Նորաձևության պատերազմ՝ ընդդեմ ՌԴ-ի․ Chanel-ը, Dior-ը և ուրիշներ արձագանքում են ռուս-ուկրաինական հակամարտությանը 

Լուրեր

14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
Բոլորը

Փետրվարի վերջին և մարտի առաջին տասնօրյակին, ինչպես մեզ հայտնի բոլոր ժամանակներում, աշխարհը լի էր հակասական ու իրարամերժ զգացողություններ առաջացնող իրադարձություններով․ իրար է անցել նույնիսկ նորաձևության աշխարհը, բայց պատճառը բնավ Միլանի (փետրվարի 22-28) և Փարիզի (փետրվարի 28-մարտի8) նորաձևության շաբաթները չեն։ 

Ռուսաստանը փետրվարի 24-ի վաղ առավոտյան հարձակվեց Ուկրաինայի վրա, աշխարհում միջուկային պատերազմի վտանգ կա, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն ու խոշոր քաղաքները հրթիռակոծությունների տակ են, Ռուսաստանը՝ կոշտ պատժամիջոցների։

Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունները քննադատվել են ոչ միայն արևմտյան քաղաքական գործիչների կողմից․ պատժամիջոցները ՌԴ են եկել՝ նաև տանելու թանկը, շքեղը, գլամուրայինը, բայց և սովորականն ու ամենօրյան։ Համաշխարհային բրենդերը հերթով փակում են իրենց դռները ՌԴ-ում և ՌԴ-ի համար։ 

Ռուսաստանից գնալու մասին առաջիններից մեկը հայտնեց իսպանական Inditex ընկերությունը (այս բրենդի տակ են Massimo Dutti-ն, Pull&Bear-ը, Zara-ն, Bershka-ն, Stradivarius-ը, Oysho-ն)։ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ընկերությունը ՌԴ-ում փակել է իր 502 խանութները, նաև կասեցրել օնլայն վաճառքը։ Պաշտոնական հայտարարությամբ մեկնաբանել են՝ ժամանակավորապես են դադարեցնում իրենց գործունեությունը։ Նույնն արել է նաև H&M Group-ը, որն ընդգրկում է H&M, Cos, Monki, Weekday, & Other Stories և Arket ապրանքանիշերը։ 

Հարուստ ապրել չե՞ս արգելի․․․ Բարձր նորաձևության գոտկատեղից ցածր հարվածները 

Իհարկե, զանգվածային հասանելիություն ունեցող Bershka-ն և Stradivarius-ը փակելն ուրախացնող չի կարող լինել սովորական ռուս սպառողների համար, սակայն դրանց այլընտրանքները կարելի է գտնել նաև ռուսական շուկայում (ի դեպ, ռուս ոճաբաններից որոշներն արդեն սոցցանցերում հայրենական արտադրանք գնելու կոչեր են անում ու գովազդում ռուսական ապրանքանիշեր՝ որպես այլընտրանք)։ 

Բայց fashion-ի իսկական ու ամենամեծ անակնկալը Ռուսաստանի հարուստների համար է․ շատ փող ունեցող, կոռուպցիոն սկանդալներում և թաքնված գործարքներում խառնված գործիչների, նրանց կանանց և ամուսինների, անգամ իրենց արդար քրտինքով շատ գումար վաստակող ռուսների համար փակ կլինեն համաշխարհային բրենդերի խանութները։ Խոշոր, շքեղ ու թանկ ապրանքանիշերը հայտարարել են՝ դադարեցնում են իրենց գործունեությունը ՌԴ-ում։

Ի դեպ, քանի որ խոսք գնաց շքեղությունից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս թանկ ու շքեղ ապրանքների սիրահար է․ նրա ժամացույցների հավաքածուի արժեքը, օրինակ, դեռ 2012-ին տատանվում էր 700,000 դոլարի սահմանում։

Հանրահայտ Hermes-ը, որն արտադրում է աշխարհի ամենաթանկ պայուսակները, և շվեյցարական Cartier-ի սեփականատեր Richemont-ն առաջիններից էին, որ հայտարարեցին՝ դադարեցնում են իրենց բիզնեսը ՌԴ-ում։ 

Ֆրանսիական luxury-հսկա LVMH-ից ևս հայտարարել են ՌԴ-ում խանութները փակելու մասին․ ահա LVMH-ի բրենդներից և դուստր ձեռնարկությունների ցանկից մի քանի անուն՝ Celine, Christian Dior, Fendi, Givenchy, Kenzo, Stella McCartney, Guerlain, Maison Francis Kurkdjian, Bulgari, Tiffany & Co,  Sephora և ուրիշներ։ 

Մինչև այս շաբաթվա վերջ Ռուսաստանում իր խանութները կփակի նաև Adidas-ը։ 

Ֆրանսիական մեկ այլ հսկա՝ Chanel-ը նույնպես ժամանակավորապես լքում է ՌԴ-ն։ 

«Հաշվի առնելով մեր աճող մտահոգությունները ներկայիս իրավիճակի, մեծացող անորոշության և դժվարությունների հետ կապված՝ Chanel-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր բիզնեսը Ռուսաստանում»,- նշվում է բրենդի Linkedin-ում։

ՌԴ-ում բոլոր խանութները փակելու մասին է հայտարարել նաև Calvin Klein-ի և Tommy Hilfiger-ի սեփականատեր կազմակերպությունը։ 

ՌԴ-ում գործունեությունը դադարեցնելու մասին համեմատաբար ուշ, բայց հայտարարեց նաև Prada-ն՝ այդպես էլ տեղ չթողնելով «սատանան կրում է Prada» բառախաղի համար։ Ավելի վաղ բրենդից Instagram-ում պաշտոնապես և դիվանագիտորեն մեկնաբանել էին՝ կշարունակեն հետևել «այս ողբերգական իրադարձություններին», և հույս էին հայտնել, որ խաղաղ լուծում կգտնվի։ 

4 օր առաջ, սակայն, բրենդից վերջնականապես հայտարարեցին՝ դադարեցնում են մանրածախ գործունեությունը ՌԴ-ում։ 

Ռուսաստանում իր խանութները ժամանակավորապես փակելու մասին հայտարարել է նաև Gucci-ն։ Բրենդը, ըստ պաշտոնական կայքի, ՌԴ-ում 13 խանութ ունի։ 

Ինչպե՞ս է նորաձևությունն աջակցում Ուկրաինային կամ խաղաղության կոչ անում

Մոտ մեկ շաբաթ առաջ ուկրաինական Vogue-ը դիմել էր համաշխարհային ապրանքանիշերին ու կոչ արել էմբարգո սահմանել դեպի ռուսական շուկա արտահանման վրա։ 

Այդ ընկերություններից որոշներն արդեն հայտնել են ռուսական շուկայի հետ աշխատանքը դադարեցնելու մասին (Chanel, LWMH, Hermes և այլն)։ Ուկրաինական Vogue-ից համաշխարհային նորաձևության արդյունաբերողներին կոչ են արել չլռել՝ հիշեցնելով՝ իրենք ամենաուժեղ ձայնն ունեն։ 

Իսկ նորաձևության ամենաուժեղ ու բարձր ձայներից մեկն այս շաբաթ հնչել է ուկրաիներեն։ Ուկրաիներեն նախաբան, ձյան մեջ ու ձյան տակ քայլող և քամին հաղթահարող մոդելներ, հյուրերի աթոռներին՝ Ուկրաինայի դրոշի գույներով շապիկներ․ Balenciaga-ի «Աշուն-ձմեռ 2022» հավաքածուի ցուցադրությունն ամբողջությամբ նվիրված էր Ուկրաինային, այն արտահայտում էր այդ երկրի կրած դժվարությունները։ 

Միլանի ու Փարիզի նորաձևության շաբաթների ընթացքում, եթե ոչ ցուցադրությունների ժամանակ, ապա գոնե դահլիճներում և հյուրերի ցանկում աջակցության մեկ այլ ձև էլ էր նկատելի՝ կապույտի ու դեղինի համադրությունը։ 

Սրան զուգահեռ՝ նաև հայտնի բրենդեր և մոդելներ են անհատապես միացել Ուկրաինային մարդասիրական աջակցություն ուղարկելու նախաձեռնություններին։ 

Ջիջի Հադիդը, օրինակ, հայտարարել է, որ ամսվա ընթացքում նորաձևության ցուցադրություններից ստացած իր ողջ գումարը կուղղի բարեգործությանը, որովհետև ցանկանում է «քայլել ինչ-որ բանի համար»։ 

Համաշխարհային նորաձևությունը, ՌԴ-ի հետ հարաբերությունները ժամանակավորապես խզելուց զատ, դուրս է թողնում նաև ռուս դիզայներներին։ Ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինի օնլայն շոուն, օրինակ, չցուցադրվեց Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում․ նման որոշում էր կայացրել Haute Couture-ի և նորաձևության ֆեդերացիան (Fédération de la Haute Couture et de la Mode)։

Եվ այս ամենին զուգահեռ՝ ժամեր առաջ ռուսական Vogue-ը հայտարարել է՝ ապրիլյան համար և նոր նյութեր այսօրվանից չեն լինի․ հայտնի ամսագրի ռուսերեն տարբերակի խմբագրակազմում հույս ունեն, որ սա իրենց հրաժեշտի նամակը չէ։ 

Թե իրականում համաշխարհային նորաձևության այս պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան ռուսական շուկայի վրա,  նորաձևության ամսագրերը, կարծես, դեռ չեն հաշվարկել։ Ամեն դեպքում, աշխարհի ամենամեծ երկրի շուկան կորցնելուց առաջ հայտնի ապրանքանիշերը բանալի բառի պես շեշտում են՝ «ժամանակավորապես» են դադարեցնում իրենց գործունեությունը։