Ջերմուկի վրա Ամուլսարի ազդեցությունների մասին Լիդիանը ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ. ՀԲՃ

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

Մոտ ութ տարի է, ինչ Ամուլսարում ոսկու հանք բացելու մեծ ցանկություն ունեցող օֆշորային Լիդիանը զանազան հարթակներում փորձում է հավաստիացնել, թե հանքի բաց եղանակով շահագործումն ու նատրիումի ցիանիդով ոսկու կորզումը ոչ մի խնդիր չի առաջացնի բնական միջավայրի համար։ Նրանք պնդում են, որ խնդիրներ չեն լինի նաև մարդկանց սոցիալական և առողջական վիճակի հետ կապված։ Իրենց կարծիքով բոլոր տեսակի ռիսկերն այնքան փոքր են, որ դրանք շատ հեշտությամբ կարելի է կառավարել։

Սակայն դեռ անցած տարվա ամռանը պարզվեց, որ Լիդիանն ըստ էության կեղծ տվյալներ է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ մասնավորապես թթվային ապարների դրենաժի հետևանքով ստորերկրյա և մակերևույթային ջրերի երկարաժամկետ աղտոտման հետ կապված։ Դա ապացուցեցին այդ ոլորտի միջազգային հեղինակավոր փորձագետների արված հետազոտությունների արդյունքները։

Իսկ արդեն այս տարի պարզվեց, որ այս ընկերությունը ճիշտ չի ներկայացրել Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա տարատեսակ ազդեցությունների պատկերը։ Ջերմուկցիների հետ մեր հանդիպումների և զրույցների ընթացքում հասկացանք, որ արդեն իսկ առաջ են եկել լուրջ սոցիալական և էկոլոգիական խնդիրներ՝ չնայած բուն հանքի շահագործումը դեռ չի էլ սկսվել։ Նրանք նշում են, որ անառողջ մթնոլորտ է առաջացել տեղաբնակների և դրսից եկած աշխատակիցների միջև, որոնք հաճախ վերաճում են կոնֆլիկտների։ Ջերմուկում փոխվել է սոցիալական միջավայրն ու այդ առողջարանին հատուկ անդորրը։ Ավելացել է աղմուկը, իսկ Լիդիանին սպասարկող մեքենաների ու անձնակազմի անընդհատ տեղաշարժերը լրջորեն խանգարում են հանգստացողներին։

Ջերմուկի բնակիչները նաև նշում են, որ վերջին մեկ տարում նկատել են փոշու քանակի կտրուկ ավելացում, ինչն ակնառու է դառնում հատկապես անձրևներից հետո։ Այս խնդիրը նրանք միանշանակ կապում են Ամուլսարում շինարարական աշխատանքների սկսման հետ, քանի որ մինչ այդ նման երևույթ գրեթե չեն նկատել Ջերմուկում։ Փոշու դարչնագույն հետքերը երևում են մեքենանաների, հագուստի, դրսում կախված լվացքի և պատուհանների վրա։ Հաճախ անհրաժեշտ է լինում դրսում չորացրած լվացքը կրկին լվալ, քանի որ այն ամբողջովին պատված է եղել փոշու կեղտաբծերով։ 2018 թ․-ի ապրիլի 28-ին Ջերմուկում արված մեր այս տեսանյութը հաստատում է վերոնշյալ պնդումները։

https://www.youtube.com/watch?v=jqz688uN5pw

Իսկ Լիդիանը տարիներ շարունակ հավատացնում էր, որ փոշին մեկ կիլոմետրից ավել չի տարածվի ու այդ առումով Ջերմուկում խնդիրներ չեն առաջանա։ Դա գրված է նաև իրենց կողմից ՀՀ կառավարությանը փորձաքննության ներկայացրած հաշվետվություններում։ Ավելացնենք նաև, որ Ջերմուկը մինչև 2016 թվականը ընդհանրապես ընդգրկված չի եղել ազդակիր համայնքների շարքում, այնտեղ օրենքով սահմանված կարգով հանրային քննարկումներ ընդհանրապես չեն իրականացվել, և բնակիչները զրկված են եղել որոշումների կայացման սկզբնական փուլերում իրենց կարծիքը ներկայացնելու ու իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

Ավելացնենք նաև, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊԽ) գրասենյակը հետաքննելով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Հայաստանից ներկայացված բողոքները, 2017թ․–ի հունիսի 19-ի իր զեկուցագրում Ջերմուկի վրա ազդեցությունների առումով բառացի նշել է հետևյալը․

«ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի կողմից բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) գործընթացի վերահսկումը կապված Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք բրենդի վրա նախագծի պոտենցիալ ազդեցության հետ, համարժեք չի եղել ռիսկին: Ընդունվել է, որ քաղաքի ընկալման վրա անցանկալի ազդեցությունները կարող են հանգեցնել քաղաքի տուրիստական այցելուների թվի կրճատմանը: Այս ենթատեքստում, պահանջվում էր նախագծի ազդեցության վերլուծությունը տուրիզմի վրա: Թեև Ջերմուկը ի սկզբանե չէր դիտարկվում որպես նախագծի ազդեցության տարածքի մասը, ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ն համապատասխան միջոցներ է ձեռնարկել երաշխավորելու համար, որ դա այդպես լինի հաճախորդի կողմից միջազգային ԲՍԱԳ-ի պատրաստման ժամանակ: Սակայն, ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ն երաշխիքներ չունի առ այն, որ ազդեցությունները, որոնք կարող են ազդել Ջերմուկի բրենդի վրա՝ որպես տուրիստական կենտրոնի, ինչպես օրինակ պայթյունների աղմուկը, տեսողական խանգարումները, և ավելի ընդհանուր ընկալումները, որոնք բխում են քաղաքին նախագծի մոտիկության հանգամանքից համապատասխանաբար գնահատվել են»։

Եվ սա գրել է հենց այն կազմակերպության օմբուդսմենը, որի չափարոշիչներին է անընդհատ հղում տալիս հանքահանության ոլորտում զրո փորձ ունեցող օֆշորային Լիդիանը, ով ձախողեղել է իր բոլոր մյուս նախաձեռնությունները այլ երկրներում (Կոսովո, Թուրքիա, Վրաստան)։ Ավելին, տաս տարի շարունակ Լիդիանի հիմնական բաժնետեր հանդիսացած ՄՖԿ-ն 2017թ․-ի մայիսին վաճառել է իր բոլոր արժեթղթերն ու դուրս է եկել Ամուլսարի ծրագրից։

Թե՛ միջազգային հեղինակավոր փորձագետները, թե՛ Լիդիանի երկար տարիների բաժնետեր ՄՖԿ-ն, և թե՛ արդեն իսկ ի հայտ եկած հանգամանքները հաստատում են, որ Ամուլսարի ոսկու ծրագրի վտանգների գնահատումների հաշվետվությունները լիարժեք և հավաստի չեն եղել, իսկ որոշ տվյալներ էլ ըստ էության կեղծ են։ Այնպես որ,  ՀՀ կառավարությունը և քաղաքացիները հիմքեր չունեն հավատալու Ամուլսարի մասին Լիդիանի կողմից տարիներ շարունակ ներկայացվող միֆերին ոչ միայն ոսկու պաշարների քանակի մասին, այլ նաև էկոլոգիական և սոցիալ-առողջապահական վտանգների կառավարելի լինելու մասին։

ՀԲՃ-ն կշարունակի ներկայացնել Ամուլսարի և մյուս մետաղական հանքերի խնդիրները՝ լիահույս լինելով, որ նոր կառավարությունում գիտակցում են Հայաստանի էկոլոգիական անվտանգության կարևորությունը, որն անմիջական և շատ սերտ առնչություն ունի մեր ազգաբնակչության սննդային և առողջական անվտանգության հետ։