«ՍԱՍ-ի Արտակին» մինչև 4 տարվա ազատազրկո՞ւմ է սպառնում. նախկին ՀՀԿ-ականին կասկածում են գույք թաքցնելու համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀԿ-ի ցուցակով 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր ընտրված խոշոր գործարար Արտակ Սարգսյանին հայաստանյան իրավապահները մեղադրում են պաշտոն զբաղեցնելու տարիներին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար: Ըստ գործի նյութերի՝ «Սասի Արտակ» անունով հայտնի գործարարը պատգամավորական տարիներին չի հայտարարագրել Բրիտանական Վիրջինյան կղզիներում և ԱՄՆ-ում ունեցած ընկերություններում իր բաժնեմասերը: Այս մասին տեղեկանում ենք «Հետքի» հետաքննությունից, որի հիման վրա էլ Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել:

Խոշոր գործարարից քրեական գործի վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց․ նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Գլխավոր դատախազությունից, մինչդեռ, փոխանցում են՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի շրջանակում կեղծ հայտարարագիր ներկայացրած անձին սպառնում է 2-4 տարի ժամկետով ազատազրկում:

Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի հստակեցնում՝ Արտակ Սարգսյանին հարցաքննության հրավիրե՞լ են, թե՞ ոչ, կամ նախկին պատգամավորն ի՞նչ կարգավիճակ ունի:

Արտակ Սարգսյանը նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչներից էր: Նախկին ՕԵԿ-ական գործարարի բիզնես հաջողություններն ավելի ակնառու էին դարձել ՀՀԿ տեղափոխվելուց հետո: Հաշվի առնելով, որ 2018-ի իշխանափոխությունից հետո հարուցված գրեթե բոլոր աղմկահարույց գործերով դեռ վերջնական վճիռներ չկան, հարց է առաջանում՝ արդյո՞ք Արտակ Սարգսյանին առնչվող այս քրգործն էլ անարդյունք կմնա:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ քրգործերը հարուցելուց զատ՝ շատ կարևոր է, որ քաղաքական իշխանությունը դատաիրավական համակարգը բարեփոխի՝ ցանկալի արդյունքներ ստանալու համար:

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը մինչ հեղափոխությունը ոստիկանությունում բարձր պաշտոն է զբաղեցրել, նշում է՝ Արտակ Սարգսյանին չի ճանաչում, բայց վստահ է՝ արդարադատություն է լինելու:

Անկախ նրանից, թե այս քրգործն ինչ ճակատագրի կարժանանա, Արտակ Սարգսյանը շատերի հիշողության մեջ կմնա «Սաս Գրուպ»-ի աշխատակիցների սահմանադրական իրավունքների ոտնահարման աղմկահարույց միջադեպով։

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններից առաջ մոտ 40 րոպե տևողությամբ ձայնագրություն հրապարակվեց, որում մի տղամարդ ներկաներին հորդորում էր աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի համար և սպառնում՝ ով ձայն չբերի, կկորցնի աշխատանքը: Լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որոնց համաձայն՝ քաղաքացիների ընտրական իրավունքը խախտողը «Սասի Արտակի» եղբայրն է՝ Արամ Սարգսյանը:

Սկանդալային ձայնագրության փաստով ՀՔԾ-ն քրգործ հարուցեց, սակայն երեք ամիս անց, այսպես ասած, հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց: Ուշագրավ էր, որ քրգործը չվերաբացվեց նաև արդարադատության վերականգման պահանջով իրականացված թավշյա հեղափոխությունից հետո: Ինչո՞ւ քաղաքացիներին սպառնացողներն առ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել:

Վատ նախադեպերի ֆոնին Լևոն Բարսեղյանը թերահավատ է, որ Արտակ Սարգսյանը ենթադրյալ հանցանքի համար պատասխանատվության կենթարկվի:

Արտակ Սարգսյանը տարիներ առաջ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցին լայն ժպիտով էր արձագանքել: Բայց իշխանափոխությունից հետո Սարգսյանն այդպես էլ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվեց: Արդյո՞ք նրան այս անգամ ևս կհաջողվի, իր իսկ բառապաշարով ասած, «պոկվել», թե՞ արդարադատություն տեղի կունենա, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան