Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. Ջոն Գալագեր

Լուրեր

17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:

Պարոն դեսպան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ թեմայի շուրջ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց: Դրան հաջորդեցին լուրերը, որ ի թիվս այլ երկրների՝ նաև Միացյալ Թագավորությունն է խոչընդոտել հայտարարության ընդունմանը: Ադրբեջանն էլ շնորհակալություն էր հայտնել Միացյալ Թագավորությանը, Ռուսաստանին, Ալբանիային և ԱՄԷ-ին հայտարարության ընդունումը ձախողելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը:

Մենք չափազանց անհանգստացած ենք ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ ենք արել այն վերաբացել։ Մենք բարեխղճորեն աշխատեցինք բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:

-Շրջանառվող տարբեր լուրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը՝ հաշվի առնելով, որ միջանցքն արգելափակած ադրբեջանցիները բողոքում են Լեռնային Ղարաբաղի կողմից այդ հանքերը շահագործելու դեմ:

-«Anglo Asian Mining» ընկերության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագիրը մասնավոր կոմերցիոն գործարք է։ Թեև «Anglo Asian Mining»-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, Միացյալ Թագավորության կառավարությունը բաժնեմաս չունի ընկերությունում և ներկայացված չէ նրա կառավարման խորհրդի կազմում:Բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների շուրջ վեճը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար համագործակցել միմյանց հետ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

-Արդեն 29 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու միջազգային հանրության կոչերը, ինչպես տեսնում ենք, որևէ արդյունք չեն տալիս: Ի՞նչ գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Միացյալ Թագավորությունը խնդրին լուծում տալու և Լեռնային Ղարաբաղում հասունացող հումանիտար աղետը կանխելու համար: Արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային այլ դերակատարների հետ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց:

-Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ է արտահայտվել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կառավարություններին բարեխղճորեն կատարել հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սա համահունչ է մեր աջակցությանը միջազգային ջանքերին` նպաստելու հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն այս դիրքորոշումը վերահաստատել է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած զրույցներում, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումներում և Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումներում: Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնք ձգտում են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել։