ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը «ԵՄ, թվայնացում Հայաստան» նախագծի թիմի ղեկավար Տատյանա Պրենդա Տրուպեկի, «Թվային Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Արամ Վրթանեսյանի հետ քննարկել է հանրապետության պետական սահմանային հսկիչ կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի կատարելագործմանն ու ինտեգրման աշխատանքներին առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՍԱՊԾ պատասխանատու ստորաբաժանումներից, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից, «ԵՄ Հայաստանի թվային օրակարգի համար» կազմակերպությունից, «Իու նեթվորքս» ծրագրից:
Ծրագիրն իրականացնողներն առաջնահերթ են համարել աշխատանքներն սկսել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից. «Թվային Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգողի պարզաբանմամբ՝ Ծառայությունն առաջին շահառուն է, քանի որ արդեն սկսել է թվայնացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ տանել, նաև՝ փաստաթղթերի շրջանառության շրջանակը մեծ է, տեսակները՝ շատ. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն:
ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը, ծառայությունների և բազաների թվայնացումն առաջնահերթ ուղղություն համարելով, կարևորել է համագործակցությունը միասնական հարթակում թվային լուծումներ տալու նպատակով, պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում:
Կողմերը պայամանավորվել են արդեն սեպտեմբեր ամսին ներկայացնել արդյունքները, իսկ մինչ այդ կքննարկվեն համակարգի առաջադրանքների տեխնիկական կողմերը:
Հանդիպման մասնակիցները շրջել են Ծառայության սպասարկման և դիտարկման կենտրոններում, ծանոթացել են սպառողներին և տնտեսավարողների մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ ավտոմատացված համակարգերի հետ: