Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Sky News Arabia-ին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը.

Sky News Arabia – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը Դուբայի «Էքսպո 2020»-ին: Արդյո՞ք այն արտացոլում է Հայաստանի էթնիկական հատկանիշները և զարգացող տեխնոլոգիական ձգտումները:

– Թույլ տվեք սկսել՝ ներկայացնելով իմ գնահատանքի խոսքերը «Էքսպո 2020»-ի և Աբու Դաբիի կայունության շաբաթին նվիրված համաժողովի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ հիանալի մթնոլորտ եք ձևավորել: Սա լավ հարթակ է ոչ միայն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այստեղ՝ Էմիրություններում, այլ նաև՝ միջազգային երիտասարդության համար, ովքեր կարող են գալ և տեսնել:

Մինչ այսօր ես անցել եմ կյանքի չորս փուլով. առաջին փուլում գիտնական, ֆիզիկոս, մաթեմատիկոս էի: Երկրորդում դիվանագետ էի, երրորդում՝ ազատ մարդ, բիզնես գործունեություն էի ծավալում, չորրորդում նախագահ եմ և նայում եմ դեպի ապագա: Ես մշտապես կապված եմ եղել գիտության ու տեխնոլոգիաների հետ և տեսնում եմ այս երկրի մեծ աճն այդ ոլորտներում: Կան որոշ կառույցներ, միջավայրեր կամ շնորհանդեսներ, որոնք բնորոշում են այս կամ այն երկիրը, սակայն, ի վերջո, այդ ամենի հիմքում տեխնոլոգիաներն են, որոնք միտված են ապագային: Մեր ապագան տեխնոլոգիապես առաջադեմ աշխարհ կառուցելն է: Պետք է ստեղծենք ապագա, որը կանխատեսելի, կայուն լինի: «Կայուն» բառը, հնարավոր է, շատ իմաստներ ունի: Այն կարող է նշանակել կառուցել մի բան, որը կանխատեսելի է, հստակ է, ինչ-որ բան, որն անորոշության զգացողություն չի առաջացնում: Այսօր մեզ շրջապատող աշխարհն, ըստ էության, այդպիսին է՝ ամենուր առնչվում ես անորոշությանը: Դրա համար կան մի շարք պատճառներ: Որոշ մարդիկ ասում են, որ պատճառը COVID-ն է, ոմանք ասում են՝ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, ասում են նաև, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են կամ ավելի թույլ են դարձել, իսկ որոշ մարդիկ էլ ասում են, որ աշխարհը միաբևեռից դարձել է բազմաբևեռ և այլն:

Այդ հարցին իմ պատասխանը հետևյալն է. աշխարհը փոխվել է, քանի որ այն փոխվել է հիմնովին: Որպես նախկին ֆիզիկոս՝ կարծում եմ, որ այս աշխարհը քվանտային է: Այն այլևս այն դասական աշխարհը չէ, որը մենք գիտեինք նախկինում: Մենք, որպես անհատներ, մեզ դրսևորում ենք քվանտային մասնիկների նման, քանի որ փոխկապակցված ենք: Մենք լույսի արագությամբ ենք հաղորդակցվում, ապրում ենք շատ բարդ աշխարհում, որը նոր է ու քվանտային: Այն փոխում է խաղի կանոնները: Մարդիկ ճանապարհորդում են մեծ ինքնաթիռներով և ժամերով գտնվում են նույն վայրում, շնչում են նույն օդը: Ուստի զարմանալի չէր, որ Չինաստանում հայտնաբերված COVID-ի մեկ դեպքն այդքան արագ տարածվեց, և հաջորդ դեպքը հայտնաբերվեց արդեն Արգենտինայում, և այդպես շարունակ: Այսպիսով՝ COVID-ը փոփոխությունների պատճառը չէ: Աշխարհը փոխվել է, և այդ իսկ պատճառով մենք ունեցանք COVID-ը, հնարավոր է՝ մեկ ուրիշ բան էլ հայտնվի:

Իսկ ո՞րն է լուծումն այս պարագայում: Ինչու՞ ենք հասել այս կետին: Պատճառը գիտական և տեխնոլոգիական առաջընթացն է: Մարդկությունն անցել է առաջին, երկրորդ արդյունաբերական հեղափոխության միջով և սովորել է՝ ինչպես այրել փայտը, ածուխը էներգիա ստանալու համար: Հետո ստեղծեցինք համակարգիչը, որը մեկ այլ հեղափոխություն առաջացրեց: Այսօր ապրում ենք մշտական, հաստատուն հեղափոխության շրջանում: Ես այն անվանում եմ R-evolution, որում R-ն նշանակում է rapid՝ արագ, սրընթաց: Մենք ամեն օր նորարարություններ ենք անում, նոր գաղափարներ ենք մտածում, և այդպիսով աշխարհը շատ արագ և փոխկապակցված է դառնում: Այդ իսկ պատճառով շատ հաճախ նկատում ենք, որ այդ հեղափոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան որոշ ինստիտուտներ կամ մեր վարքագիծը կարողանում են արձագանքել:

Sky News Arabia – Ի՞նչ կարող եք ասել քաղաքականության մասին: Ինչպե՞ս կարող են այս բոլոր փոփոխություններն ազդել քաղաքականության, տարածաշրջանի վրա:

– Վերջերս որդուս հետ ավարտեցինք գիտական մի աշխատություն, որը անվանեցինք «Նոր քվանտային աշխարհ»: Այն քաղաքականության քվանտային վարքագծի մասին է: 30, 60 կամ 100 տարի առաջ երկրորդական թվացող գործոններն այսօր էական են դառնում, ինչպես նաև այն, թե ինչպիսի քաղաքականություն ես վարում: Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այսօր արդեն ամբողջ աշխարհում դրա մի շարք օրինակներ կան: Քաղաքականության կողքին մշտապես եղել է զվարճանքը (entertainment). հին Հռոմում կային գլադիատորները…. Մեր օրերում զվարճանքն ու քաղաքականությունը զուգորդվել են, շատ քաղաքական գործիչներ սկսել են քաղաքականությամբ զբաղվել, քանի որ լավ զվարճացնողներ (entertainer) էին: Արդյունքում ստացվում է իրական և զվարճանքի քաղաքականությունների համադրություն: Երբեմն մենք սա նաև անվանում ենք պոպուլիզմ: Այս ամենի հիմքում սրընթաց (R-evolution) հեղափոխությունը, նոր տեխնոլոգիաներն են: Որքան տեխնոլոգիաները զարգանան, այնքան մեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Կփոխվեն բիզնեսի կամ քաղաքականության իրականացման, շրջակա միջավայրը պահպանելու կամ այն վնասելու եղանակները:

Sky News Arabia – Կցանկանայի անդրադառնայինք այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված:

– Կցանկանայի այս հարցին անդրադառնալ կայունության շաբաթվան նվիրված համաժողովի համատեքստում: Կայունությունը կարևոր է, սակայն դա միայն տնտեսությանը, տնտեսական աճին կամ մեր երեխաների ապագային չի վերաբերում: Կայունությունը կարևոր է նաև քաղաքականության մեջ: Ներկայացնեմ երկու կետով: Եթե պրագմատիկ ես և ցանկանում ես, որ կայունություն լինի, ապա դժվարին իրավիճակում չես գտնի ավելի լավ ճանապարհ, քան՝ բանակցելն ու խոսելն է: Հայաստանն ու Ադրբեջանն ունեին բանակցելու հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Ցավոք, այդ բանակցությունները չհաջողեցին, և ունեցանք պատերազմ, որն ամենավատ տարբերակն էր: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կողմը հաղթել էր և 26 տարի ուներ այդ հաղթանակը կայուն խաղաղության փոխակերպելու համար: Սակայն այդ հարցում հաջողություն չունեցավ, և, որպես այդ ամենի արդյունք, պատերազմ ունեցանք, հազարավոր երիտասարդ կյանքեր կորսվեցին:

Ամանորից առաջ ես այցելեցի Եռաբլուր՝ այն վայրը, որտեղ մեր երիտասարդ հերոսներն են թաղված: Այս աշխարհում ամենածանր բանը նրանց ծնողներին տեսնելն է, որոնք սգում են 18, 19 տարեկան իրենց երեխաների կորուստը, այն դեպքում, երբ խոսելը, բանակցելը, դիվանագիտությունը կարող էին լուծել այս խնդիրն առանց այս երիտասարդ կյանքերի կորստի: Հրադադար է հաստատվել, ամբողջական խաղաղություն չկա, բանակցություններ են տեղի ունենում, որը հայկական կողմից իրականացնում է կառավարությունը և վարչապետը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի նախագահը, իսկ Ռուսաստանը միջնորդ է: Հույս ունեմ, որ այս բանակցությունների արդյունքում կունենանք կայուն ու պրագմատիզմի վրա հիմնված խաղաղություն:

Հույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չէ:

Դուք նշեցիք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Կրկին պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են, որ դու պետք է հարևաններիդ հետ խնդիրներ չունենաս, հատկապես մի հարևանի, որը մեծ երկիր է, որը յուրահատուկ վարքագիծ է դրսևորում Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում և շատ այլ վայրերում: Կրկին կարծում եմ, որ այս դեպքում ևս չկա ուրիշ ճանապարհ՝ բացի խոսելուց: Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին, և նույնիսկ արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ այդ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ և Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում ևս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Ինչպե՞ս էր կարողանալու Հայաստանի որևէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց սփյուռքի աջակցությունն ունենալու: Հայաստանը փոքր երկիր է, բայց աշխարհասփյուռ ազգ է: ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում նույնքան հայ են ապրում, որքան Հայաստանում…

Դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են: Սակայն դրանք պարզ բանակցություններ չեն երկու երկրների միջև: Այս դեպքում դու չես կարող հաշվի չառնել այն պատմությունը, որի միջով անցել ես: Լավ օրինակ կարող է լինել, թերևս հետևյալը. մոտ երկու տարի առաջ Իսրայելում մասնակցում էի մեծ համաժողովի, որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահը և այլք: Ելույթներ հնչեցին, ծաղիկներ դրվեցին, սակայն ես սպասում էի Գերմանիայի նախագահի ելույթին: Անկեղծորեն կասեմ՝ նա հիանալի ելույթ ունեցավ, և անձամբ ինձ համար դա այդ համաժողովում ամենակարևոր պահն էր, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե Գերմանիան և Իսրայելը փորձեին ինչ-որ բանակցություններ վարել առանց Հոլոքոսթի մասին խոսելու, կհաջողեի՞ն արդյոք: Ո՛չ: Հայ-թուրքական հարաբերությունները նույն համատեքստում են: Կարծում եմ՝ հաջողելու համար դու չպետք է աչք փակես կամ անտեսես ակնհայտը: Դրանք հեշտ բանակցություններ չեն: Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել:

Sky News Arabia – Շնորհակալություն, պարոն նախագահ: