Սարսանգի ջրային պաշարները սպառվելու եզրին են․ հայտարարություն

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ։

«Արցախի Հանրապետության 146-օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն, հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:

Ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:
Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը: Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն:

Արդյունքում, ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³:

Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն: Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի վերոնշյալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի:

Հատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախության ողջ ժամանակաշրջանում, ի տարբերություն խորհրդային տարիների, կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիվ, միտումնավոր ու հանցավոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով և ստիպելով արցախյան կողմին ակտիվորեն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Փաստորեն, նաև նշված հանցավոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկո-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մեջ պահելով Արցախի ժողովրդին։

Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ:
Կից՝ Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023թ. հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով»,- ասված է հաղորդագրության մեջ: