Արամ Հարությունյանին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ 2015 թվականին, այսինքն՝ նախկին իշխանությունների օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու մեղադրանքով։

2016 թվականի հունիսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Արաքս Դիլանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հունիսի 8-ին Դիլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2017 թվականի հունվարի 31-ին Արաքս Դիլանյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, ապա ՀՔԾ-ն նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հետագայում այս քրեական գործը կարճվել է, իսկ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ 2018-ին՝ վերաբացվել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՔԾ-ի Արաբական Միացյալ Էմիրություններից ստացվել են իրավական փոխօգնության շրջանակներում նախկինում ուղարկված հարցման վերաբերյալ պատասխաններ, որոնք էլ հիմք են հանդիսացել գործը վերաբացելու համար։

Ինչո՞ւմ էր մեղադրվում Արաքս Դիլանյանը

Ըստ մեղադրանքի՝ Արաքս Դիլանյանը 1990-ական թվականներից մշտական բնակություն է հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորությունների շրջանակում ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն ունեցող՝ գործարար Սիլվա Հարությունի Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում գտնվող տասը հանքավայրերում ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու, հետագայում դրանց ժամկետը երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցում օժանդակելու համար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 4.2 միլիարդ ՀՀ դրամին համարժեք 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը 8 միլիոն ԱՄՆ դոլարը, կարող է ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Արաքս Դիլանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում 2006 թվականից իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է վերջինին, այդ կերպ միջոցներ տրամադրել պաշտոնատար անձին կաշառքի գումարի մասը նշված եղանակով ստանալու համար: 2008 թվականի փետրվարի 3-ին Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող «ԹԻ ԷՄ ԷՍ ՄԻ» ընկերության 100% բաժնետոմսերը 40 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործունեություն իրականացնող «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ՁԵԹ» ՍՊ ընկերությանը։

Պաշտոնատար անձի և Սիլվա Համբարձումյանի միջև տեղի ունեցած պայմանավորվածության համաձայն՝ վերջինի խնդրանքով նշված գումարի մի մասը` կաշառքի առարկա հանդիսացող, առանձնապես խոշոր չափերով` 2.4 միլիարդ ՀՀ դրամին համարժեք 8 միլիոն ԱՄՆ դոլար գումարը, «Թի ԷՍ ԷՍ ՍԻ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով սահմանված դրույթի ուժով 2008 թվականի փետրվարի 7-ին արաբական ընկերությունը Ֆուջեյրայի ազգային բանկի իր հաշվեհամարից ներքին փոխանցման եղանակով փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած Արաքս Դիլանյանի Աբու Դաբի քաղաքի Նեշնլբանկի հաշվեհամարին։ Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը Արաքս Դիլանյանը կաշառքի գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամական գումարները ներքին փոխանցումով փոխանցել է կաշառք ստանալու հարցում պաշտոնատար անձին օժանդակող, նրա մտերիմներ՝ Արմեն Խաչատրյանի անվամբ Աբու Դաբի քաղաքի Նեշնլ բանկում բացված հաշվեհամարին, ինչպես նաև Վիկտոր Մարտիրոսյանի և Գագիկ Կարապետյանի անուններով նույն բանկում բացված համապատասխանաբար հաշվեհամարներին։

Առանձնապես խոշոր չափերով կաշառքը ստանալու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով 2008-2009 թվականներին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած Արմեն Խաչատրյանը՝ Արամ Հարությունյանի պահանջով իր հաշվեհամարին մուտքագրված գումարից 450,000 ԱՄՆ դոլարը կանխիկացրել և փաստացի Արամ Հարությունյանի սեփականություն հանդիսացող ընկերությունների համար տարբեր տեխնիկաներ է գնել, իսկ գումարի մի մասն առձեռն տվել է Արամ Հարությունյանին։ Այնուհետև 2010 թվականի հունվար ամսին Արամ Հարությունյանը և Արմեն Խաչատրյանն այցելել են Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նշված բանկ, որտեղ Արամ Հարությունյանի պահանջով Արմեն Խաչատրյանը մնացած գումարը փոխանցել է Արամ Հարությունյանի հաշվեհամարին։
Նույն ժամանակ Արամ Հարությունյանի պահանջով Վիկտոր Մարտիրոսյանը և Գագիկ Կարապետյանն իրենց հաշվեհամարներին փոխանցված գումարները նույնպես փոխանցել են Արամ Հարությունյանի համապատասխան հաշվեհամարին, որպիսի պայմաններում պաշտոնատար անձը հնարավորություն է ստացել տնօրինելու կաշառքի առարկա՝ հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գումարը:

Պաշտպանը միջնորդել է Արաքս Դիլանյանի նկատմամբ վաղեմության հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը

2019 թվականի հունիսի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Պաշտպան Մկրտիչ Վասակյանի կողմից ներկայացված միջնորդության համաձայն՝ առաջադրված մեղադրանքով իր պաշտպանյալ Արաքս Դիլանյանը ենթադրյալ հանցագործությունը կատարել է 2008 թվականի փետրվարի 7-ին։
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված նորմի վերլուծությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմը ձևական է, այսինքն՝ այդ հանցագործությունը համարվում է ավարտված հոդվածի դիսպոզիցիայում նշված գործողություններից որևէ մեկի կատարման պահից, հետևաբար՝ Արաքս Դիլանյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունը ավարտվել է 2008 թվականի փետրվարի 7-ին և դրան հաջորդող օրվանից սկսվել է վաղեմության ժամկետի հոսքը:

Վկայակոչելով վերաբերելի իրավանորմեր՝ պաշտպանը նշել է, որ Ա.Դիլանյանին վերագրվող ենթադրյալ արարքն ավարտվել է 2008 թվականի փետրվարի 7-ին, հետևաբար՝ դրա համար նրա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ավարտվել է 2023 թվականի փետրվարի 7-ին:

Պաշտպանը միջնորդության մեջ նշել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից ստացած տեղեկանքով Արաքս Դիլանյանի վերաբերյալ նոր հանցագործությունների կատարում գրանցված չէ, հետևաբար ենթադրյալ հանցանք կատարած Արաքս Դիլանյանի քրեական պատասխանատվության ժամկետը ընդհատված կամ կասեցված համարելու հիմքեր առկա չեն։ Այսպիսով՝ պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալ Արաքս Դիլանյանին ազատել քրեական պատասխանատվությունից և քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Միջնորդությանը կից ներկայացվել է ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկանքը, համաձայն որի՝ Արաքս Դիլանյանի նկատմամբ 2016-ին հայտարարված է եղել հետախուզում, այժմ նա հետախուզման մեջ չէ։

Դատական նիստի ընթացքում Արաքս Դիլանյանը հայտնել է, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի և հետախուզում հայտարարված լինելու վերաբերյալ ինքը տեղեկացել է 2016 թվականի հոկտեմբեր ամսից։ Ընդ որում, այդ հանգամանքն իրեն հայտնի է դարձել ՀՀ-ում բնակվող իր ընկերուհուց, ում հարևանները պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներն իր վերաբերյալ հարցուփորձ են կատարել։ Այսինքն՝ ըստ էության՝ Դիլանյանը հայտնել է, որ ինքը նախկինում չի թաքնվել քննությունից։ Դիլանյանը համաձայնել է, որպեսզի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի իր նկատմամբ։

Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող, նույն գործով անցնող ամբաստանյալ Վիկտոր Մարտիրոսյանը և վերջինի պաշտպան Հունան Բաբայանը ևս չեն առարկել ներկայացված միջնորդության դեմ։

Բաբայանը դիրքորոշում է հայտնել, որ վաղեմության ժամկետների ընթացքը կասեցնելը կապված չէ հետախուզման ինստիտուտի հետ։ Չի բացառվում, որ անձի գտնվելու վայրը հայտնի չլինի, սակայն վարույթն իրականացնող մարմինը վերջինի նկատմամբ հետախուզում չհայտարարի։ Ուստի հետախուզում հայտարարելու մասին որոշմամբ նկարագրված փաստական հանգամանքները նշանակություն չունեն միջնորդությունը լուծելու հարցում։ Միջնորդությունը լուծելու համար էական է պարզել այն հանգամանքը, թե արդյոք անձը թաքնվում է քննությունից։ Հետևաբար, այլ հարց է, եթե գոյություն ունի որևէ տվյալ՝ Արաքս Դիլանյանի թաքնվելու վերաբերյալ։ Մինչդեռ, անհերքելի է, որ Արաքս Դիլանյանի մշտական բնակության վայր է հանդիսացել Արաբական Միացյալ Էմիրությունները, և ողջամտորեն ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել Արաքս Դիլանյանին տեղեկացնել, որ վերջինն ունի մեղադրյալի կարգավիճակ և այդպիսով թաքնվում է քննությունից։ Հետևաբար, իր կարծիքով՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու հաշվարկը պետք է սկսվի Արաքս Դիլանյանի կողմից դիմում ներկայացնելու պահից։

Նման պայմաններում Արաքս Դիլանյանի վարքագիծը, մասնավորապես՝ այն, որ վերջինին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործություն, և տեղեկանալով իր նկատմամբ հայտարարված հետախուզման մասին, նա դիմում է ներկայացրել, վկայում է այն մասին, որ Արաքս Դիլանյանը քրեական գործի քննությունից թաքնվելու մտադրություն չի ունեցել։ Իսկ հետախուզում հայտարարելու մասին որոշման մեջ նշված այն հիմքը, որ անձը թաքնվում է գործի քննությունից, քննիչի դիրքորոշումն է։ Մինչ հիշյալ դիմումը, առկա չէ որևէ փաստական տվյալ, որ Արաքս Դիլանյանը, տեղեկացված լինելով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, խուսափել է ՀՀ իրավապահ մարմիններ ներկայանալուց։

Դատարանի իրավական վերլուծությունը

Դատարանը գտել է, որ Արաքս Դիլանյանի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի քննության շրջանակներում Դատարանի կողմից կիրառման ենթակա պրոցեսուալ (ընթացակարգային) նորմատիվ իրավական ակտ է դիտարկվում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, իսկ որպես նյութական հիմք ծառայելու է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասնհինգ տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Արաքս Դիլանյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում, այն է՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու օժանդակություն, որի սանկցիան որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Վերը նշվածից պարզ է դառնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված հանցագործությունն առանձնապես ծանր է, որի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը տասնհինգ տարի է, այսինքն՝ վաղեմության ժամկետը լրացել է։

Սույն գործով կիրառելի Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից` քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

Դատարանն, անդրադառնալով հետախուզման հարցին առհասարակ՝ նշել է, որ մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու վայրի բացահայտումն է, որը պայմանավորված է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու կամ մեղադրյալի կողմից քննությունից թաքնվելու հանգամանքների հետ։ Ընդ որում, այս երկու հիմքերը միմյանցից էապես տարբերվում են դիտավորության ուղղվածությամբ:

Առաջին դեպքում մեղադրյալը յուրաքանչյուր անգամ չէ, որ ունենում է քննությունից կամ դատից խուսափելու կամ թաքնվելու դիտավորություն, սակայն վարույթ իրականացնող մարմինը չի կարողանում կամ ի վիճակի չէ պարզել մեղադրյալի գտնվելու վայրը: Մասնավորապես՝ անձը որևէ կերպ չկասկածելով իր՝ իրավապահների հնարավոր ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը, փոխում է բնակության վայրը կամ ի սկզբանե մշտական բնակության վայրն այլ տեղ է։ Կամ մեկ այլ դեպքում, երբ անձը կատարում է հանցավոր արարք, սակայն որոշակի ժամանակ անց այդպես էլ չհայտնվելով իրավապահների տեսադաշտում՝ աշխատանքի կամ անձնական բնույթի այլ հանգամանքների բերումով փոխում է բնակության վայրը կամ հեռանում ՀՀ-ից (սակայն ոչ թաքնվելու դիտավորությամբ):

Իսկ քննությունից կամ դատից թաքնվելը ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ հանցանք կատարած անձը գիտակցում է, որ իրավապահ մարմինները կասկածում են իրեն հանցանքի կատարման մեջ, սակայն դիտավորյալ չի ներկայանում նախաքննության մարմնին կամ դատարան։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն կասկածյալին/մեղադրյալին կամ ամբաստանյալին, այլև յուրաքանչյուր անձի, ով թեև չունի որևէ դատավարական կարգավիճակ, սակայն գիտակցում է, որ քրեական հետապնդման մարմինները որոշակի կասկածներ ունեն հանցավոր արարքն իր կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Այսինքն՝ վաղեմության ժամկետները թաքնվելու հիմքով կասեցնելու համար հստակ պետք է տարբերակել այն իրավիճակը, երբ անձի գտնվելու վայրը հայտնի չէ և վերջինը կարող է չիմանալ իր վերաբերյալ իրականացվող քրեաիրավական գործընթացների մասին, հնարավոր այն իրադրությունից, երբ ենթադրյալ հանցանք կատարողն այս կամ այն եղանակով խուսափում է գործի քննությունից։ Ընդ որում, վերջին դեպքում չպետք է հիմնվել միայն այն կանխավարկածի վրա, որ եթե անձը երկրում չէ, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում, ապա անպայմանորեն վերջինը խուսափում է գործի քննությունից:
Հետևաբար՝ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումն ինքնին չի կասեցնում վաղեմության ժամկետների ընթացքը:

Սույն դեպքում 2016 թվականի հունիսի 7-ին Արաքս Դիլանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ քննությունից թաքնվելու հիմքով, իսկ վերջինը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին միայն 2017 թվականի հունվարի 31-ին: Մինչդեռ քրեական գործի նյութերում որևէ տեղեկատվություն առկա չէ այն մասին, որ հետախուզում հայտարարելու պահին Արաքս Դիլանյանը, տեղեկացված լինելով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, դիտավորյալ թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից:

Ինչ վերաբերում է հնարավոր այն մեկնաբանությանը, որ առանձնապես ծանր հանցանք կատարած անձը (ենթադրյալ) ողջամտորեն կարող է գիտակցել հնարավոր քրեական հետապնդման ենթարկվելու հնարավորությունը, ապա, ըստ դատարանի, պետք է նկատել, որ վկայակոչվածը տրամաբանական կլիներ, եթե օրինակ՝ Արաքս Դիլանյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդումն իրականացվեր հանցանքի կատարումից անմիջապես հետո և ոչ թե ութ տարի անց: Խոսքն այն մասին է, որ արարքի քրեական հակաիրավականությունը գիտակցելու չափանիշը ենթադրում է դրա կապակցությամբ հնարավոր առաջացող անբարենպաստ հետևանքները, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելը, վարույթն իրականացնող մարմնի կողմից փնտրվելը և այլն, սակայն եթե անձի նկատմամբ հանցանքի կատարումից հետո ութ տարի շարունակ քրեական հետապնդում չի իրականացվել, ապա վկայակոչված հանգամանքը բավարար է պնդելու, որ վերջինը կարող էր չենթադրել իր նկատմամբ իրականացնող դատավարական գործողությունների մասին:

Ավելին՝ դատարանի համար ընդունելի է նաև պաշտպան Հունան Բաբայանի այն տեսակետը, որ տվյալ դեպքում խոսքը Արաքս Դիլանյանի Արաբական Միացյալ Էմիրություններում մշտական բնակվելու մասին է, ինչի պայմաններում ողջամիտ է այն հանգամանքը, որ վերջինը կարող էր 8 տարի անց ՀՀ-ում իրականացվող քրեական հետապնդման մասին տևական ժամանակ տեղեկացված չլինել։

Այս և այլ հիմնավորումներով դատարանը որոշել է Արաքս Դիլանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դիլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել:

Արաքս Մամուլյան