաքականությունն իրականացվում է մանկապատանեկան, երիտասարդական և մասսայական սպորտի, մեծահասակների սպորտի, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի նպատակային զարգացմամբ և բարձր արդյունքների համար ֆինանսական խրախուսմամբ։ Ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին։ Մշակվել է ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը մեր երկրում ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի հաստատմանը, առողջության խթանմանն ու տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ տարատեսակ մրցումներին ներգրավվածության բարձրացմանը։

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում են գործող մանկապատանեկան մարզադպրոցները, կառուցվում են նոր մարզական հաստատություններ՝ իրենց ենթակառուցվածքներով։ Ուշադրություն է դարձվում մանկապատանեկան սպորտի զարգացմանը՝ մարզական ռեզերվ պատրաստելու, ազգային հավաքականները համալրելու և նոր սերնդի ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար։

«ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են ամառային, ձմեռային և պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, Համաշխարհային ունիվերսիադային և ԱՊՀ երկրների խաղերին, ինչպես նաև տարբեր մարզաձևերից կազմակերպվող այլ միջազգային մրցումների՝ նպաստելով տարբեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ներկայացրել ՀՀ-ում իրականացվող խոշոր մարզական միջոցառումները։

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ մեր երկրում պարբերաբար անցկացվում են նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով:

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:

Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:

Համաժողովի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:

Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ: