Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Շառլ Միշելի հայտարարությանը

Լուրեր

26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
Բոլորը

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։

Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։

Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։

Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։

Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։

Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։

Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։

Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»։