Ով է գնդակահարել հայ ռազմագերիներին․ BBC-ի հետաքննությունը
Քաղաքականություն
10.12.2022 | 20:322022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին բախումների ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8, որոշ տեղեկություններով էլ՝ 9 անզեն հայ զինվորի։ Միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն հայտնում է, որ ուսումնասիրել է, թե ինչպես այս դեպքը կանդրադառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վրա։ Որոշ կրճատումներով Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցի հոդվածը։
«Արևածագի շողերով լուսավորված բլրի գագաթին զինված մարդիկ, որ հենց նոր էին գրավել հակռակորդի մարտական դիրքերը, զենքի սպառնալիքով մի խումբ ռազմագերիների հավաքում են մի վայրում և ստիպում նրանց ձեռքերը բարձրացրած նստել գետնին:
Կրակոցներ են հնչում. լսվում է ադրբեջաներեն բղավոց՝ «Վուրմա, Վուրմա» (Մի՛ կրակեք)։ Ռազմագերիներն ընկնում են, ընկածների ուղղությամբ կրակոցները որոշ ժամանակ դեռ շարունակվում են։
Բջջային հեռախոսով նկարահանված 40 վայրկյան տևողությամբ հոլովակը արագ տարածվեց սոցիալական ցանցերում և telegram-ալիքներում։ Հայաստանը Ադրբեջանին մեղադրեց ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և արտադատական սպանությունների մեջ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը BBC-ին ասել է, որ այս գործով նյութեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կատարվում է նախաքննություն, և «եթե ենթադրյալ անձանց, զինվորականների մեղքն ապացուցվի», ապա «քրեական պատասխանատվության հարցը կարող է լուծվել»։
Ով է կրակել և ով է դարձել զոհ
Տեսանյութում երևում է, որ առնվազն 15 զինծառայողներ շրջապատել են ութ (այլ տվյալներով՝ ինը) անզեն մարդկանց խմբին, որի անդամները կրում են հայկական բանակում կիրառվող սաղավարտներ և համազգեստ։
BBC-ն համեմատել է այս կամուֆլյաժը հայկական զինված ուժերի նոր համազգեստների և հայկական բանակի կողմից օգտագործվող սաղավարտների հայտնի լուսանկարների հետ։
Իսկ հարձակվող զինվորների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում կիրառվող համազգեստի հետ, թեև համազգեստի վրայի գրություններից հնարավոր չէ որոշել հարձակվող ստորաբաժանումը։
Bellingcat-ի հետաքննիչները եկել են նույն եզրակացության՝ նրանք համազգեստի գույները համեմատել են camopedia.org կայքում տեղադրված նմուշների հետ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների զինված ուժերի համազգեստները:
Տեսանյութը հրապարակած ադրբեջանամետ Telegram-ալիքում ասվում է, որ զինծառայողները Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայիններ են (XTQ – xüsusi təyinat qüvvələri): BBC-ի, HRW-ի և Bellingcat-ի քննիչները հաստատել են, որ Vurma («Մի կրակեք») արտահայտությունը բղավում է մի մարդ, ում համար ադրբեջաներենը մայրենի լեզու է։
Թե ինչ է լինում գերեվարվածների հետ հետո, հայտնի չէ, սակայն UC Berkeley-ի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, որին մեջբերում է HRW-ն, կարծում է, որ նման հեռավորությունից ավտոմատ զենքերից կրակելիս ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է։
Արձագանք և փոխադարձ մեղադրանքներ
Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ և դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան, որոնք քննում են պետությունների հայցերը միմյանց դեմ։
Ադրբեջանի իշխանությունները տեսանյութի հայտնվելու հետ կապված «բազմաթիվ քննչական գործողությունների» մասին են հայտարարել, մասնավորապես՝ հայտնելով 10 քրեական գործի հարուցման մասին։ Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը, սակայն նշել է, որ «տեսանյութում կեղծիքի տարրեր կան»։
Շատ դիտորդներ, հիմնվելով Ադրբեջանի անցյալի փորձի վրա, քիչ հույս ունեն, որ որևէ գործողություն կձեռնարկվի: «Երբ 2020 թվականի պատերազմում կողմերի միջև ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտնվեցին հայ զինվորների խոշտանգումների տեսագրությունները, Ադրբեջանի դատախազությունն այն ժամանակ նույնպես խոստացավ գործել և մի քանի կասկածյալներ ձերբակալվեցին, սակայն հետաքննությունը ձգձգվեց և ոչ ոք չդատապարտվեց։ 2020 թվականին ձերբակալված զինվորներից առնվազն մեկը 2022 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով։ Հայաստանում նույնպես ոչ ոք չի դատապարտվել պատերազմական հանցագործությունների համար»,- eurasia.org-ի հոդվածում հիշում են Ջոշուա Կուչերան, Անի Մեջլումյանը և Ուլքեր Նաթիգիզին։
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանը նշեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի երկրորդ տարեդարձը։ Նախագահ Իլհամ Ալիևը, այս առիթով Շուշիում ելույթ ունենալով, հայտարարել է, որ սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները «դաս պետք է լինեն Հայաստանի համար»։ Նա ոչինչ չի ասել Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման հնարավոր քայլերի մասին։ Անգամ երկու տարի անց երկու երկրների միջև փոխադարձ ատելության մթնոլորտը ոչ թե թուլացել, այլ ընդհակառակը, ամրապնդվել է։
«Նախագահ Ալիևի ելույթը Շուշիում, որտեղ նա Հայաստանին անվանում է «թշնամի» և խոսում սեպտեմբերին «տված դասի» մասին, ճնշող զգացողություն է առաջացնում»,- թվիթերում գրել է Ղարաբաղի մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։ Նա նաև հիշեցրել է, որ երկու տարվա ընթացքում Բաքուն և Երևանը չկարողացան վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նախատեսված էր 2020 թվականի պատերազմի ավարտի պայմանագրով։
Կողմերից յուրաքանչյուրը փորձում է կոշտ դիրքորոշումը հիմնավորել մյուս կողմից խաղաղության մերժմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը 87 քրեական գործ է հարուցել «Հայաստանի զինված ուժերի կողմից մղված ագրեսիվ պատերազմի և ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների փաստերով»։
Պարբերաբար տեղեկություններ են ստացվում բախումների և զինվորականների մահվան մասին ինչպես Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները Ղարաբաղի հայ զինվորականներին անվանում են «անօրինական զինված կազմավորումներ», իսկ հայկական լրատվամիջոցները՝ «Արցախի բանակի զինծառայողներ»։
Ինչպես «ծախել ժողովրդին» խաղաղության պայմանագիր
Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ հրադադարի խախտումները «չեն փոխի բանակցային գործընթացի ներկայիս դինամիկան, սակայն լրջորեն կբարդացնեն Հայաստանի կառավարության խնդիրը՝ «վաճառել» խաղաղության պայմանագիրը հանրությանը»։
Նրա խոսքով, Հայաստանում արմատացած ընկալում կա, որ երկրին անարդար խաղաղություն է պարտադրվում. «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները մեծապես ուժեղացնում են նման տրամադրությունները»,- ասում է նա։
«Հակամարտությունների ժամանակ մարդիկ հատկություն են ձեռք բերում հակառակ կողմի հասարակությունը ներկայացնել որպես միաձույլ միասնություն, որտեղ կարծիքների տարբերություն չկա, և որտեղ բոլորն արժանի են նույն վերաբերմունքին»,- հիշում է հայ լրագրող և գրող Մարկ Գրիգորյանը։ – Եվ տեսանյութերը, որոնցում պատկերված են ինքնապաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդկանց նկատմամբ վայրագությունները, ուժեղացնում են Հայաստանում չափազանց բացասական կարծրատիպերը [ադրբեջանական] հարևանների նկատմամբ»:
Հայաստանում, նկատում է Մարկ Գրիգորյանը, ընդունված է ադրբեջանցիներին անվանել «թուրք» և այդպիսով, այսպես ասած, նրանց փոխանցել «իսկական» թուրքերի հետ կապված և 1915-1923 թվականների հայերի կոտորածների հետ կապված բոլոր հույզերը։
«Դուք կարող եք զգալ, թե որքան խորն է թշնամության, մերժման և հակակրանքի անդունդը, որն այժմ էլ ավելի է խորացել»:
Ադրբեջանի հանրային տարածքում հազվադեպ են դրական արտահայտվում հարևանների մասին։ Սոցցանցերում արշավ է իրականացվում Հայաստանի վրա ռազմական ճնշումներին չհամաձայնողների դեմ՝ «Ճանաչիր դավաճանին» հեշթեգով։
BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակիցները ականատես են եղել, թե ինչպես տարրական դպրոցում հինգ-վեց տարեկան երեխաներին սովորեցնում էին միահամուռ բղավել «Ատելություն, ատելություն թշնամու հանդեպ» (մեկ այլ կարգախոսի հետ մեկտեղ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»):
2022 թվականին Ադրբեջանը հարգանքի տուրք է մատուցել Խոջալուի ողբերգության հարյուրավոր զոհերի հիշատակին՝ «հայկական ուժերի կողմից ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի խաղաղ բնակիչների ջարդը»։ Ադրբեջանը պահանջում է մեղավորներին դատել, բայց մինչ օրս էլ Հայաստանում կարծիքներ են հնչում, որ ողբերգությունը հենց ադրբեջանցիների ձեռքի գործն է։
Ռուս զինվորականները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի առաջնագծում, ինչպես նաև տեղակայված են հենց բուն Հայաստանում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է ուկրաինական պատերազմի ամեն օրով։ Հակամարտության մեջ միջնորդ արևմտյան երկրները ստիպված են մեծ ջանքեր գործադրել կողմերին հերթական սրացումից զերծ պահելու համար, սակայն դա, ակնհայտորեն, բավարար չէ։
Ճիշտ է, չնայած հոռետեսությանը, Բաքուն և Երևանը դեռևս շարժվում են, թեև դանդաղ, դեպի համաձայնագիր, որը կարող է լինել առաջին նշանակալից քայլը դեպի խաղաղություն 2020 թվականի փաստաթղթից հետո, կարծում են դիվանագետները։ Սակայն սեպտեմբերյան արյունահեղությունը երկու մայրաքաղաքներում այլ կերպ է դիտվում. ոմանց համար դա «խաղաղության պարտադրում» է, ոմանց համար՝ «ուժային ճնշումը գործում է» փաստարկի հաջողությունը։
Ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին
Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանի գրեթե ողջ երկայնքով բախումների պատճառները դեռևս պարզ չեն։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է սադրանքների և Ադրբեջանի տարածքում հաղորդակցությունները ականապատելու փորձերի մեջ։ Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին երկրի ինքնիշխան տարածք ներխուժելու մեջ։ Բաքուն հերքում է դա։
Ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում հնարավոր եղավ պայմանավորվել հրադադարի շուրջ։ Բաքուն ընդգծել է Ռուսաստանի միջնորդությունը, իսկ Երևանը պնդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներդրումը։ Երկու կողմից զոհերի թիվը գերազանցել է 280 հոգին։
Անցումային արդարադատությո՞ւն
Դժվար է ակնկալել, որ Հայաստանի և Ադրբեջանի արդարադատության համակարգերը կստանձնեն իրենց զինվորականների կատարած հանցագործությունների հետաքննության պատասխանատվությունը։ Թեև ադրբեջանական հասարակության մեջ որոշակի քննադատություն եղավ ռազմագերիների տեսանյութի հրապարակումից հետո, սակայն այն լայն քննարկման չարժանացավ։
Դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմական հանցագործությունները չեն հետաքննվել կողմերից որևէ մեկի կողմից, և հասարակությունները դա ընկալեցին որպես «նոր նորմալություն», ասում է միջազգային International Crisis Group կազմակերպության ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևը։
Ինչպես բուժել վերքերը
Անցումային արդարադատության տարրերը խաղաղ բանակցություններում ներդնելու հսկայական անհրաժեշտություն կա, և դա պետք է արտացոլվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրում, կարծում է Զաուր Շիրիևը։
Երկու կողմից էլ երկու պատերազմների բոլոր զոհերի համար պետք է ապաքինման գործընթաց լինի, քանի որ երեք տասնամյակ հակամարտությունից հետո խաղաղությանը քիչ վստահություն է մնացել: Անցումային արդարադատության մեխանիզմն ընդհանուր առմամբ, իսկ իրադարձությունների ու փոխհատուցումների մասին ճշմարտությունը,մասնավորապես, հանրային աջակցության կարիք ունեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ՝ գործընթացը ղեկավարելու համար:
«Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո մենք նման ակտիվություն չենք տեսնում,- ասում է Շիրիևը։- Եվ եթե այդ քայլերը չձեռնարկվեն, ապա, ցավոք, մենք ականատես կլինենք նոր պատերազմական հանցագործությունների, և երկու երկրների հասարակությունը կարդարացնի դրանք»։
Տաթև Ֆռանգյան