Մենք ուզում ենք, որ ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը՝ «STARMUS»-ի բացմանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անցվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, հյուրեր արտերկրից:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,
Փառատոնի հարգելի անդամներ,
Պետական այրեր, մշակույթի և գիտության գործիչներ,
Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականին: «STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը: 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 83 տոկոսով, լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում կրթության ոլորտում:

«STARMUS»-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում տաղանդավոր մարդկանց ներգրավմամբ ոգևորել նոր տաղանդների, գիտությունն ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք: Սա նաև մեր կառավարության տեսլականն է: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով: Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում: «STARMUS»-ը ցանկանում է ձևակերպել հնարավորինս բարդ և նույնիսկ անսպասելի հարցեր, և մեր տեսլականն է, որ միայն չձևակերպված հարցեր ձևակերպելով և այդ հարցերի ուղիղ և ազնիվ պատասխանելով է, որ Հայաստանը կկարողանանք դարձնել մեր երազանքների երկիրը: Եվ այս իմաստով, սա բոլորիս համար հանդիպում է ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:

Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Հպարտորեն պիտի ընդգծեմ, որ 1971 թվականին Խորհրդային Միության կողմից Մարս իջեցված «Մարս-3» սարքի մեջ էր գտնվում հայ գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը», իսկ «Մարս-3» սարքը Երկիր ուղարկեց մոլորակի առաջին լուսանկարը: Փառատոնի շրջանակում մենք տոնում ենք նաև մեր մեծ հայրենակցի 100-ամյակը:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մենք սա անում ենք ոչ միայն որպես պատմական հիշողություն կամ հարգանքի տուրք: Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի դյուրացման, և մեծ հավանականությամբ, բնակեցման գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգով: Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողներն իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին:

Այսօր աշխարհն ապրում է «Ջեյմս Ուեմբ», «Հաբլ» «Կեպլեր» տիեզերական աստղադիտակների դարաշրջանում։ Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի հետազոտողները նույնպես մասնակցեն այս աստղադիտակներից ստացվող տվյալների մշակմանը և նմանատիպ նոր նախագծերի մշակմանն ու ստեղծմանը։

Այս առումով, ցանկանում եմ ընդգծել «STARMUS» փառատոնի կարևորությունը գիտության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում՝ միջազգային գործընկերության ակտիվացման տեսանկյունից։

Հույս ունեմ՝ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված և նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային գիտական նախագծերի մեջ:

Ամփոփելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում փառատոնի հոգաբարձուների խորհրդին, կազմակերպչական ողջ թիմին, մասնակիցներին ու հյուրերին այստեղ գտնվելու և այս օրերը մեր հայրենիքում անցկացնելու համար: Ուզում եմ ընդգծել և շնորհակալության հատուկ խոսքեր ասել փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին՝ իր բացառիկ ջանքերի համար:

Բոլորիս մաղթում եմ գիտակրթական և մշակութային հագեցած օրեր, նոր բացահայտումներ և համագործակցության նորանոր հեռանկարներ»: