Ադրբեջանի վարչապետն ու ԱԳ նախարարը մեկնել են Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը
Քաղաքականություն
22.05.2024 | 12:34Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մեկնում է Իրան։ Նա Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված մյուս անձանց վերջին հրաժեշտի պաշտոնական արարողությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պատվիրակության կազմում են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Միլլի Մեջլիսի Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամներ, պաշտոնատար այլ անձինք։
Հավելենք, որ Թեհրան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայից միջոցառմանը մասնակցելու են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն ու ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։