Բանակցային ժառանգությունում ոչ մի դեպքում հայկական կողմերը նույնիսկ չեն անդրադարձել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն․ Դավիթ Բաբայանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լուրեր

11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
11.12.2024 | 10:38
 Հրազդան համայնքում  էլեկտրական շչակ է գործարկվելու
11.12.2024 | 10:20
Նավթի գներն աճել են
11.12.2024 | 10:02
Հրդեհ Վանթյան փողոցում
11.12.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2024 | 09:30
Արարատի մարզում մառախուղ է
11.12.2024 | 00:14
Հայտնի են Գյումրիի փրայմերիզի նախնական արդյունքները
10.12.2024 | 23:30
Էրդողանի ելույթը խափանելու համար կալանավորված ակտիվիստները հայցեր են ներկայացրել բանտում դաժան վերաբերմունքի հետ կապված
10.12.2024 | 23:28
Ինձ ձերբակալել են ճշմարտությունն ասելու համար․ Բաքվի դատարանը հայտնի քաղաքագետին 4 ամսով կալանավորել է
10.12.2024 | 23:14
Պետք է բանտախցերում տեսախցիկներ տեղադրել․ Բաքվում Գերմանիայի դեսպանը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումների կապակցությամբ
10.12.2024 | 22:58
Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ․ կարգավորումն ուժի մեջ է մտել
10.12.2024 | 22:44
Բաքուն հետևում է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին` խորհրդակցություններ անցկացնելով Թուրքիայի հետ. Ադրբեջանի ԱԳՆ
10.12.2024 | 22:33
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
Բոլորը

Շաբաթվա վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ նշել էր, որ ԼՂ բանակցային պրոցեսում 2016 թվականին տեղի է ունեցել աղետ։

«2016թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։ Բայց աղետը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում նշվում է, որ ԼՂ-ն ունի ԱԺ, ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ ԼՂ այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Հայաստանի հետ, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ որոշում է կայացնում այդ իրավական համակարգերի իրավական ու պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»,- նշել էր վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ տեղի ունեցած աղետից հետո Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լինել:

ՀՀ վարչապետին արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը զիջման ենթակա չէ։ Դրան հաջորդել է նաև Արցախի խորհրդարանի հայտարարությունը, որով նշվում է, որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունները։

Factor.am-ը Հայաստան-Արցախ հեռակա բանավեճի, Արցախի կարգավիճակի վերաբերյալ արցախցիների դիրքորոշման մասին զրուցել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեկնաբանություններին հաջորդել են Արցախից քննադատություններ՝ նախագահի, Ազգային ժողովի մակարդակով։ Ձեր կարծիքն էլ դրանցից չի տարբերվում։ Ո՞րն է Ձեր անհանգստության պատճառը, արդյոք Նիկոլ Փաշինյանը բանակցություններից այնպիսի մանրամասներ է ներկայացրել, որոնք Ձեզ անծանոթ էին։

-Ամբողջ Արցախի հասարակությունը շատ յուրահատուկ իրավիճակում է։ Մեղմ ասած՝ վատ է ընդունել այդ ամենը, ինչը շատ բնական է։ Մեզ համար անընդունելի է ցանկացած տարբերակ՝ Ադրբեջանի կազմում լինելը և Արցախի սուբյեկտայնությունը կասկածի տակ դնելը։

-Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է իր ասածը՝ նշելով, որ ինքը նման բանակցային ժառանգություն է ստացել և ոչ թե համակերպվել է դրա հետ, այլ փորձել է այն փոխել։

Բանակցային ժառանգությունում ոչ մի դեպքում հայկական կողմերը նույնիսկ չեն անդրադարձել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն։ Չի՛ եղել նման բան։ Հարցը քննարկվել է, բայց ի՞նչ համատեքստում․ Ադրբեջանը դա էր առաջ տանում, մենք էլ ասում էինք՝ դա անընդունելի է։ Եղել է միայն «ընդհանուր պետություն» ձևավորելու մոտեցումը, որը միջնորդների կողմից 1998 թվականին էր առաջարկվել։ Սա միակ, առաջին և վերջին նման մոտեցումն էր, որն ընդունվել է բոլոր կողմերի կողմից՝ որպես բանակցային լուծում, բայց ոչ որպես վերջնական տարբերակ։ Ինչո՞ւ եմ ես դրա վրա կենտրոնանում․ որովհետև նախ՝ Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Իհարկե, դա մեզ համար էլ էր անընդունելի, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում ինքնավարություն էր ձեռք բերում, բայց այստեղ մի տարբերություն կար։ Ադրրբեջանն այս մոտեցմամբ տեսնում էր Արցախը իր կազմում՝ որպես մաքսիմում ինքնավար հանրապետություն, մենք տեսնում էինք այն՝ որպես մաքսիմում կոնֆեդերատիվ համադաշնություն, որտեղ Արցախն ու Ադրբեջանը լինելու էին համահավասար սուբյեկտներ։ Ի՞նչ է տեղի ունեցել․ Ադրբեջանը փորձում էր այնպես անել, որ մենք տապալենք այդ մոտեցումը, ինքը հաղթող դուրս գար, մենք էլ փորձում էինք այնպես անել, որ ինքը տապալեր։ Ես շատ հպարտ եմ, որ իմ փոքր լուման ունեմ Ադրբեջանի կողմից այս մոտեցման տապալման մեջ, եղել եմ բոլոր գործընթացների մասնակից։

Ինչպե՞ս դա եղավ․ Ադրբեջանի ղեկավարությունը՝ Հեյդար Ալիևն ասում էր՝ եթե բերեք օրինակ, որտեղ երկու սուբյեկտներ անհավասար բնակչությամբ կարող են հավասար համարվել, ինքը կընդունի այդ տարբերակը։ Մենք ցույց տվեցինք նախադեպը՝ Տանզանիան՝ Աֆրիկայում, որը կազմված է երկու պետությունից՝ Տանգանիկայից և Զանզիբարից, և նրանց անհամաչափությունն ավելի մեծ է, քան Արցախինն ու Ադրբեջանինն է։ Ադրբեջանը մերժեց դա՝ տապալելով այդ մոտեցումը, և դրանով փակվել է այդ հարցը։ Բացի այդ՝ անհեթեթություն է, ինչպե՞ս կարող ենք մենք քննարկել Ադրբեջանի կազմում մեր ապագան։ Հանուն ինչի՞ ենք սկսել Արցախյան շարժումը, որպեսզի քննարկենք՝ իրենց կազմում լինե՞նք՝ կորցնելով Հյուսիսային Արցախը, նահատակների վրայով անցնելով։ Չի եղել նման բան, չի էլ լինելու նման բան։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարկ համարել այդ մասին ասել։

-Չգիտեմ, չեմ ուզում խոսել, թե ինչու է նա նման բան ասել։ Իրենից հարցրեք։ Ես ասում եմ Արցախի ժողովրդի, Արցախի հանրության կարծիքը։ Շատ ճիշտ էր Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը, որտեղ գրված էր, որ պետք է անպայման Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնել։ Որովհետև մենք, նախևառաջ, ո՛չ մեր պրոֆեսիոնալիզմով, ո՛չ մեր անցյալով, ո՛չ բարոյական հատկանիշներով չենք զիջում որևէ մեկին և կարող ենք մեր տեսակետը հայտնել։ Հայաստանի ցանկացած իշխանություն, մարմին, մեր տեսակետը հաշվի առնելով, միայն կուժեղացնի իր դիրքերը։ Հակառակ դեպքում՝ միայն կթուլացնի իր դիրքերը։

-Կարելի՞ է ենթադրել, որ հիմա ավելի քիչ են ՀՀ իշխանությունները Ձեր հետ հաշվի նստում, Ձեր կարծիքը կարևորում։

Ես ներկայացնում եմ ընդհանուր մոտեցում․ մեզ համար «կարմիր գիծ է» Արցախի սուբյեկտայնությունը և հայկականությունը կասկածի տակ դնելը։ Ցանկացած քայլ, նույնիսկ հայտարարություն կամ միտք ունենալու է «կարմիր գիծ»։ Եվ դա բոլորին է վերաբերվում։

-Հիմա էլ տեղի են ունենում հանդիպումներ, և հանրությանը հայտնի չէ, թե դրանց շրջանակում Արցախի վերաբերյալ ինչ է քննարկվում։ Ձեզ գոնե հայտնի՞ է, թե ինչի մասին է, օրինակ, Հայաստանի վարչապետի  և Ադրբեջանի նախագահի  հանդիպումներում խոսակցությունը, ի՞նչ են նրանք քննարկում Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որ դրանց էլ հետևում է նման պարզաբանումներով ասուլիս։

-Մենք հիմա բանակցություններին ուղղակիորեն չենք մասնակցում։ Սա նշանակում է, որ ինչ-որ մեկը դրանց մասին պատմելուց կարող է մի բան ասել, մի բան մոռանալ, հազար ու մի խնդիր կա։ Ի վերջո, մեր տեղյակ լինելը իրավական կատեգորիա չէ։ Մենք պետք է մասնակցենք, որ իմանանք՝ ինչն ինչպես է տեղի ունենում։ Բացի այդ, հասկանալով ամեն ինչը՝ մենք տեսնում ենք Մայր Հայաստանը որպես մեր շահերի պաշտպան։

Կրկնում եմ՝ մեզ համար անընդունելի է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու ցանկացած տարբերակ։ Ինչ է՝ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցի չէ՞ր ապրում, ուրեմն այստեղ էլ հայկականության խնդիր կա՞։ Նույնը ԼՂԻՄ-ն է։ Եթե վերցնում ենք հարաբերակցությունը, Արցախում 25 տոկոսն էին կազմում ադրբեջանցիները 1988 թվականին, իսկ 1923 թվականին՝ 3 տոկոսը։ Այսինքն՝ Արցախը եղել է ամենահայկական շրջաններից մեկը և Արցախում են պահպանվել հայոց պետականության ժայռաբեկորները։

-Այնուամենայնիվ, բանակցություններից Արցախի կարգավիճակի վերաբերյալ որպես վերջին տեղեկատվություն Ձեզ ի՞նչ են մատուցել ՀՀ իշխանությունները։

-Նորից եմ ասում՝ մենք ունենք մեր տեսակետը, մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը։ Ով ուզում է, ինչ ուզում է՝ թող քննարկի։ Դա անընդունելի է մեզ համար։

-Պարո՛ն Բաբայան, Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հաջորդեցին քննադատություններ Արցախից։ Ադրբեջանում այս իրավիճակին խանդավառությամբ են հետևում։ Ի՞նչ պետք է հետևի հեռակա Հայաստան-Արցախ բանավեճին։

-Այո՛, Ադրբեջանում տեղի ունեցողին հրճվանքով են հետևում։ Բայց դա կապ չունի։ Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Հետևաբար, անթույլատրելի է մեր արձագանքը որևէ մեկի կողմից որպես «ղարաբաղցի-հայաստանցի» խաղ ներկայացնելը։ Դա կեղտոտ դիսկուրս է։ Ով դա անի, ուրեմն հատուկ է անելու։ Բացի այդ, Արցախում չկա որևէ տրամադրվածություն Մայր Հայաստանի և մեր միասնականության դեմ։ Չի կարող նման բան լինել։ Միայն դավաճանը և թշնամին դրա մասին կարող են մտածել և խոսել։ Մենք նաև կարծում ենք, որ մեր մոտեցումները ճիշտ կընկալվեն։ Մեր մոտեցումը ոչ թե երկպառակտումն է, այլ միասնականության ամրապնդումն է, մեր մոտեցումը պրոֆեսիոնալի, արհեստավարժի է, մեր հայկականության պահպանմանն է ուղղված։

Հռիփսիե Հովհաննիսյան