Այսօր ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. ԼՂ-ում շոշափելի մարդասիրական ճգնաժամ է․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։

«Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և սիրելի գործընկերոջը՝ Թեհրան հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ բանակցությունների ու քննարկումների համար:

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Մեզ համար Իրանը մշտապես եղել և մնում ու շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, այդ թվում՝ ներկայիս բարդ պայմաններում առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված անխափան ու առանց վայրիվերումների մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ:

Մեծապես կարևորելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի սահմանած նշաձողը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդգծել ենք համատեղ տնտեսական ծրագրերի շարունակականությունն ու դրանք ավարտին հասցնելու նշանակությունը:

Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, և այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը:

Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարևորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը և վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ։

Երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից էր նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամանական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունն ենք համարում Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայ-իրանական ամուր կապերի մասին են վկայում մեր երկու երկրների պատմամշակութային հնագույն ժառանգության և կոթողների հանդեպ պետական բարձր մակարդակով տարվող մշտական հոգածությունը: Ուրախությամբ կնշեմ, որ օրեր առաջ տեղի է ունեցել մեր դիվանագետների ուխտագնացությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված և Իրանում գտնվող Սբ. Թադեոս առաքյալի վանական համալիր:

Կարևորում ենք ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը:

Հարգելի՛ ներկաներ,

Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը։ Առանձնահատուկ կերպով կարևորել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Իմ գործընկերոջն եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:

Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար:

Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։

Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։

Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։

Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ:

Իմ լա՛վ բարեկամ, պարոն Աբդոլլահիան,

Ցանկանում եմ վերստին ընդգծել Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատրաստակամությունը և քաղաքական կամքը՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ գործընկերության ոգով զարգացնելու ու խորացնելու հարաբերությունները մեր լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Շնորհակալություն այսօրվա ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար Թեհրանում, որն, ի դեպ այս տարվա սկզբից արդեն Երևանի հետ քույր քաղաք է: Հույս եմ հայտնում, որ առաջիկայում պատիվ կընձեռնվի Ձեզ հյուրընկալել Հայաստանում, որտեղ բարեկամներին միշտ են սպասում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ նաև ՀՀ վարչապետի հրավերն՝ ուղղված իր սիրելի գործընկերոջը՝ նախագահ Ռայիսիին։

Շնորհակալություն»‎։