ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սպանդանոցային պարտադիր մորթի անցման փուլերը, սպանդանոցների բախշվածությունն ըստ մարզերի, ինչպես նաեւ խոսել է միսն ուղեկցող ձև 5 փաստաթղթի տրամադրման կարգի մասին:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի՝ 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Մինչ այդ՝ մարտի 1-ից, պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը կրթական և նախակրթական հաստատություններում երեխաներին մատակարարվող մսի նկատմամբ: Սակայն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողների հետ ինտենսիվ աշխատանք սկսել է ավելի վաղ՝ դեռևս 2017 թվականին, և շարունակել այն 2018 թվականին՝ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելով այս ոլորտում գործունեություն ծավալող և շահագրգիռ կողմերի՝ սպանդանոցների սեփականատերերի, մատակարարաների, իրացնողների, հետ և տեղեկացրել վերջիններիս սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի բոլոր մանրամասները: Ուղարկվել է ավելի քան 700 հասցեական ծանուցում, տեսահոլովակների ու տեղեկատվական թերթիկների միջոցով ապահովվել է հանրային իրազեկում: Միաժամանակ, փոփոխության մասին տեղեկացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները. արդյունքում՝ պետական գնումներով մրցույթը շահած մատակարարման պայմանագրերում ամրագրված է, որ միսը պետք է լինի բացառապես սպանդանոցային ծագման:
Ծառայությունը, հաշվի առնելով հանրապետությունում գործող սպանդանոցների թիվը, ուսումնասիրելով համայնքներում առկա անասնագլխաքանակը և գնահատելով պահանջվող սպանդանոցների անհրաժեշտությունը՝ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ նախաձեռնել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր՝ ուսուցողական, տեղեկատվական, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով տիպային սպանդանոցների ստեղծման համար: Ներկայումս հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է 23 նոր սպանդանոց (երկուսն արդեն կառուցվել են), որոնց տեղաբախշումը կատարվել է նկատի ունենալով համայնքներում անասնագլխաքանակն ու օրական միջին մորթը՝ ապահովելու նպատակով համաչափ սպանդանոցային ցանց հանրապետության ողջ տարածքում: Միաժամանակ, ստացվել են սպանդանոց կառուցելու լրացուցիչ նոր հայտեր՝ ավելի քան 40: Արդյունքում, 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ նվազագույնը 70 սպանդանոց, ինչը կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը:
Բանախոսը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով: Ձև 5-ը կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով՝ բացառելով նախկինում վերահսկողության շրջանակներում հայտնաբերված դեպքերը, երբ մատակարարվում էր անհայտ տեղից գնված միս: Թռչնաբուծարաններն արդեն անցել են էլեկտրոնային եղանակով ձև 5-ի տրամադրմանը, իսկ սպանդանոցներին, որոնք նոր են անցնում այս փաստաթղթի շրջանառությանը, Ծառայությունն արդեն տրամադրել է 2500 ձև 5, որից իրացվել է արդեն 1701-ը (143 հազար 240 կգ ԽԵԿ մսի համար): Տեղեկացնենք, որ սպառողը նույնպես կարող է պահանջել այս պիտակը և ստուգել դրա իսկությունը ինքնուրույն՝ հեռախոսի օգնությամբ, QR-կոդի միջոցով և տեղում ստանալ վաճառվող մթերքի մասին տեղեկատվություն:
Սպանդանոցային ծագման թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր՝ սպանդանոցային մորթի անցնելու փուլերին համընթաց: Թեև մի շարք ոլորտների համր նորմը դեռ չի գործում, Ծառայությունն արդեն 152 միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների տվել է սանիտարական անձնագրեր:
Լրագրողների հարցերին ի պատասխան ՍԱՊԾ պաշտոնյան ընդգծել է, որ Ծառայության գերխնդիրը մսի անվտանգությունն ապահովելն ու վտանգները կանխարգելելն է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Ինչ վերաբերում է մատակարարվող մսի գնին, ապա դրա կարգավորման դաշտում որևէ լիազորություն կամ գործառույթ ՍԱՊԾ-ն չունի: Վերջերս շրջանառվող պատճառաբանության վերաբերյալ, թե մոտ տարածքում չկա սպանդանոց և՝ որ դա խոչընդոտում է մսի մատակարարմանը, բանախոսը նկատել է,-«Մատակարարներն ընդամենը մի քանիսն են, որոնք, մրցույթը շահելով և, տեխնիկական բնութագրով պարտավորվելով մատակարարել միայն սպանդանոցային ծագման միս, պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները: Իսկ սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով»:
Չնայած, որ 2017 թվականի ընթացքում տնտեսավարողներին պարբերաբար տեղեկացվել է այս նորմի մասին՝ պահանջը նոր է սկսել գործել պետական գնումներով մատակարարողների համար, և Ծառայությունը, ստացված արդյունքները ամփոփելուց հետո, հսկողություն կիրականացնի սպանդանոցային ծագման մսի մատակարարման ողջ շղթայում: