ԿԳՄՍՆ-ում կայացել է «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատմաբան գիտնականներին թեմայի շուրջ հետաքրքրվածության և մտահոգությունների համար՝ շեշտելով, որ մասնագիտական քննարկումներն անչափ կարևոր են նախարարության համար։

«Փորձել ենք միավորել բոլոր այն մասնագետներին, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևաչափով նախարարությանն են փոխանցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ: Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կընթանան մասնագիտական դաշտում՝ առավելագույնս ապահովելով մասնագիտական կարծիքի ներկայացումը։ Սա շատ կարևոր քննարկում է մեզ համար՝ մասնագիտական տեսանկյունից ճիշտ որոշում կայացնելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ փոփոխությունների գնալ մասնագիտական կոնսենսուսի ճանապարհով՝ հաշվի առնելով պատմագետների կարծիքը և դասագրքի լավարկման անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում գիտնականները նշել են, որ նախարարի հետ հանդիպումից առաջ Պատմության ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀՊՄՀ-ի համապատասխան ամբիոնների մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որին ներկա է եղել նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը: Այդ քննարկման ժամանակ ներկայացվել են մասնագիտական մի շարք մոտեցումներ և դիտարկումներ, որոնց հետ դասագրքի հեղինակը մեծամասամբ համաձայնել է, քանի որ դրանք առավելապես առնչվել են դասագրքի փաստական բովանդակությանը:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։ Ներկաների դիտարկմամբ՝ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի առնչությամբ մասնագիտական շրջանակների անհանգստությունն առավելապես վերաբերում է փաստական անճշտություններին, որոնցից որոշները, ըստ գիտնականների, սկզբունքային խնդիրներ են պարունակում։ Նրանք միաժամանակ ընդգծել են, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած նոր դասագիրքն ունի հաջողված մեթոդական և մանկավարժական նորարարություններ, որոնք կարող են նպաստել ուսուցման որակի բարելավմանը։ Պատմաբանների խոսքով՝ հեղինակը ցուցաբերել է մասնագիտական խիզախություն՝ հանձն առնելով գրքի ստեղծման պատասխանատվությունը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր դիտարկումներում անդրադարձել է դասագրքում առկա փաստական անճշտություններին՝ նշելով, որ այն որոշակի անհամապատասխանություն ունի նաև հանրակրթության պետական և «Պատմություն» առարկայի չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ դասագրքի վերախմբագրման դեպքում կարող են հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ առաջանալ, հետևաբար պետք է ստեղծել նոր դասագիրք՝ հեղինակային և խմբագրական ընդլայնված կազմով:

Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի դիտարկմամբ՝ «Հայոց պատմություն» առարկայի՝ մինչև այս եղած դասագիրքը ևս խնդիրներ ուներ և նոր դասագրքի հրատարակումն անհրաժեշտություն էր, սակայն դասագրքում կան անհապաղ վերանայման կարիք ունեցող անճշտություններ։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հնագետ Պավել Ավետիսյանն անդրադարձել է դասագրքում զետեղված հնագույն շրջանին և նշել՝ դրան առնչվող որոշակի անճշտությունների և բացթողումների շտկման ուղղությամբ պատրաստ է գրքի հեղինակի հետ աշխատել՝ ներկայացնելով իր մասնագիտական դիտարկումներն ու օժանդակությունը: Պավել Ավետիսյանի կարծիքով՝ գրքում առկա են Սմբատ Հովհաննիսյանի մեթոդաբանական մոտեցումները, որոնք նորարար են և ողջունելի: Ըստ անվանի հնագետի՝ գրքի անճշտությունների և բացթողումների շտկումից հետո այն պետք է շարունակի գործածվել դպրոցներում:

Ուրարտագետ, Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի կարծիքով՝ ուրարտական շրջանին առնչվող փաստական անճշտությունների շտկման, ինչպես նաև հետագայում դասագրքերի ստեղծման գործընթացի բարելավման առումով ցանկալի է գրախոսության ինստիտուտի ներդրումը։

Իրենց մասնագիտական դիտարկումներն են ներկայացրել նաև հանդիպմանը ներկա մյուս գիտնականները։

Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը նշել է, որ ժամանակի սղության պատճառով դասագիրքը մասնագիտական կառույցների գրախոսմանը ներկայացնելու հնարավորություն չի եղել։ Նրա խոսքով՝ մասնագիտական դիտարկումների ընթացքում մի շարք բարձրացված հարցեր արդեն իսկ ընդունվել են, որոնք անպայման շտկվելու են։ Ըստ հեղինակի՝ նա կիրառել է մեթոդաբանական և կառուցվածքային մի շարք նորարարություններ, և խմբագրման ու լրամշակման դեպքում դասագիրքը կարող է կիրառվել՝ ապահովելով կրթության որակի բարելավում, որը, ըստ հանրակրթության չափորոշչի, առաջնային խնդիր է։

«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս նշել է, որ արձանագրված վրիպակների շտկման ուղղությամբ հեղինակի կողմից տարվել են աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։ Նախարարը խնդիր է դրել, որ հեղինակը կազմի և ներկայացնի ամբողջական ամփոփաթերթ, որում ներառված կլինեն մասնագիտական բոլոր դիտարկումները, դրանց ընդունելու, մասնակի ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հեղինակի հիմնավորված դիրքորոշումը։ Նախարարություն ներկայացված ամբողջական ամփոփաթերթը պետք է հասանելի լինի նաև քննարկման մասնակիցներին՝ հավաստիանալու, որ բոլորի դիտարկումները ներառված են։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փորձաքննությունն իրականացնող պատմաբան գիտնականների անունները հրապարակվելու են, նախարարը նշել է՝ առաջնայինն անաչառ և որակյալ մասնագիտական կարծիք ունենալն է, որի ապահովման հիմնական պայմանը նաև այդ փորձագետների անանունության ապահովումն է՝ զերծ մնալու որևէ ճնշումներից և ի սկզբանե կողմնակալ դիրքորոշման ներկայացումից։

Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ փոփոխություն է իրականացվելու դասագրքերի փորձաքննության կարգում, համաձայն որի՝ կարևորվելու է մասնագիտական կառույցների դերակատարումը։ Նախագծի հանրային քննարկումն արդեն ավարտվել է և առաջիկայում կհաստատվի։ Նա նաև կոչ է արել մասնագիտական և գիտական հանրույթին՝ ակտիվորեն մասնակցել ԿԳՄՍՆ-ի կողմից արդեն իսկ հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթներին՝ ապահովելով դասագրքերի ընտրության հնարավորությունների ընդլայնում թե՛ նախարարության, թե՛ դպրոցների համար՝ բոլոր առարկաների ուղղությամբ։