ՀԿ-ները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում։

Հայտարարությունը՝ ստորև․

«2018 թվականի հեղափոխությունից հետո ակնկալվում էր ՀՀ ոստիկանության արմատական և բովանդակային բարեփոխումների գործընթաց: 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած բարեփոխումների ռազմավարությունը, որը արտացոլում էր համակարգի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ողջամիտ, իրագործելի ու արժեքահենք լուծումները, նաև ստեղծվեց վարչապետի գլխավորությամբ գործող Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:

Ի սկզբանե հասարակական կազմակերպությունների կողմից մտահոգություններ ներկայացվեցին ոստիկանության համակարգային փոփոխությունների փոխարեն դրա հատվածային բարեփոխման մոտեցման կապակցությամբ՝ մասնավորապես, Պարեկային ծառայության ներդրման։ Այնուամենայնիվ, նոր ծառայության ստեղծման համար հասարակական կազմակերպությունները մեծ մասնակցություն և ներդրում ունեցան։ Հիմնական նպատակն էր աջակցել իրավապահ համակարգի խորքային, իրական, ինստիտուցիոնալ ու արժեքային բարեփոխումներին՝ տեսնելով իշխանության կողմից որոշակի քաղաքական կամք։

Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի), որը դրսևորվում էր բարեփոխումների գործընթացը արժեզրկելու, դրա ընթացքը տապալելու, բարեփոխված ստորաբաժանումների բնականոն աշխատանքը խափանելու, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության անչափ կարևոր սկզբունքի ներդրման աղավաղման, հովանավորությամբ կադրային նշանակումների և կոռուպցիոն շահերի պահպանման միջոցով։

ՀԿ-ների կողմից արձանագրված օրինակները շատ են՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները կանգնեցրած պարեկներին աշխատանքից հեռացնելու փորձեր, ծանոթներին ու բարեկամներին սպայական կոչում շնորհելու դեպքեր, Պարեկների ծառայության գրաֆիկը առավելագույնս անհարմար դարձնելու փորձեր, 20 ճանապարհային ոստիկանների՝ առանց բարեվարքության ստուգման ու այլ քննությունների Պարեկային ծառայություն գործուղելու փորձեր, միջազգային դոնորի կողմից նվեր ստացած ծրագրային ապահովումը պետական բյուջեի հաշվին նորից «գնելու» դեպքեր և անգամ վթարված պարեկային ավտոմոբիլների վերանորոգումները ամիսներով դիտավորյալ ձգձգելու դեպքեր:

Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության ներքոհիշյալ կազմակերպությունները որոշեցին շարունակել աջակցել Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացին և ակնկալում էին, որ կնշանակվի քաղաքացիական նախարար, որը սահմանափակված չի լինի համակարգի ներսում ունեցած կապերով ու կասկածելի ավանդույթներով, այլ կունենա հանրային վստահության նախադրյալներ՝ իր բարեվարքությամբ ու օրինապահությամբ, և կկրի մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքները։

2023 թ․ հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը:

Փոխանակ կանխելու բարեփոխումների գործընթացը ձախողող վերոնշյալ մարտահրավերները, նման նշանակումներով քաղաքական իշխանությունը, ըստ էության, ոչ միայն խրախուսում է բարեփոխումների գործընթացին դիմադրողներին, այլև վերացնում է Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացի նկատմամբ վստահությունը։

Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս համարում ենք, որ ոստիկանության բարեփոխումները ձախողողներին ու բարեվարքության, պատասխանատվության, օրինապահության, մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները ոտնահարողներին նման հանգուցային պաշտոններին նշանակելով՝ ոստիկանության իրական, խորքային ու արժեքային բարեփոխում իրականացնելու ճանապարհը ամբողջությամբ փակվում է:

Ավելին, մենք համարում ենք, որ այս նշանակումներն անխուսափելիորեն կհանգեցնեն համակարգում հովանավորչության ու կոռուպցիայի այլ դրսևորումների նորանոր ծաղկմանը և բարեփոխման արժեքներին տրամագծորեն հակասող այլ ավանդույթների վերահաստատմանը:

Հետևապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունը դադարեցում են իրենց գործունեությունը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ու աշխատանքային խմբերում` ստեղծված իրավիճակում այն համարելով անիմաստ:

Ու թեև Հայաստանում ոստիկանության խորքային, ինստիտուցիոնալ ու իրական բարեփոխումների կարիքը խիստ մեծ է, սակայն մենք համարում ենք, որ գեներալ Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ ո՛չ խորքային, ո՛չ ինստիտուցիոնալ և ո՛չ էլ իրական բարեփոխում իրականացնելը:

Միաժամանակ, հասարակական կազմակերպությունները շարունակելու են հետևել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացին»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպություն