«Մենք անուններով գիտենք բոլոր օլիգարխներին, ովքեր իրենց բակում պահում են վայրի կենդանիներ, բայց իրավասու չենք  նրանց տեղափոխել ավելի լավ միջավայր». վայրի կենդանիներն՝ օլիգարխների սեփականություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Մոտ մեկ ամիս առաջ, երբ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցան սկանդալային բացահայտումներ, նրա տարածքում պահվող վայրի կենդանիները տեղափոխվեցին Երևանի Կենդանաբանական այգի: Բնապահպաններն ու կենդանասերները ողջունեցին սա, սակայն, ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանը միակ պաշտոնյան չէ, ով հակումներ ուներ  սեփական տարածքում կենդանիներ բազմացնելու: Առավել մտահոգիչ է, ու դեռևս անհայտ, թե ինչ ճակատագիր կունենան մեր երկրում մյուս օլիգարխների բակում պահվող վայրի կենդանիները, որոնց փրկելու քայլեր, կարծես թե,  չեն ձեռնարկվում:

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել Մանվել Գրիգորյանի վայրի կենդանիները: Մինչ օրս վագրը և երկու արջերը գտնվում են կարանտինային կենտրոնում:  Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ նրանց հետագա ճակատագիրը որոշելու համար մասնագետների հատուկ հանձնաժողով է ստեղծվել։

«Որոշ կենդանիներ մինչ այսօր գտնվում են սթրեսային վիճակում, ոչ ճիշտ ձևաչափով պահելու պատճառով ունեն խանգարված վարքագիծ։ Դրա համար հրավիրել ենք հատուկ հանձնաժողով, որպեսզի ոչ Կենդանաբանական այգին միանձնյա որոշում կայացնի, ոչ էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Մանվել Գրիգորյանի վայրի կենդանիներին Կենդանաբանական այգի տեղափոխելու միջադեպը հույս արթնացրեց, որ շուտով ուշադրության կենտրոնում կլինեն նաև մյուս մեծահարուստների կողմից մասնավոր տարածքում պահով վայրի կենդանիները: Սակայն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որն  իր առջև խնդիր է դրել փրկել Կարմիր գրքում գրանցված և անազատության մեջ պահվող  կենդանիներին, այս հարցում ևս անզոր է: Հիմնադրամի տնօրենը նշում է, որ առանց թույլտվության իրավունք չունեն նման գործառույթ իրականացնելու:

Իսկ ի՞նչ իրավական հիմքով են կենդանաբանական այգի տեղափոխվել Մանվել Գրիգորյանի կենդանիները։

«Մենք պատրաստակամություն հայտնեցինք օգնության ձեռք մեկնելու, և մեզ թույլ տվեցին այդ կենդանիներին տեղափոխել»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Վայրի կենդանիները մեր երկրում շարունակում են մնալ անազատ պայմաններում, առանց անասնաբույժի հսկողության ու թերսնված։ Ռուբեն Խաչատրյանը նշում է, որ իր համար անընդունելի է վայրի կենդանիներ պահելու՝ մեծահարուստների  զվարճանքը։

«Իմ գնահատականը շատ բացասական է, և հույս ունեմ, որ նոր կառավարության օրոք այս խնդիրը կվերանայվի»,- նկատեց նա։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից վերջին ուսումնասիրությունն արվել է 3 տարի առաջ, ինչի արդյունքում անազատության մեջ հայտնաբերվել են 80 արջ, որից 17-ն այս պահին փրկված են։

Կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը տարիներ շարունակ, բոլոր հնարավոր եղանակներով բարձրաձայնում է, որ Հայաստանում վայրի կենդանիներ ձեռք բերելու մասին օրենքը թերի է: Ըստ նրա՝ սա է պատճառը, որ դաշտը չի կանոնակարգվում:

«Գրեթե բոլոր օլիգարխները իրենց բակերում ունեն վայրի կենդանիներ, գրեթե բոլորին էլ անուններով գիտենք, սակայն, որևէ կերպ մենք չենք կարողանում քայլեր ձեռնարկել արդեն օրինական դաշտում՝ պահանջելով տվյալ մարդկանց կամ բարելավվել կենդանիների կեցության պայմանները, կամ նրանց տեղափոխել այլ ավելի հարմար միջավայր: Մենք որևէ արտոնություն չունենք գնալ նրանց բակից բռնել այդ կենդանուն ու բերել»,- համոզված է Կարինե Փանոսյանը:

Ըստ գործող օրենքի՝ քաղաքացին կարող է վերարտադրության, գիտահետազոտական աշխատանքների նպատակներով ունենալ նույնիսկ կարմիր գրքում գրանցված կենդանիներ։ Կենդանուն  մասնավոր տարածքում պահելու համար հարկավոր է ունենալ միայն բնապահպանության նախարարության թույլտվությունը, որը տրամադրվում է առանց մեծ դժվարության։

«Այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս թույլ տալ կամ ինչ սկզբունքով թույլ չտալ քաղաքացուն ձեռք բերել այս կամ այն կենդանուն: Մենք տեսնում ենք, որ շատ հաճախ նույն այդ օլիգարխներից ոմանք սննկանում են և շատ կենդանիներ մնում են կամ դրսում, կամ սպանվում են, կամ վերադարձվում են բնական միջավայր, ինչը ևս վտանգավոր է, որովհետև վանդակում երկար ժամանակ ապրած կենդանին ի վիճակի չէ բնության մեջ ապրել»,- նշում է նա։

Կարինե Փանոսյանի գնահատմամբ՝ Բնապահպանության նախարարության լիազորությունները խիստ սահմանափակ են։

«Հուսով եմ, որ նոր կառավարության դեպքում մենք կունենանք այլ արդյունք, դեռևս, իմ ոլորտում որևէ շարժ չեմ տեսնում: Ակնկալում եմ, սակայն, որ շուտով ինչ որ բան կփոխվի»։

Բնապահպանության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ հաճախականությամբ  են իրականացվում շրջայցեր և ստուգումներ՝ պարզելու, թե մասնավոր անձանց կողմից ինչ վիճակում են պահվում  վայրի  կենդանիները:

Տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վայրի կենդանիներին անազատության մեջ պահելու մասով նախարարությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել:

Ինչ վերաբերում է շրջայցերին, դրանք իրականացվում են միայն, երբ  ահազանգի հետքերով վարույթ է ընդունվում, այլ գործառույթի իրավասություն չունեն: Վերջին ահազանգն էլ եղել է ռեստորաններից մեկում պահվող արջերի հետքերով:

 Թե, երբ այս ոլորտն, ի վերջո,  կկանոնակարգվի, հայտնի չէ:

Մասնագետները պնդում են, որ այս հարցում օրենքը թերի է, և հստակ փոփոխությունների կարիք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան