Աննա Հակոբյանի ելույթը «Իմ քայլը» հիմնադրամի շնորհանդեսին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ձերդ գերազանցություն դեսպաններ, տիկնայք և պարոնայք
Շնորհակալ եմ ձեր ներկայությամբ մեզ պատվելու համար: Վստահ եմ` արդեն հասցրեցիք վայելել այս գողտրիկ վայրի ողջ հմայքը: Բայց համոզված եղեք՝ օրվա ամենահաճելի պահերը դեռ առջևում են:
Ես այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը՝ ինչպես եղավ, որ այն ստեղծվեց, ինչ խնդիր է դրել իր առջև:
Այն պահից, ինչ ամուսինս ստանձնեց Հայաստանի վարչապետի խիստ պատասխանատու պարտականությունները, ես կանգնեցի ծանր ընտրության առջև՝ թե որն է լինելու իմ անելիքը: Ինչպես գիտեք, ես երկար տարիներ Հայաստանի ամենաբարձր տպաքանակ ունեցող օրաթերթի գլխավոր խմբագիրն եմ: Պետք է լինեմ առավելագույնս անկեղծ. որոշել էի շարունակել աշխատանքս, նախ՝ որովհետև շատ սիրում եմ այն և հետո, կարծում եմ՝ մամուլը մեծ դեր ունի ցանկացած երկրում, իսկ հետհեղափոխական Հայաստանում, վստահ եմ, առավել կարևոր:
Եվ ահա այդ օրերին էր, որ մեր սիրելի Սոնան, որը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջերն է և հյուրընկալում է մեզ այս չքնաղ վայրում, այցելեց մեր խմբագրություն, զրուցեցինք, և պարզվեց, որ չափազանց հեղինակավոր այս փառատոնը կարող է այլևս չկայանալ, եթե որևէ կերպ չլուծվի ֆինանսավորման հարցը: Այսպիսի բովանդակությամբ հանդիպումն ինձ համար առաջինն էր, բայց ոչ վերջինը: Ձեզ չհոգնեցնելու համար ուղղակի ասեմ, որ այս երկու ամսվա ընթացքում տասնյակ նման հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետ, ովքեր իրականացնում են շատ կարևոր նախագծեր, որոնք չեն կարող շարունակվել, եթե ֆինանսավորում չստանան: Նախկինում նրանք բոլորը ֆինանսավորվել են տարբեր ուղիներով, հիմնականում միջանձնային հարաբերությունների վրա հիմնված, ինչն ընդունելի չէ նոր Հայաստանում՝ նոր իրողությունների պարագայում։ Զուգահեռաբար ինձ էին դիմում մարդիկ, որոնք պատրաստակամություն էին հայտնում իրենց ֆինանսական և ցանկացած այլ աջակցությունը ցուցաբերել նոր Հայաստանին և այն բոլոր նախագծերին, որ մենք հարմար կգտնենք:

Այսինքն՝ մի կողմում կան մարդիկ, որոնք հրաշալի գործ են անում և այդ գործը շարունակելու համար ֆինանսների կարիք ունեն, մյուս կողմում՝ մարդիկ, որոնք առաջարկում էին ֆինանսավորել հրաշալի գործեր:
Զուգահեռաբար ինձ հետ հանդիպում էին մարդիկ՝ ներկայացնելով տարբեր խնդիրներ և առաջարկելով, որ ես, օգտագործելով իմ կարգավիճակը, բարձրացնեմ այդ խնդիրներն ու լուծումների տարբերակներ փնտրեմ:

Ի վերջո, կարճ ժամանակում ես հասկացա, որ հանրությունն ինձնից ունի շատ կոնկրետ պահանջներ ու ակնկալիքներ, և ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ մերժելու դրանք: Եվ իմ անձնական ցանկությունը՝ շարունակելու մասնագիտական գործունեությունը որպես օրաթերթի գլխավոր խմբագիր, ցավոք, որևէ մեկին չի հետաքրքրում: Ես հասկացա, որ ես պարտավոր եմ անել իմ քայլը որպես վարչապետի տիկին և իմ համեստ լուման ներդնել հեղափոխված Հայաստանը կարճ ժամանակում էլ ավելի լավը դարձնելու գործում: Դրա համար պետք էր որևէ ինստիտուցիոնալ մարմին, որն էլ դարձավ «Իմ քայլը» հիմնադրամը:

Այսպիսով, մեր հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ:

Կրկին տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում ուրվագծվեց մեր գործունեության շրջանակը՝ մշակույթ, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն:
Հիմնադրամն այս բոլոր ոլորտների խնդիրների հասցեագրման համար գործելու է երեք ձևաչափով: Առաջին՝ կամուրջ ենք լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև: Երկրորդ՝ հովանավորելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ կունենանք մեր սեփական երկու-երեք նախագծերը, որոնք ինքներս կմշակենք ու կիրականացնենք:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման համար կմշակվեն կոնկրետ չափանիշներ, տեղի կունենա գործադիր տնօրենի ընտրություն բաց մրցույթի միջոցով: Հիմնադրամին կից կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնք կուսումնասիրեն ներկայացված ծրագրերը և հոգաբարձուների խորհրդին քվեարկությունից առաջ կներկայացնեն իրենց մասնագիտական կարծիքը, թե պե՞տք է արդյոք հաստատել և ֆինանսավորել տվյալ նախագիծը, ինչու՝ այո և ինչու՝ ոչ: Վերջնական որոշումն, իհարկե, կկայացվի բաց քվեարկությամբ:
Ուզում եմ մի քանի շատ սկզբունքային պահի վրա հատուկ ուշադրություն հրավիրել:

Առաջին. «Իմ քայլը» հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու ծախսված յուրաքանչյուր լումայի համար: Այդ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելը հիմնադրամի ստեղծման և գործունեության առաջին նախապայմանն է: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մեր ժամանակաշրջանում, պարզվում է, կան բազմաթիվ գործիքներ, որոնց օգնությամբ այդ խնդրի լուծումը ընդամենը տեխնիկայի հարց է: Իմ ելույթից հետո պարոն Գուրգեն Մարտիրոսյանը, որը սիրով և կամավոր հիմունքներով հանձն է առել հիմնադրամի տեխնիկական հենքի ստեղծման գործը, կներկայացնի «բլոկչեյն» համակարգը, որի միջոցով 100 տոկոս թափանցիկությամբ իրականցվելու է միջոցների հանգանակությունը և իրացումը:
Երկրոդ. «Իմ քայլը» հիմնադրամը բաց է լինելու յուրաքանչյուրի և բոլորի առաջ և պատրաստ է համագործակցել ամենատարբեր կազմակերպությունների, անհատների հետ՝ անկախ նրանց քաղաքական, սեռային, կրոնական, ազգային, էթնիկական պատկանելությունից:
Երրորդ. «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության շարունակականությունը չի կապվելու իմ անձի հետ, և ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո ես այն սիրով կփոխանցեմ հաջորդ վարչապետի տիկնոջը: Մինչ այդ, իհարկե, ամեն ինչ կանեմ հիմնադրամը կայացնելու և դրա կայուն ու անխափան գործունեության պայմաններ ստեղծելու համար՝ ծառայելու ամենաարդար, բարի և վեհ գաղափարներին՝ հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, դրանց քաղաքացիների և աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների երջանկության ու բարօրության:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս դահլիճում ներկա գտնվողներին, որոնք հիմնականում այն մարդիկ են, որ այս ընթացքում արդեն իսկ աջակցել են մեզ, կապ են հաստատել, առաջարկություններ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել մեր կողքին լինելու: Ձեր քայլն իսկապես կարևոր էր մեզ համար, և հույս ունեմ այսուհետ մենք էլ ավելի սերտ և արդյունավետ կհամագործակցենք: Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր հետաքրքրված են այս հիմնադրամի գործունեությամբ, բայց այստեղ չեն, և ևս մեկ անգամ կրկնել՝ մենք բաց ենք՝ համագործակցելու բոլորի հետ, մեզ համար չկան սահմանափակումներ, գոյություն ունի միայն նպատակ՝ բարձր նպատակներ, և այդ նպատակներն իրագործելու կամք:
Քանի որ սա վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ առաջին ելույթն է և հատկապես այս լսարանի ներկայությամբ ուզում եմ կիսվել մի քանի անձնական դիտարկումներով:
Արդեն երկու ամիս և չորս օր ես Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին եմ և ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ է դա նշանակում: Այն, որ մեր հասարակությունում կարծրատիպային մոտեցում կա կանանց դերի և նշանակության հարցում, կանայք արժանանում են խիստ տարբերակված և ցավոք, շատ հաճախ անարդարացի ու վիրավորական վերաբերմունքի, նորություն չէ ինձ համար: Ես դա տեսել եմ իմ կյանքի ողջ ընթացքում սեփական միջավայրում՝ հարազատների, հարևանների և ընկերների շրջանում, աշխատանքի բերումով և այլն: Բայց այն կարծրատիպերը, որ ձևավորված են պետության առաջին դեմքի տիկնոջ շուրջ, գերազանցեցին իմ բոլոր պատկերացումները:
Այս երկու ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, որը կարող է թաքուն ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա, միջնորդել՝ որ ամուսինն ընդունի այս կամ այն անձին կամ հավանություն տա այս կամ այն առաջարկին: Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, որը կարող է ներքին կարգով միջնորդել ծանոթներին կամ ծանոթների ծանոթներին տարբեր նախարարություններում աշխատանքի տեղավորելու հարցում, միջնորդել, որ այս կամ այն դերասանը վերադառնա թատրոն, կամ այս կամ այն անձը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ես ինձ զգացի կին, որը կարող է զգուշավորություն ներշնչել կառավարության անդամներին: Այս երկու ամսվա ընթացքում ես ինձ զգացի կին, որին մտերիմ լինելը համարվում է առավելություն այս կամ այն անձնական հարցը լուծելու համար: Շարքը երկար կարող եմ շարունակել:
Պետք է խոստովանեմ, որ այս զգացողությունը հաճելիներից չէ, ավելին՝ այն խիստ հիասթափեցնող է: Բարեբախտաբար, նույնը չեմ կարող ասել այն մարդկանց վերաբերմունքի մասին, որոնց ես վստահում եմ, և այդ մարդկանցով շրջապատված լինելն ինձ իսկապես ուժ է տալիս։ Ու քանի որ այսօր, ըստ էության, տրվում է վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ գործունեության մեկնարկը, ուզում եմ թախանձագին բոլորին խնդրել այստեղ ասվածն ընդունել ի գիտություն և ասվածից դուրս որևէ դերակատություն ինձ չվերագրել ու սպասելիքներ չունենալ: Ուզում եմ բոլորին ասել, որ ես չունեմ սիրած երգիչ-երգչուհիներ կամ դերասաններ, չեմ կարող և չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել, էական չէ, թե ով քանի անգամ է ինձ հետ սուրճ խմել՝ այդ հանգամանքը նրա կյանքում ոչինչ չի փոխելու: Եվ որ ամենակարևորն է՝ չեմ պատրաստվում ինձ շրջապատել «պալատական շքախմբով». հարաբերությունների այդ տեսակն ինձ հաճելի չէ, և ես առհասարակ անկարող եմ մութ, ընդհատակյա գործունեություն ծավալել: Աշխարհի շատ երկրներում կանայք, այդ թվում՝ ղեկավարների կանայք կոտրել են բազմաթիվ կարծրատիպեր և վաստակել են իրենց հասարակությունների հարգանքը, և ես հույս ունեմ, որ դա կհաջողվի նաև մեզ մեր երկրում:

Խոստանում եմ, որ վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց և բոլորի համար տեսանելի, և ես ամեն ինչ կանեմ կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար՝ Հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, դրանց քաղաքացիների, Սփյուռքի մեր հայրենակիցների և ամենաբարի ու վեհ գաղափարների:
Բարի երթ «Իմ քայլը» հիմնադրամին, և կեցցե Նոր Հայաստանն ու այն հեղափոխությունը, որ դեռ պետք է տեղի ունենա մարդկանց մտքում և հոգում: