Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և շնորհակալություն հայտնել կատարվող աշխատանքի համար: «Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, և Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որը մենք իրականացնում ենք Ոստիկանության և ընդհանրապես՝ Ներքին գործերի նախարարության համակարգում:

Երբ մենք սկսում էինք Ոստիկանության բարեփոխումները, շատերն ասում էին, որ դրանք իրականացնելուց առաջ պետք է կադրային զանգվածային փոփոխություններ իրականացնել Ոստիկանությունում, որովհետև այնտեղ տարբեր մարդիկ կան, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում աշխատող և այլն, և նրանք թույլ չեն տա ու դիմադրություն ցույց կտան բարեփոխումների ընթացքին: Բայց մենք այդ կարծիքին չէինք, այսօր էլ այդ կարծիքին չենք, որովհետև համարում էինք, որ նախ՝ շատ կարևոր է ցանկացած փոփոխություն և բարեփոխում իրականացնել նախկինում կուտակված փորձի վրա: Որովհետև ոչ մի բան զրոյից չի ստեղծվում կամ այն ինչ զրոյից է ստեղծվում, շատ ավելի բարդ, շատ ավելի անարդյունավետ է, քան մենք՝ իմանալով ամբողջ տեղեկատվությունը, կարող ենք իմանալ և՛ մեր սխալները, և՛ մեր առավելությունները, և՛ մեր թերությունները, և այդ տրամաբանությամբ գնալ առաջ:

Երկրորդ, կարծում ենք, որ այս ընդհանուր փոփոխությունների շրջանում մեզնից յուրաքանչյուրն, ի վերջո, պետք է փոխվելու, բարեփոխվելու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն ունենա, որովհետև մեզնից ոչ մեկն անթերի չէ, ոչ միայն մեզնից, այլև, ընդհանրապես, ոչ մեկը՝ այս դահլիճից ներս գտնվող և այս դահլիճից դուրս գտնվող, ոչ մեկն անթերի չէ: Եվ, ընդհանրապես, պետք է արձանագրել՝ կա նաև մի օբյեկտիվ իրականություն, որ որևէ բան փոխելն ամենադժվար գործն է: Եվ դրա համար կա երկու պատճառ:

Առաջին պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, ընթացիկ իրավիճակը, երբ այն նույնիսկ ունի բազմաթիվ բացասական կողմեր, եթե ոչ բոլորը, շատերն արդեն համակերպվել են այդ իրադրությանը և իրենց հարմարավետությունն են ստեղծել այդ ոչ կատարյալ իրավիճակի մեջ: Եվ միշտ դժվար է այդ կետից շարժվել՝ այլ նպատակադրում ունենալով:

Երկրորդ, որն օբյեկտիվ հանգամանք է, պետք է դա խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին, որովհետև ցանկացած բան միշտ էլ փոխելիս ռիսկ կա, որ ճանապարհին կամ վերջնարդյունքում դու կտեսնես, որ իրականում էլ չհասար քո նպատակին, մեծ աղմուկ առաջացրեցիր, մեծ փոփոխություններ, և ոչ մի արդյունք չեղավ: Դրա համար փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Նաև կարծում եմ՝ մենք՝ որպես հանրություն, նաև ես՝ որպես վարչապետ, և կառավարությունն այս առումով գնահատում է Ոստիկանության ծառայողների մոտեցումներն այս փոփոխությունների, պրոցեսների վերաբերյալ: Ես ամենակարևորը, որ շատ եմ գնահատում՝ այսօր Ոստիկանությունը և Ոստիկանության ներկայացուցիչները չունեն այդ դիրքորոշումը, որ ամեն քայլափոխի ցույց տան, որ այդ բարեփոխումները լավ չեն ընթանում, չնայած կրկնում եմ՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես այս մոտեցումը և ըմբռնումը շատ բարձր եմ գնահատում:

Մենք էլ տեսնում ենք խնդիրներ, Ներքին գործերի նախարարը խոսեց, թե ոստիկանության քանի ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. Ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի:

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է: Նրանք, ովքեր գերազանցությամբ հանձնել են, հույս ունեմ, որ ոչ թե կոլեկտիվներում կդառնան, ինչպես ասում են, գայթակղության կամ բաժանության առիթ, այլ հակառակը, նոր խթան կդառնա: Սա ոչ թե մեկանգամյա գործողություն է, այլ մեր քաղաքական որոշումն այն է, որ ժամանակ առ ժամանակ, ըստ ամենայնի, հինգ տարին մեկ ոստիկանը պետք է, թե ամեն հինգ տարի՝ ցիկլն անցնելուց հետո իր աշխատավարձն ինչքա՞ն կարող է լինել, 20 տարի հետո ինչքա՞ն կարող է լինել, որովհետև բոլորն ուզում են կյանքը երկարաժամկետ պլանավորել:

Եվ սա կարևոր գործընթաց է, և սա մենք չենք անում ցույց տալու կամ խնդիրներ ստեղծելու համար, որ չենք ուզում այդ աշխատավարձը միանգամից և ուղիղ տալ, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ, կայացման հիմքում էլ դնենք զարգացման շարունակական մեխանիզմներ և մոտիվացիաներ, որպեսզի նույնիսկ առանց քաղաքական կամքի՝ այդ մեխանիզմն աշխատի, և մենք համոզված ենք լինելու, որ զարգացման այդ մեխանիզմը դրված է ծառայության և ընդհանրապես նախարարության մարմինների գործունեության հիմքում:

Շատ կարևոր է նաև, որպեսզի և՛ հանրությունը, և՛ կառավարությունը, և՛ բուն ոստիկանությունն անընդհատ վերադառնա իր ծառայության իմաստին ու բովանդակությանը: Ինձ համար, օրինակ, դա շատ կարևոր հարց է, որովհետև թվում է, թե տրիվիալ հարցեր են, բայց օրինակ, ինչի՞ համար է ոստիկանությունն, ընդհանրապես: Այսպիսի հարցեր չեն հնչում, որովհետև թվում է, թե այդպիսի հարցեր ինչո՞ւ հնչեն, պարզ չե՞ն, թե ինչի համար են: Եվ երբ գալիս, հասնում ես այդ կետին, պարզվում է, ասենք, շատ հարգելի լսարանում այն, որ ասում են շատ դե պարզ չի՞, ի՞նչ կա այդտեղ հարցնելու, ասում են շատ լավ, պարզ է, մի նախադասությամբ ձևակերպի, պարզվում է, որ շատ մեծ բարդություն կա այդ մի նախադասությունը ձևակերպելու: Բայց ամեն անգամ այս խնդրին անդրադառնալը շատ կարևոր է: Ես, օրինակ, ոստիկանության օրվան ընդառաջ, ինքս ինձ հարց տվեցի, թե ի՞նչն է ոստիկանության գործառույթը, բացի այն, որ մենք ասում ենք չէ՝ կա օրենսդրության մեջ իրավակարգ, հասարակական կարգ, բայց հաջորդ շերտը ո՞րն է, որ պետք է թեմայի մեջ խորանալ մինչև մոլեկուլյար մակարդակ: Ես արձանագրեցի, և ընդ որում՝ կարող է սա տարօրինակ հնչել, օրինակ՝ ոստիկանությունն իր գործառույթով ինչ-որ առումով ներքին, ներհանրային սահմանապահի գործառույթ է իրականացնում: Ընդ որում՝ ուզում եմ, որ սահմանապահ բառը ներքին հարաբերությունների առումով ձեզ չզարմացնի, որովհետև, օրինակ՝ «սահմանադրություն» բառը հենց նույն սահման բառի մասին է, որ «սահմանադրությունը» հենց նշանակում է սահման դնել:

Եվ հետևաբար, ոստիկանի, սահմանապահի իմաստը և գործառույթն ինչո՞ւմն է կայանում: Ոստիկանությունը պաշտպանում է և պահպանում քաղաքացու ազատության սահմանները: Ընդ որում, Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից: Առաջինը, Ոստիկանությունը պետք է հոգ տանի, որպեսզի ոչ ոք չխախտի և չներխուժի, այսինքն՝ քաղաքացու ազատության և իրավունքի սահմանը չներխուժի ուրիշի ազատության և իրավունքի տարածք, և միևնույն ժամանակ քաղաքացին ինքը չխախտի իր ազատության և իրավունքների սահմանը ու ներխուժի ուրիշի իրավունքների և ազատության տարածք: Սա շատ կարևոր է, որպեսզի հանրությունը և մենք՝ բոլորս, այս ամեն ինչը հասկանանք, որովհետև երբեմն մարդիկ կան, որ Ոստիկանության ծառայության նկատմամբ փորձում են նեգատիվ ձևավորել:

Ցավոք, սրանում ունենք մեծ ավանդույթներ: Մի մասը քրեական ենթամշակույթի համատեքստում, մյուս մասն այլ համատեքստում, բայց մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Ոստիկանության ծառայությունը հենց իրեն է պետք՝ յուրաքանչյուրին: Նույնիսկ նրանց, ովքեր գոհ են կամ դժգոհ Ոստիկանության ծառայությունից, որովհետև եթե մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի և ծառայություն չիրականացվի: Հետևաբար, Ոստիկանությունը քաղաքացու ազատությունների սահմանը երկու կողմից պաշտպանելու համար պետք է ունենա լծակներ:

Պատահական չէ նաև, որ ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է: Բայց եթե որևէ գործընթացում ուժային ազդեցության հնարավորությունը չլինի՝ այն սովորական պայմանները կարող են և չգործել: Եվ սա էլ մենք պետք է հասկանանք, որովհետև եթե օրինակ, Ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք և հնարավորություն չունենա՝ այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ: Այլ բան, որ դա պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա: Սա շատ կարևոր է: Վերջին տարիներին ես նկատել եմ, գալիս մի ժամանակաշրջան, երբ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի փափուկ լինելու մեջ, գալիս է ժամանակաշրջան՝ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի կոշտ լինելու մեջ և այլն, և այսպես շարունակ: Բայց ճիշտն այս գործընթացում օրենքի և իրավունքի տեսակետից ճիշտ հավասարակշռություն գտնելն է:

Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Այս էլ, իմիջիայլոց, պրոֆեսիոնալիզմի հարց է: Վերջերս Նոր Նորքի ոստիկանության բաժնում դեպք եղավ, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ուժ կիրառեցին, մեծ հաշվով վնասազերծեցին: Բայց նաև ուժի կիրառման ամենածայրահեղ մեթոդները չկիրառեցին, և բանը դրան չհասավ: Սա էլ է պրոֆեսիոնալության աստիճանի մասին խոսում, և ատեստավորման մեր գործընթացներում պետք է նաև այս հմտությունները զարգացնենք, որովհետև պարզ է՝ միշտ չէ, բայց նաև դեպքեր կան, որ հնարավոր է մարդու հետ ուղղակի խոսելով՝ հոգեբանական կոնտակտի միջոցով, մարդկային կոնտակտի միջոցով ուղղակի վնասազերծել:

Համոզված եմ և գիտեմ, որ Ոստիկանությունում այդպիսի տասնյակ, եթե չասենք իր պատմության ընթացքում հաստատ հարյուրավոր և հազարավոր դեպքեր են լինում: Բայց նաև կարևոր է, որ Ոստիկանության գործողությունն ամբողջությամբ հենված լինի օրենքի և իրավունքի վրա, բայց խնդիրն այստեղ այն է, որ երբեմն, նույնիսկ երբ իրավունքի և օրենքի վրա է հիմնված լինում Ոստիկանության, այդ թվում՝ ուժային գործողությունը, դա միշտ չէ, որ առաջացնում է այդպիսի համընդհանուր քաջալերանք։

Այստեղ մի ֆունդամենտալ խնդրի մասին եմ ուզում խոսել, որը Ոստիկանության հետ բացարձակ կապ չունի: Երբեմն նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներն իրենք իրենց չեն համարում օրենքի և իրավունքի աղբյուր։ Այսինքն՝ չեն համարում, որ օրենքը և իրավունքը իրենք են ստեղծել, ուղիղ կամ անուղղակի ձևով, բայց սա արդեն ուրիշ քաղաքական և սոցիալ-հոգեբանական մակարդակի պրոբլեմ է, որը մեծ հաշվով կապ ունի հետևյալի հետ, թե իրավակարգն ի վերջո քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով է ձևավորվել, թե ազատ կամարտահայտության միջոցով չէ ձևավորվել։

Ես այստեղ կրկին ուզում եմ գնալ և հասնել մեր սահմանադրությունների պատմությանը, և հարցն ի վերջո այստեղ է, երբ հաջորդ օրը մենք սահմանադրական հանրաքվեներից հետո հրապարակում ենք արդյունքները, հեռուստատեսության դիմաց նստած քաղաքացին ինքն իրեն ասում է, որ ես այս որոշումը կայացրեցի, թե՞ չի ասում։ Երբ չի ասում՝ այստեղից են առաջանում իրավահամակարգի նկատմամբ հետագայում առաջացած խնդիրները: Բայց նորից եմ ասում՝ սա ոստիկանության գործունեության հետ կապ չունի կամ առնվազն մեծամասամբ կապ չունի:

Եվ ուզում եմ ամփոփել՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ծառայության համար։ Նախարարն ընդգծեց, և կարծում եմ՝ դա շատ կարևոր հանգամանք է, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին։ Այսօր, ընդհանրապես ցանկացած գործ առանց ընտանիքի աջակցության շատ դժվար է իրականացնել, առավել ևս ոստիկանության գործը:

Եվ կարելի է պատկերացնել, թե սա ինչ անհարմարություն է ստեղծում Ոստիկանության ծառայողների ընտանիքների համար, երբ ընտանեկան միջոցառումները կարող են կիսատ թողնել, ընդհանրապես չներկայանալ։ Այս հանդուրժողականությունը, եթե կարելի է այդպես ասել, իսկապես արժանի է խորը գնահատանքի և հարգանքի։ Կրկին ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։ Բարի ծառայություն և հաջողություն բոլորիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: