Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Տարեկան հաղորդումը 2024 թվականի մարտի 29-ին ներկայացվել է Ազգային ժողով, որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Դատախազության պաշտոնական կայքէջում:

Հաղորդումը բաղկացած է 10 բաժիններից, որոնք վերաբերում են՝ հանցավորության կառուցվածքին, հանցագործությունների դեմ պայքարին և հանցավորության հակազդմանը. մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն ու դատական ակտերի բողոքարկմանը, զինվորական հանցագործությունների քննությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությանը, միջազգային-իրավական համագործակցությանը և իրավական ապահովմանը, քաղաքացիների ընդունելությանը, դիմումների ընթացքին ու հանրային կապերին:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«2023 թվականին դատարան ուղարկված գործերի թիվը գրեթե կրկնակի՝ 91.4%-ով, գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։
2023 թվականին ավարտվել է 33.396 քրեական վարույթ (2022 թվականին՝ 19.139), ընդհանուր իրավասության և հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարաններ է ուղարկվել 8448 գործ՝ 10․170 անձի վերաբերյալ: Համեմատության համար նշեմ, որ 2022 թվականի ընթացքում դատարաններ է ուղարկվել 4414 գործ՝ 5214 անձի վերաբերյալ:

2023 թվականի ընթացքում դատարաններում քննված և ավարտված գործերով ևս աճ է արձանագրվել․ ավարտվել է 5080 քրեական գործ՝ 5485 անձի վերաբերյալ այն դեպքում, երբ 2022 թվականին ավարտվել էր 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ, 2021 թվականին՝ 2921 քրեական գործ՝ 3375 անձի վերաբերյալ:

Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ):
2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները հանձնվել են Պատմության թանգարանին՝ պատասխանատու պահպանության:
2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունը շարունակել է հետևողականություն ցուցաբերել բոլոր այն դեպքերի վերհանման կապակցությամբ, որոնցով դատական քննության ժամկետների ձգձգումները պայմանավորված են եղել դատախազների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հանգամանքով:

Մասնավորապես՝ բոլոր այն դեպքերով, որոնցով դատական նիստերի հետաձգման պատճառ են հանդիսացել դատախազների՝ դատական նիստերին առանց հարգելի պատճառների չներկայանալը, Գլխավոր դատախազությունում իրականացվել են ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում 2 դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, նրանք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Միաժամանակ, Գլխավոր դատախազի կողմից Դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է դատարաններում քննվող քրեական վարույթներով անհրաժեշտության դեպքում ստեղծել դատախազական խմբեր՝ դատախազների աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերից բացակայելու դեպքերը բացառելու նպատակով:

Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունն է հրավիրվել դատական քննությունների ձգձգումների վրա՝ Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում առաջարկելով պարզել դրանց պատճառներն ու համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու ուղղությամբ:

2023 թվականի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից Արդարադատության նախարարին է ներկայացվել 10 հաղորդում, որոնցից 5-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, 2-ը դեռևս քննարկման փուլում է, իսկ 3 հաղորդման դեպքում Արդարադատության նախարարը հարուցել է 3 կարգապահական վարույթ, որոնցից 2-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Վերոնշյալ երկու միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել մեկ դատավորի՝ նշանակելով «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը: Երկու դեպքում կարգապահական վարույթը կարճվել է:

2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:

2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1404 դեպք (2022 թվականին՝ 898): 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 506-ով կամ 56.3%-ով:

2023 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ (2022 թվականին՝ 63 պաշտոնատար անձ):

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի աճը Դատախազություն չի գնահատում որպես բացասական ցուցանիշ, հաշվի առնելով այն, որ այդ հանցագործությունները կրում են լատենտային՝ քողարկված բնույթ:

2023 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3556 կոռուպցիոն բնույթի քրեական վարույթից ավարտվել է 908-ը (2022 թվականին՝ 567), որոնցից 306 քրեական վարույթ՝ 757 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2022 թվականին՝ 178 քրեական վարույթ՝ 397 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 1 միլիարդ 365 միլիոն 324 հազար դրամի գույքային վնաս։

2023 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել են կոռուպցիոն բնույթի 149 քրեական գործ (2022 թվականին՝ 99)՝ 249 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 197):

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2023 թվականին կատարել է 383 ուսումնասիրություն (2022 թվականին՝ 212), հայտնաբերել՝ 447 իրավախախտում (2022 թվականին՝ 428), ներկայացրել 21 հաղորդում և միջնորդագիր (2022 թվականին՝ 27):

2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ, շուրջ 4 անգամ ավելացել է դատախազների կողմից ուսումնասիրության արդյունքներով ներկայացված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի քանակը: Մասնավորապես, եթե 2022 թվականի ընթացքում դատախազների կողմից դատարան է ներկայացվել 91 հայց, ապա 2023 թվականի ընթացքում հայցերի թիվը կազմել է 342:

Ներկայացված հայցերով վերականգնվել է, նախնական գնահատմամբ, շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլարին)՝ 460 անգամ ավելի, քան 2022 թվականին (2022 թվականին վերականգնվել էր ընդամենը 11 մլն դրամ):

Մասնավորապես՝

– Վարչական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատվել է Գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և հողամասը՝ 453 քմ մակերեսով (շուկայական արժեքը նախնական գնահատմամբ շուրջ 5 մլրդ դրամ): 2023 թվականի նոյեմբերի 23-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

– Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատվել է կողմի հետ Գլխավոր դատախազության կնքած հաշտության համաձայնությունը: Արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 9000 քմ մակերեսով հատուկ նշանակության հողամասը և 993.7 քմ մակերեսով շինությունները։ 2024 թվականի հունվարի 4-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

– Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. Կոտայքի մարզի տարածքում գտնվող՝ հատուկ պահպանվող կատեգորիայի 24 հազար 993 քմ հողամասը վերադարձվել է պետությանը: 2024 թվականի փետրվարի 8-ին գույն ամրացվել է Նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

– Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 6-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղի 2-րդ թաղամասի 60 հողամաս հասցեում գտնվող՝ 20 հազար 21 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է պետությանը: Նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մարտի 14-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 384 միլիարդ 55 միլիոն 372 հազար դրամ: Բռնագանձման են ենթակա նաև 832 անշարժ և 161 շարժական գույք, ինչպես նաև 283 իրավաբանական անձանցում մասնակցություն:

2023 թվականի ընթացքում ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմում է 417 միլիարդ 591 միլիոն 62 հազար դրամ (ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք գույքերի շուկայական արժեքները):

Ի թիվս այլ հայցերի՝

1. 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• 25 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում.
• 5 տրանսպորտային միջոց.
• մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում.
• ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
• շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք.
• ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

2. 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներ, որոնցով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• շուրջ 200 միավոր անշարժ գույք, որից 56-ը Երևան քաղաքում՝ առավելապես Կենտրոն վարչական շրջանում.
• 13 տրանսպորտային միջոց.
• մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 29 իրավաբանական անձերում.
• ավելի քան 1.4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
• ավելի քան 23 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք.
• ավելի քան 23 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

3. 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• 79 անշարժ գույք.
• 42 տրանսպորտային միջոց.
• չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 միլիոն 194 հազար դրամ.
• զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ.
• 10 անշարժ գույքի (օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեք.
• 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
• ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք.
• 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ դրամական միջոց՝ ավելի քան 16.8 միլիարդ դրամին համարժեք գումար.
• ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2023 թվականի ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ:

Նշված գույքերից 6-ը (5 անշարժ և 1 շարժական գույք), Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի և 2024 թվականի հունվարի 4-ի որոշումներով՝ ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Նշեմ, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր դատարան է ներկայացվել 103 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ և 210 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 290 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 526 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 1 միլիարդ 335 միլիոն ԱՄՆ դոլարին:

Ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք (2022 թվականին՝ 37.612): 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1%-ով:

2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում: Միաժամանակ, աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականին արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների 1678 դեպք, 2022 թվականին՝ 880 դեպք (2022 թվականի համեմատությամբ՝ դեպքերն ավելացել են 798-ով կամ 90.7%-ով): 1678 դեպքից 1132-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք մինչև 2022 թվականի 2-րդ կիսամյակ, որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում։ Առանց հանկարծամահությունների դեպքերի՝ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործություն:

Հանցագործության 40.666 դեպքի 80.9%-ը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 4.1%, իսկ ծանր հանցագործությունները՝ 15%:

Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ 2023 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի 14.6%-ով նվազում:

2023 թվականի ընթացքում նախաքննության մարմինների քննիչների տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 284.2 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 92.6 քրեական գործի (քրեական վարույթի) դիմաց, իսկ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 554.1 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 170.6 քրեական գործի (քրեական վարույթի) դիմաց:

2023 թվականի ընթացքում ձերբակալվել է 8645 անձ՝ նախորդ տարվա 2693-ի դիմաց: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունների թվի աճը պայմանավորված է քրեական գործերով վարույթների ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվի աճով։

Այսպես, 2023 թվականի ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 10.136 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 8005 անձի նկատմամբ):

2023 թվականի ընթացքում ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 2040 միջնորդություն՝ 2022-ի 1599-ի դիմաց (աճը կազմել է 441 կամ 27,5%): Այլ խոսքով, 10.136 անձից մոտ 20%-ի նկատմամբ է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն:

Ինչ վերաբերում է ձերբակալությունների թվի աճին, հարկ է արձանագրել, որ թեև 2023 թվականի ընթացքում ձերբակալված անձանց թիվն ավելացել է 5952-ով կամ 221%-ով, սակայն 2023 թվականի ընթացքում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալումից ազատվել է 7160 անձ՝ նախորդ տարվա 1743-ի դիմաց:

2023 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5070՝ 2022 թվականի 2266-ի դիմաց։

2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5%՝ նախորդ տարվա 37,9%-ի դիմաց։

2023 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով տարատեսակ կրիպտոարժույթային դրամապանակների և վճարային գործիքների միջոցով 8 քրեական վարույթով արձանագրվել է 5 միլիարդ 592 միլիոն 541 հազար դրամի շրջանառություն:

2023 թվականի ընթացքում նշված քրեական վարույթներից 15 անձի վերաբերյալ 6-ը, որոնցով դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 3 միլիարդ 565 միլիոն 919 հազար դրամ, նույն ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները (պահանջները) խախտելու 47 դեպք: Աճը պայմանավորված է նշված դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացմամբ․ այս առումով աչքի է ընկել Արարատի մարզը։

Այսպես, 2023 թվականին հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող՝ «Արև Սյուզի», «Սարգիս և Պապ», «Սերտիգ», «Սաշա և Սպարտակ», «Էլ-Ար Շինե» և «ՌԵՎԻՎԱԼ» ընկերությունների պատասխանատու անձանց նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային վնաս:

Այս համատեքստում մի քանի տվյալ ներկայացնեմ․

– «Արև Սյուզի» ընկերության մասով, քրեական վարույթից բացի, Արարատի մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ, որը բավարարվել է՝ ուժը կորցրած է ճանաչվել թույլտվությունը, լեռնահատկացման ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված՝ ընդերքաօգտագործման պայմանագիրը:
– 2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Սաշա և Սպարտակ» ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամը:
– 2023 թվականի դեկտեմբերի 16-ին «Էլ-Ար Շինե» ՍՊ ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ 5 մլն 500 հազար դրամ վնասը:

Խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի հանցակազմերով ստացված հաղորդումներից գրեթե բոլորով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

2023 թվականի ընթացքում խոշտանգման հատկանիշներով քննված 5 քրեական վարույթ ուղարկվել է դատարան:

Նշեմ, որ թեև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանվել է, որ անկախ հանցանքի կատարման պահից, նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանա¬կան կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) և 450-րդ հոդվածով (խոշտանգում) նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, սակայն խնդրահարույց էր համարվում մինչև նոր Քրեական օրենսգրքի ընդունումը կատարված խոշտանգումների կամ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություն¬ներն անցնելու դեպքերով անձանց նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառության հարցը:

Նշված խնդրի լուծման կապակցությամբ միասնական պրակտիկա ձևավորելու առումով՝ Գրիշա Վիրաբյանի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ առնվազն Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, առկա էր խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք, որը կարող էր հիշյալ գործով ամբաստանյալների համար կանխատեսելի լինել իրենց մեղսագրվող արարքը կատարելու օրվա՝ 2004 թվականի ապրիլի 23-ի դրությամբ»: