Երևանը մաքրելու համար բավարար աշխատուժ չկա․ Աշխատեlove՝ ձեռք են մեկնում կամավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Մայրաքաղաք Երևանը մաքուր քաղաք չէ, բնակիչներն այն աղտոտում են ամեն քայլափոխի, իսկ մաքրելու համար բավարար աշխատուժ չկա։ Մայրաքաղաքի փողոցները, այգիներն ու բնակելի շենքերի բակերը հաճախ մաքրում են նաև քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ, քանի որ այլընտրանք չեն տեսնում։ 

Երևանի բնակիչ, գործարար Էդուարդ Հայրումյանը նրանցից մեկն է։

«Այս գործունեության նպատակը լավ քաղաքում ապրելն է, ու տեսնելով լիքը խնդիրներ քաղաքում, որոնք ես իմ պատկերացումով մտածում էի, որ կարող եմ լուծել, և մի օր չէ, շատ վաղուց ես մանր-մունր փորձում եմ լուծել։ Բայց անցած տարի օգոստոսից որոշեցի, որ ինչու՝ մանր-մունր, եկեք ավելի մեծ-մեծ հարցեր լուծենք քաղաքի համար, և այնպիսի հարցեր լուծենք, որ մեզ լավ զգանք, որ այս քաղաքում ենք ապրում»,- ասում է Հայրումյանը։

Խնդիրները, որոնց լուծմանը Հայրումյանը փորձում է մասնակցել, նոր չեն։ Դեռ 2019 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ միակողմանի խզում է պայմանագիրը «Սանիթեք» ընկերության հետ՝ պայմանագրային մի քանի խախտումներ կատարելու պատճառով։

Այնուհետև Երևանի ավագանին ստեղծել է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկը (ԵԱՍՄ), որը, ըստ հիմնարկի փոխտնօրեն Արման Բաղդասարյանի, քաղաքի մաքրմամբ զբաղվում է 24/7 ժամանակացույցով, որոշ փողոցներ մաքրվում են ամեն օր, որոշ  փողոցներ՝ ըստ անհրաժեշտության, սակայն աշխատուժը չի բավարարում ամբողջ քաղաքի մաքրությամբ զբաղվելու համար։

«Փողոցներ ունենք, որ, իհարկե, մաքրվում են ամենօրյա ռեժիմով, ավելի խոցելի փողոցներ կան, որ, կարող եմ ասել, մաքրվում են անգամ երկու անգամ»,- ասում է Բաղդասարյանը։

ԵԱՍՄ սանմաքրման բաժինն ունի 500 աշխատող, մինչև տարվա վերջ նախատեսում են ևս 120 աշխատողի ներգրավել։ Բաղդասարյանն ասում է՝ Երևանը լիարժեք մաքրելու համար մոտ 2,500 աշխատող է անհրաժեշտ։

«Իհարկե, չունենք բավարար քանակի աշխատակիցներ, որ բավական լինի ամբողջ Երևանում մաքրությունն իրականացնելու համար»,- հավելում է նա։

Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակ կազմակերպում է տարին մի քանի անգամ անգամ, իսկ Էդուարդ Հայրումյանն ամեն շաբաթ համախմբում է տասնյակ քաղաքացիների, և միասին մաքրում են քաղաքի ինչ-որ հատված։ Այսօր նրանք Երևանի Բուսաբանական այգում են:

Հերթական տարածքի մասին քաղաքացիները տեղեկանում են Հայրումյանի ֆեյսբուքյան էջից, միանում նրան, փորձում բարեկարգել քաղաքը։

Էդուարդը սոցիալական ցանցերով շատ ակտիվ բարձրաձայնում է առկա խնդիրների մասին, տեսանյութերի ու նկարների միջոցով ցույց տալիս, թե Երևանի որ հատվածում գրեթե մաքրություն չի արվում։ Ասում է՝ երբեմն արձագանքում են բողոքներին և մաքրում կամ բարեկարգում տարածքը, սակայն ոչ միշտ։ 

«Եթե խնդիրը բարձրաձայնում եմ, և քաղաքապետարանը չի լուծում, ես իմ ձևով եմ լուծում։ Օրինակ, բարձրացրեցի փոսի հարցը, քաղաքապետարանը չարեց, ես մի հատ անիվի վրա անդրադարձիչ ժապավեն եմ փաթաթում, տանում դնում եմ այնտեղ, այդպես հասկացան, որ չէ՝ պետք է համագործակցելով առաջ գնանք։ Կա, օրինակ, վարչական շրջանի ղեկավար, որ համարը տվել, ասում է՝ անձամբ խնդիրներն ինձ ուղարկեք։ Ասում է՝ մենք արդեն հասկանում ենք, որ եթե խնդիր եք բարձրայնում, ուրեմն պետք է լուծենք»,- նշում է Հայրումյանը:

Հայրումյանն ունի մոտ 200 գործիք, որոնք իրեն միացած քաղաքացիներին թույլ են տալիս մաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնել։ Իրենց շարժումն անվանում են «Աշխատեlove»։ Նրանք չեն լռում Երևանում խնդիրներ տեսնելիս, քանի որ ուզում են լավ քաղաքում ապրել։ Փորձում են բարձրացնել քաղաքացիների գիտակցությունը, բացատրել, որ այն ամենը, ինչն իրենց տանից դուրս է, ինչը որևէ մեկինը չէ՝ բոլորինն է, բոլորը պիտի պատասխանատվությամբ վերաբերվեն քաղաքի մաքրությանը։

Անդրեյ Մինասյանը կարևորում է հանրային աշխատանքն ու հասարակության մասնակցությունը քաղաքը մաքուր պահելու և դրական արդյունք արձանագրելու համար։

«Շատ ցանկալի կլինի, որ ամբողջ Հայաստանով մեկ ակտիվ մասնակցեն, ոչ միայն Երևանում ու ոչ թե մասնակցեն հայտարարելով, այլ ժողովուրդն ինքնակազմակերպվի, և ինքն դուրս գային, մեր այգիները մշակեին»,- ասում է Մինասյանը:

Բուսաբանական այգում Հայրումյանն ու համախոհները մաքրում են Յասամանների այգու 0,5 հեկտար տարածքը։

«Ցավոք, այս պահին մեր ուժերը, մեր բանվորական անձնակազմը չի բավարարում, որպեսզի այսպիսի մեծ տարածքը՝ շուրջ 80 հեկտար տարածք, կարողանանք պատշաճ և խնամված պահել»,- ասում է Երևանի Բուսաբանական այգու տնօրեն Արսեն Գասպարյանը:

Բուսաբանական այգուն օգնության հասած Հայրումյանը կարծում է, որ իրենց ջանքերը բավարար չեն այս կամ այլ տարածքները մաքուր պահելու համար, քանի որ աշխարհի՝ մաքուր համարվող քաղաքներում խնդիրը լուծել են տուգանքների ու պատասխանատու վարքագծի դրսևորման շնորհիվ։ ԵԱՍՄ փոխտնօրեն Արման Բաղդասարյանը նույնպես վարքագծային փոփոխության կողմնակից է՝ քաղաքացուն փոքրուց քաղաքը չաղտոտել սովորեցնելու, քանի որ իրենց հիմնարկը չի կարող յուրաքանչյուր տասը քաղաքացուն տրամադրել մեկ հավաքարար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էլեն Միքայելյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: