Գողության գործով չորրորդ անգամ մեղավոր ճանաչված Հասմիկ Սարգսյանին ազատազրկելու դատավճիռը մտել է ուժի մեջ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի բողոքը, որով վերջինս վիճարկում էր գողություն կատարելու մեջ իրեն մեղավոր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը։

Սարգսյանին մեղավոր ճանաչելով՝ առաջին ատյանի դատարանն ու վերաքննիչը գտել են, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատիժ, որի դեմ Հասմիկ Սարգսյանի պաշտպանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բողոքը վարույթ չընդունելու մասին։ Վճռաբեկ դատարանի դատական ակտերը ուժի մեջ են մտնում կայացման պահից, ինչը նշանակում է, որ Հասմիկ Սարգսյանը պետք է տեղափոխվի քրեկատարողական հիմնարկ՝ 3,5 տարի ազատազրկման ձևով պատիժը կրելու։

Վերջինիս պաշտպան Անահիտ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատարան միջնորդություն է ներկայացրել՝ պատիժն առնվազն երկու ամսով հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյանը մի շարք հիվանդություն ունի և մի քանի վիրահատության է ենթարկվել։ Առաջին ատյանի դատարանը դեռևս միջնորդությունը չի ստացել, այն կբավարարվի թե ոչ՝ դեռևս պարզ չէ, սակայն եթե անգամ նման որոշում կայացվի, դա Սարգսյանին ժամանակավորապես կազատի ազատազրկման ձևով պատժի կրումից։

Հիշեցնենք, որ նախկինում երեք անգամ գողություն կատարելու համար մեղավոր ճանաչված Հասմիկ Սարգսյանը 2018 թվականից մեղադրվում էր չորրորդ անգամ նույն արարքը կատարելու մեջ։

2021 թվականի հունիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշել է նրան մեղավոր ճանաչել երկու դրվագով և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի, 6 ամիս ժամկետով։ Դատարանը որոշել է Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատավճիռը, փաստորեն, արդեն մտել է օրինական ուժի մեջ։
Սարգսյանին վերագրվում էր պահեստարան մուտք գործելու միջոցով երկու դրվագ գողություն կատարելու արարք։ Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Հասմիկ Սարգսյանը, 2018 թվականի հունիսի 28-ին, ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատավածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զիվորական հոսպիտալ, որտեղ եղել է նրա զինվորական որդին, կոտրել ընդունարան բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը,որի մեջ եղել են վերջինիս բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 դրամ գումար։Սա Սարգսյանին վերագրվող գողության մի դրվագն է։

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Սարգսյանը, նույն օրը ժամը 17:54-ին Երևանի պետական համալսարանի դասախոս Արա Անտոնյանին գցելով մոլորության մեջ` պատճառաբանելով, որ ինքը չի կարողանում օգտվել բանկոմատից, վերջինիս օգնությամբ ապօրինի մուտք է գործել պահեստարան հանդիսացող, «Արարատբանկ»-ի բանկոմատ և Գասեսյանին պատկանող, «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկային քարտից, Արա Անտոնյանի միջոցով կանխիկացրել և ստացել է Գասեսյանին պատկանող 60.000 դրամ գումարը։ Սա Սարգսյանին վերագրվող գողության երկրորդ դրվագն է։

Հասմիկ Սարգսյանի նախկին դատվածությունները

Անդրադառնալով Սարգսյանի նախկին դատվածություններին՝ դատական ակտում դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել է, որ Սարգսյանը նախկինում երեք անգամ դատապարտվել է դիտավորյալ հանցագործություններ կատարելու համար և այդ դատվածությունները մարված չեն։

Այսպես՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թ. դեկտեմբերի 1-ի դատավճռով, Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և գողություն համար դատապարտվել է ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, սակայն Սարգսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մեկ այլ՝ 2016 թ. ապրիլի 29-ի դատավճռով, Սարգսյանը կրկին գողության համար դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Կրկին պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան 5 տարի ժամկետով։

Երրորդ անգամ նույն արարքը կատարելու համար մեղավոր ճանաչվելուց հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրել է նախկին երկու գործերով Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումները, դրանք մասնակիորեն գումարով երրորդ արարքի համար նշանակված պատժին ու Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկումը։

Սարգսյանի երեք երեխաներն այդ պահին անչափահաս էին, և հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, թե երեք անչափահաս երեխաների մորը ցանկանում են երկարատև ժամկետով ազատազրկել։ Հասմիկ Սարգսյանը, նշենք, երրորդ գործով մեղադրվում էր հարևանուհու տնից 10 000 դրամ գողանալու մեջ․ մեղադրանքը նախաքննության փուլում ընդունել էր, ապա հայտնեց, որ հետաքննիչի ու քննիչի ճնշման ներքո է ընդունել։ Մասնավորապես՝ Սարգսյանը բարձրաձայնեց այն մասին, որ իր նկատմամբ երեխայի ներկայությամբ ճնշումներ ու սպառնալիքներ են եղել, որ իրականում ընկերուհու տնից 4000 դրամ է գողացել, մինչդեռ ստիպել են հայտնել, թե գողոնը եղել է 10 000 դրամ։ Եթե Սարգսյանին վերագրվեր 4000 դրամի գողություն, ապա քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նախկին Քրեական օրենսգրքով նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա էր քրեական պատասխանատվության,եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի էր։ Նշենք, որ այս պահին գործող օրենսգրքում 5000 դրամի շեմը հանված է։

Ի վերջո, 2019 թ․ ապրիլին Վճռաբեկ դատարանը որոշեց Սարգսյանի դատավճիռը նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել, Հասմիկ Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և այս պատիժը նույնպես պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Եվ ահա այն շրջանում, երբ հանրությունը բարձրաձայնում էր Սարգսյանի խնդրի մասին, նա չորրորդ անգամ որպես մեղադրյալ ներգրավվեց գողություն կատարելու գործով։ Սարգսյանն իրեն վերագրվող չորրորդ արարքը ևս չի ընդունել։

Դատարանի կողմից հաստատված հանգամանքները

Քրեական գործի քննության ընթացքում տուժող Սիրանուշ Գասեսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հունիսի 28-ին, ժամը 09:00-ին ներկայացել է աշխատանքի, զգեստափոխվել, հագուստները, պայուսակն ու դրամապանակը դրել զգեստապահարանի մեջ և կողպել այն: Նույն օրը ժամը 17:45-ի սահմաններում, երբ եկել է իր աշխատասենյակ՝ զգեստափոխվելու, մոտեցել է զգեստապահարանին և տեսել, որ դուռը և դռան ծխնին կոտրված են։ Բացելով զգեստապահարանի դուռը՝ վերցրել է պայուսակը և ստուգել պարունակությունը։ Պարզվել է, որ պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտերը և 500 դրամ գումար։ «Հայբիզնեսբանկի» բանկային քարտի հաշվեհամարին գումար չի եղել, իսկ «ՎՏԲ» բանկի բանկային քարտի հաշվեհամարին եղել է 135.713 դրամ, որից նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում կանխիկացվել է 60.000 ՀՀ դրամ: Քարտը եղել է ծածկագրի հետ միասին։

Գասեսյանը հայտնել է, որ բողոքում է դրամապանակը գողացած անձի դեմ և ցանկանում է, որպեսզի այդ անձը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Վկա Արա Անտոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հունիսի 28-ին, ժամը 17:45-ի սահմաններում դուրս է եկել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքից, որը գտնվում է Չարենց փողոցում և որտեղ տեղադրված է «Արարատբանկի» բանկոմատը: Մոտենալով բանկոմատին՝ ժամը 17:48-ին «Արարատբանկի» քարտով ստուգել է գումարի առկայությունը, քանի որ այդ օրը պետք է աշխատավարձ փոխանցվեր: Երբ ցանկացել է հեռանալ՝ իրեն է մոտեցել մի կին, ում հագին եղել է կանաչ տաբատ և սպիտակ վերնազգեստ։ Նա խնդրել է իր համար գումար կանխիկացնել, քանի որ չի կարողացել օգտվել բանկոմատից: Ինքը չի մերժել և այդ կնոջից վերցնելով ոչ թե «Արարատբանկի» , այլ մեկ ուրիշ բանկի բանկոմատային քարտ՝ հարցրել է, թե որքան գումար կանխիկացնի: Այդ կինը պատասխանել է, որ չգիտի, թե որքան գումար կա քարտի վրա և խնդրել է նախ ստուգել գումարի չափը: Գումարի չափը ստուգելուց հետո բանկային քարտը հանել է բանկոմատից և տվել այդ կնոջը: Այդ կինը նորից է մոտեցել իրեն և խնդրել գումար կանխիկացնել: Ինքը նախ զգուշացրել է, որ քարտը «Արարատբանկին»-ը չէ, հետևաբար՝ բանկոմատը գումար է պահելու, իսկ այդ կինն ասել է, որ ոչինչ՝ թող պահի: Այդպես ինքը գումար է կանխիկացրել, որի չափը չի հիշում, տպել է ստացական, գումարի հետ տվել է այդ կնոջը և հեռացել: Այդ կնոջը նախկինում չի ճանաչել և տեսել է առաջին անգամ։ Այդ կնոջ հետ եղել է շուրջ ութ տարեկան մի աղջիկ:

Քրեական գործում առկա է «Արարատբանկ»-ի բանկոմատի տեսախցիկից կատարված, 2018 թվականի հունիսի 28-ի տեսաձայնագրությունների զննության արձանագրություն, համաձայն որի՝ 2018 թվականի հունիսի 28-ին, ժամը 17:49:42-ին մի տղամարդ կնոջից վերցնում է թղթի կտոր և կապույտ երանգով բանկի քարտ, որը մտցնում է բանկոմատի մեջ ու նայելով թղթի կտորին՝ կատարում է ծածկագրի մուտքագրում, այնուհետև կատարում հետագա հրահանգները, որից հետո գումար է կանխիկացնում և այն քաղվածքի հետ փոխանցում է կնոջը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում այս տեսանյութի հետ կապված կատարվել է տեսաձայնագրային և դիմանկարային համալիր փորձաքննություն։

Անտոնյանին ներկայացվել է փորձագետի եզրակացությունում առկա լուսանկարներից մեկը,Անտոնյանը նշել է, որ դրացից մեկում ինքն է պատկերված, մյուսում պատկերված կինը նման է դահլիճում նստած Հասմիկ Սարգսյանին, սակայն հաստատապես պնդել, որ դա ամբաստանյալի լուսանկարն է՝ չի կարող։

Վկա, Սիսիան քաղաքի բնակիչ Ստելլա Սնեցունցը ցուցմունք է տվել այն մասին, որ տեսաձայնագրություններում երևացող կինը սանրվածքով, դիմագծերով և մարմնի կառուցվածքով իրեն հիշեցնում է Հասմիկ Սարգսյանին, որն իր հարևանն է եղել մինչև 2017 թվականը։
Վկա, Սիսիանի բնակիչ Լարիսա Սաֆրազյանը նախաքննական ցուցմունքով հայտնել է, տեսաձայնագրություններում երևացող կինը Հասմիկ Սարգսյանն է, վերջինիս ինքը ճանաչել է արտաքին տվյալներով, մասնավորապես՝ դեմքով: Վկան հայտնել է, որ Հասմիկ Սարգսյանը մինչև 2017 թվականն ապրել է իրենց շենքում։

Գործում առկա է նաև ՊՆ Երևանի ռազմական ոստիկանության բաժնից ստացված գրություն, համաձայն որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարան բաժանմունքի ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող ՎՏԲ բանկային քարտից, 2018թ․ հունիսի 28-ին Չարենցի փողոցի 8 հասցեում տեղադրված բանկոմատի տեսախցիկից կատարված տեսանկարահանման մեջ առկա, դրամ կանխիկացնող կինը Հասմիկ Սարգսյանն է, տեսանկարահանումը դիտելուց հետո Հասմիկ Սարգսյանն ու վերջինիս որդի Հակոբ Դանիելյանը բանավոր հայտնել են, որ նկարում պատկերված անձը Հասմիկ Սարգսյանն է:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի քարտային հաշվի քաղվածքի համաձայն Սիրանուշ Գասեսյանի բանկային քարտից 2018 թ․ հունիսի 28-ին կանխիկացվել է 61.500 դրամ գումար, որից 1.500 դրամ պահվել է՝ որպես գործարքի միջնորդավճար:

Հեռախոսազանգերի և կարճ հաղորդագրությունների վերծանումների զննության արձանագրության համաձայն՝ Հասմիկ Սարգսյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարը 2018 թ․ հունիսի 28-ին, ժամը 16:57-ին և ժամը 17:09-ին սպասարկվել է Երևան քաղաքի Մուրացան 115 հասցեում տեղակայված ալեհավաքներով, որտեղ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը, իսկ ժամը 17:56-ին նույն հեռախոսահամարը սպասարկվել է Երևանի Չարենցի 1 հասեցում տեղակայված ալեհավաքներով:

Ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Սարգսյանը «նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 2017 կամ 2018 թ․ հունիսին կամ հուլիսին, այնուհետև լրացրել՝ նկատի ունի, որ այդ օրերին են կանչել քննչական և հարցաքննել։ Քանի որ Երևանում իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստեր են ընթացել, հետևաբար հնարավոր է, որ դեպքի օրը Երևանում՝ Չարենցի փողոցում գտնված լինի, և իր հեռախոսն այդտեղից աշխատած լինի։ Սարգսյանը հայտնել է, որ դստեր հետ այդ օրերին Երևանում չի եկել»։

Նախաքննության ընթացքում նույնպես Հասմիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Վերլուծելով ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները, նրա, վկաների ցուցմունքները և գործով ձեռք բերված մյուս ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանի ցուցմունքն այն մասին, որ դեպքի օրը դստեր հետ Երևանում չի եղել, դեպքին առնչություն չունի՝ իրականությանը չի համապատասխանում, արժանահավատ չէ, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ է հետապնդում և հերքվում է վերոհիշյալ ապացույցներով»,-դատական ակտում գրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատարանը համարել է, որ ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանին վերագրվող արարքներն ապացուցված են, ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Որպես Հասմիկ Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը նշել է որ Սարգսյանի խնամքին մինչև տասնչորս տարեկան երեխա կա։ Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը նշել է հանցանք կատարելու վտանգավոր ռեցիդիվի առկայությունը:

Այսպիսով՝ դատարանը որոշել է Հասմիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքներում և յուրաքանչյուրի համար դատապարտել 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման։ Պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքի կիրառմամբ՝ Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը 3 տարի 6 ամիս ժամկետով՝ պատժի կրման սկզիբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Համաձայն քրեական գործի նյութերի, նախաքննության ընթացքում նշանակված տեսաձայնագրային և դիմանկարային համալիր փորձաքննության փորձագետի եզրակացության արժեքը կազմել է 117.600 դրամ գումար: Հետևաբար՝ դատարանը որոշել է ամբաստանյալ Հասմիկ Սարգսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել նաև փորձաքննության արժեք հանդիսացող, վերը նշված գումարը՝ որպես դատական ծախս։

Վերաքննիչ դատարանը քննելով դատավճռի դեմ Սարգսյանի բողոքը՝ որոշել է դատական ծախսերի մասով դատավճիռը բեկանել և փոփոխել և Սարգսյանին ազատել դատական ծախս վճարելուց, իսկ ազատազրկման ձևով պատիժ կրելու մասով դատավճիռը մնացել է անփոփոխ։

 

Արաքս Մամուլյան