Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին․ ՌԴ-ն այն արդեն «սխալ որոշում» է որակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Խորհրդարանն այսօր ձայների 60 կողմ, 22 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրման։

«ՀՀ տարածքը որոշակիորեն երաշխիք է ստանում, որ կատարված ցանկացած հանցագործություն կունենա կանխարգելիչ ազդեցություն»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։                                               

Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց` ՀՀԿ-ն երկու անգամ հայտարարել է՝ կանոնադրության քննարկումն անգամ  հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին պնդեց՝ նախագիծը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացվում, իսկ արդեն քվեարկությունից հետո նշեց՝ ստատուտի վավերացմամբ ՀՀ ԱԺ-ն գերազանցեց իր լիազորությունները։ Իշխանական պատգամավորները, մեջբերելով Սահմանադրական դատարանի որոշումը, հակադարձեցին՝ կանոնադրության վավերացումը չի հակասում Սահմանադրությանը։ 

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1998 թվականին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։ ՀՀ Սահմանադրական դատարանը 2023թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը, հարցը պետք է քննի և կանոնադրությունը վավերացնի խորհրդարանը։

Արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացմամբ ՀՀ-ն հնարավորություն կունենա վերականգնել տարածքային ամբողջականությունը․ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Եղիշե Կիրակոսյանին։

«Խոսքը վերաբերվում է ՀՀ տարածքում հանցագործություններ գործած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն․ կանոնադրությունը դրա մասին է։ Վավերացման ակտը ինքին ինքնիշխան ակտ է, բայց չի վերաբերվում տարածքային ամբողջականությանը։ Վերաբերում է ֆիզիկական անձանց, ռազմական, քաղաքական  ղեկավարության կողմից արված պատերազմական, ցեղասպանական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում նրանց պատասխանատվության  ենթարկելուն»,- պարզաբանեց Կիրակոսյանը։

Եթե մեղադրվող կողմը չի վավերացրել ստատուտը, բայց դատական գործընթացի մաս է, հնարավո՞ր է վերջինս հրավիրվի դատարան։ Կիրակոսյանը բացատրում է, որ կանոնադրության իրավազորությունը գործում է երկու տրամաբանությամբ։ Մեկն այն է, որ գործում է տարածքի, մյուսը՝ վավերացրած երկրի կամ իրավազորությունը ճանաչած երկրի քաղաքացիների նկատմամբ։ Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ եթե պատերազմական հանցագործություն է իրականացվում Կանոնադրությունը վավերացրած պետության տարածքում, անկախ նրանից՝ հանցագործություն իրականացնող երկիրը վավերացրե՞լ է, թե՝ ոչ, ենթակա է դատարանի իրավազորությանը։ Հռոմի ստատուտը վավերացրած բոլոր 124 պետությունները, այդ թվում՝  ՀՀ-ն, պարտավորություն են ունենալու համագործակցել դատարանի հետ ու հանցագործություն կատարած անձանց հանձնել կամ փոխանցել դատարանին։ Ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ ստատուտի վավերացմանը, երբ այն համարվում է ռազմական գործողությունների դեմ պայքարելու գործիք։

«Դուք կարծում եք՝ այն դեպքում, երբ Փաշինյանն Ալիևին կառուցողական է համարում, Ադրբեջանի հետ էլ խաղաղության օրակարգ է փորձում ստեղծել, ՀՀ իշխանությունները ստատուտի վավերացումից հետո այդ երկրի նախագահին դատի կտա՞ն։ Կատա՞կ եք անում։ Ուղղակի ծիծաղելի է»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հռոմի կանոնադրության վավերացման այս ամբողջ գործընթացն ուղեկցվել է ռուսական կողմից հնչող սուր քննադատություններով։ Այսօր արդեն Կրեմլի  խոսնակ Դմիտրի Պեսկովն այն որակել է սխալ որոշում և ոչ կոռեկտ քայլ՝ նշելով, թե այդ առնչությամբ հարցեր ունեն Ռուսաստանի բարեկամ Հայաստանի ղեկավարությանը։ 

«Մենք չէինք ցանկանա, որ երբևէ որևէ պատճառով նախագահ Պուտինը ստիպված լիներ հրաժարվել Հայաստանի այցից»,- հավելել է Պեսկովը։

Ռուսաստանն այս օրերին նաև սպառնալիքներ է հնչեցրել՝  առանց փակագծեր բացելու հայտարարելով, թե կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Հաշվի առնելով այս հայտարարությունները և ռուսական կողմից հնարավոր գործողությունները՝ արդյո՞ք գործող իշխանությունը գնահատել է հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ տնտեսական․  իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նախ պնդեց, թե ստատուտի վավերացումը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, ապա շեշտեց․ «Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Որևէ հիմք՝ պնդելու, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք»։

Այս կանոնադրության վավերացման համատեքստում ամենաքննարկվող հարցը ՌԴ նախագահի ձերբակալությունն է։ Միջազգային քրեական դատարանը դեռ մարտին Պուտինին կալանավորելու օրդեր էր տվել, և տարբեր փորձագիտական շրջանակներից հնչում են պնդումներ, թե ստատուտի վավերացումը ենթադրում է ՌԴ նախագահի կալանավորում տվյալ երկիր այցի դեպքում։ Մինչդեռ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել է, թե ձերբակալման մասին խոսք լինել չի կարող՝ գործող նախագահներն օժտված են իմունիտետով, բացի այդ, պաշտոնական Երևանն այս առնչությամբ Մոսկվային առաջարկներ է ուղարկել, բայց այդպես էլ որևէ պատասխան չի ստացել։

Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը ևս համարում է, որ կանոնադրության  վավերացումը Ռուսաստանի դեմ թշնամական քայլ է, իսկ հետևանքներն արդեն նկատելի են․ օրինակ՝ Լարսի անցակետում հայ վարորդների համար արհեստական խնդիրներ են ստեղծվել։ 

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասում է՝ եթե Ռուսաստանը սպառնալիքներից անցնի կոնկրետ գործողությունների, ՀՀ ղեկավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի, միաժամանակ շեշտելով՝ Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում և չի ուզում դարձնել թշնամի։

Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021թ. մայիսից սկսած` Ադրբեջանի զինված ուժերը, ռազմական ագրեսիա իրականացնելով, ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, 2022-ի սեպտեմբերի 13-14-ին էլ ադրբեջանական նոր լայնածավալ ռազմական ագրեսիան հանգեցրեց հարյուրավոր զոհերի, այդ ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, մինչդեռ, շեշտում է՝ Հռոմի ստատուտը բավարար չէ հնարավոր նոր ագրեսիաները կանխելու համար։

«Որևէ իրավական գործիք երբևէ չի կարող միակ կամ բացառիկ միջոցը լինել խնդիրը լուծելու համար, բայց կարող է նպաստել խնդիրների կարգավորմանը, եթե այդ գործիքները պատշաճ և ճիշտ են օգտագործվում»,- ընդգծեց ՄԻՊ-ը։

Ուշագրավ է, որ իրավական տեսանկյունից Բաքվին չզսպեց անգամ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել էր երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան