ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Համաշխարհային կրթական ֆորումի շրջանակում հայաստանյան պատվիրակությանը հյուրընկալելու և Բրիտանական խորհրդի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև փոխգործակցության և ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորություն ընձեռելու համար՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր աշխատանքների մեկնարկից ի վեր (2001 թ.) շարունակում է կառուցել կրթամշակութային հարաբերություններ՝ յուրահատուկ կամուրջ հանդիսանալով երկու երկրների միջև. «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն հսկայական աշխատանքը, որը նպատակաուղղված է անգլերենի ուսուցման միջոցով երկու երկրների միջև արվեստի, կրթության և մշակույթի ոլորտներում սերտ համագործակցության ապահովմանը։ Դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»:

Նախարարը հավելել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսլականին և գերակայություններին համապատասխան կատարվել են շատ կարևոր աշխատանքներ հետևյալ ուղղություններով. Հայաստանի դպրոցների շարունակական մասնագիտական կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում, «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագրի միջոցով անգլերենի ուսուցման համակարգում հետազոտության իրականացում, խորքային ուսումնասիրություն և նորարարությունների խթանում, «Անգլերենի ազդեցությունը» հետազոտական ուսումնասիրության և «Կոդավորման հմտություններ. կապակցենք ներկան ապագային» նախագծերի իրականացում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերությամբ մշակվել է նաև Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կներառի ՀՀ ուսուցչական համակազմի շարունակական մասնագիտական զարգացման ողջ տեսլականը: Այդ հայեցակարգը հիմք կհանդիսանա ՀՀ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, մասնագիտական չափանիշների սահմանման, այդ ողջ գործընթացի քարտեզագրման և իրականացման համար։

Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը, իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ուստի Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Բրիտանական խորհրդի «Անգլերենի ծրագրի» շրջանակում իրականացվող համագործակցությունը:

Նոր հուշագրով աջակցություն է ցուցաբերվելու Բրիտանական խորհրդի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում շարունակական մասնագիտական զարգացման քաղաքականությունը և շրջանակը» փաստաթղթի գործարկմանը: Այդ գործընթացում ներառվելու է անգլերենի 1000 ուսուցիչ, և փորձարկվելու է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակը:

Հուշագրով միաժամանակ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում անգլերենի ուսուցիչների համար նաև առցանց ՇՄԶ ծրագրերի իրականացումն ու ներդնումն ուսուցիչների համայնքի առցանց հարթակի միջոցով:

«Միացյալ Թագավորության կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհուրդը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակական համագործակցության համատեքստում՝ ստորագրելով նոր փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրով ուսուցիչների մասնագիտական զարգացման տրամաբանությունը կամբողջանա, և կփորձարկվի անգլերենի հազար ուսուցիչների շրջանում՝ ճանապարհ բացելով կարևոր բարեփոխման համար։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացելու առաջիկայում կրթամշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման խորացման համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Կրթական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բարձրագույն կրթության որակի ապահովման կենտրոնի գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսենի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Հավելենք նաև, որ Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ»: