Իտալիայում ի պատիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պետական ընթրիք է տրվել

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, այսօր երեկոյան Քուիրինալի պալատում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի եւ տիկին Լաուրա Մատարելլայի անունից տրվել է պետական ընթրիք:

Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայ-իտալական հարաբերությունները խարսխված են հարուստ ու հինավուրց ավանդույթների, ընդհանուր քաղաքակրթական և քրիստոնեական արժեքների վրա: Մեր ճանապարհները հաճախ միահյուսվել են պատմական խաչմերուկներում և փոխադարձաբար հարստացրել միմյանց, մեր մշակույթն ու մտածողությունը, մեր գիտելիքները:

Բազմադարյա և բուռն պատմության ընթացքում հայ ժողովուրդը բախվել է բազմաթիվ դժվարությունների և փորձությունների, սակայն դիմագրավել ու հաղթահարել է դրանք արժանապատվությամբ և տոկունությամբ: Ցավոք, այսօր էլ մենք, Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռևս չենք կարող խոսել լիարժեք և կայուն խաղաղության մասին: Իմ այցից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն էր. Հայաստանում և Արցախում մենք ոգեկոչեցինք նահատակված մեր երիտասարդ հերոսների, պատերազմին զոհ գնացած զինվորների ու քաղաքացիական անձանց հիշատակը…

Տարածված հայկական և իտալական ասացվածքի համաձայն՝ մարդն իրական ընկերներին ճանաչում է ճգնաժամի, դժբախտության ժամանակ, ծանր օրերին: Անցյալ տարի համավարակով պայմանավորված ամենաողբերգական շրջանում մենք անհուն ցավ և հուզմունք էինք ապրում իտալացի ժողովրդի համար։ Մեր հերթին, մենք խորապես զգացված ենք պատերազմի դժվարին օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության, սրտացավության և համերաշխության դրսևորման համար: Մենք դա երբեք չենք մոռանա:

Անշուշտ, միայն ճգնաժամերն ու փորձությունները չեն, որ մերձեցնում են հայերին ու իտալացիներին:

Իտալիայում հայերի ներկայության հետքեր կան երկրի գրեթե ողջ տարածքում։ Հայ ազգի նույնիսկ սրբերը, ինչպես Սուրբ Գրիգորը, Մինասը, Դավիթը, որոնք ոգեղեն պահապաններն են իտալական տարբեր քաղաքների, հայ-իտալական առնչությունների հոգևոր խարիսխներն են։ Մեր կապերը եղել են խորը և ընդգրկուն: Ե՛վ Հայաստանի անկախացումից հետո, և՛ դրանից ի վեր մենք մեր հարաբերություններն անշեղորեն կառուցել ենք այդպիսի բացառիկ, հոգևոր և պատմական հիմքերի վրա։

Այսօր մեր երկրները ունեն միջպետական ամուր հարաբերություններ՝ շարունակվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, և դրա վառ օրինակը, պարոն նախագահ, Իտալիայի և Հայաստանի նախագահների ջերմ հարաբերություններն են։

Հաջորդ տարի լրանում է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Իտալացի մեծ Դանթե Ալիգիերիի խոսքերով․ «Առանց բարեկամների մենք չենք կարող կատարյալ կյանք ունենալ»։ Եվ թեև մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, վստահ եմ, որ հայ և իտալացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն իր անհամար հարուստ դրսևորումներով նպատակաուղված է մեր երկու պետությունների ու ժողովուրդների համար դանթեական այդ կատարյալ կյանքի կերտմանը:

Համոզված եմ նաև, որ իմ պետական այցը Իտալիա, միտված լինելով ապագային, կամրապնդի հայ-իտալական բարեկամությունը և նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում։

Պարոն նախագահ,

Հայ և իտալացի հասարակությունների, հայերի և իտալացիների նմանության մասին շատ ենք խոսում։ Ես ինքս շատ եմ մտածել դրա մասին։ Մենք նման ենք, որովհետև բազմադարյա ժողովուրդներ ենք։ Մենք նման ենք, որովհետև հին քրիստոնյա ժողովուրդներ ենք։ Մենք նման ենք, որովհետև զգացմունքային ենք։ Սակայն անցյալ տարի մայիսին երկու-երեք օրով գտնելով Վենետիկում՝ Մխիթարյան միաբանության տարածքում, ես հայտնաբերեցի, որ մենք նման ենք նաև մեր վերաբերմունքով ու սիրով դեպի գիտելիքը, դեպի գիրքն ու գրքի պահպանությունը։ Ե’վ իտալացիները, և’ հայերը սիրում են գիրք հավաքել, սիրել են միջնադարից գրքերը պահպանել և պաշտպանել, հաճախ իրենց սեփական կյանքի գնով։

Պարոն նախագահ, Դուք և տիկին Մատարելլան, երբ Հայաստանում էիք, այցելեցիք Մատենադարան, որը գիտելիքի և գրքի շատ յուրօրինակ տաճար է։ Գրքերից շատերը Մատենադարան են հասել առանձին անհատների, կանանց ուսերին, որոնք փախչում էին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից և հսկայական դժվարություններից։ Սուրբ Ղազար կղզում 300 տարվա մեջ Մխիթարյան միաբանները ստեղծել են հսկայական հավաքածու, որը պահպանվում և պաշտպանվում է աչքի լույսի նման։ Եվ ես մտածեցի, որ մեր երկու ժողովուրդների ապագան, ժողովուրդներ, որոնք բնական ռեսուրսներ չունեն, բայց ունեն հսկայական մարդկային և մշակութային հարստություն, կապված է լինելու գիտելիքի, գրքի և գիտության հետ։ Այդ իմաստով ինձ համար մեծ հաճույք է այսօր Ձեզ, պարոն նախագահ, նվիրել մի գիրք, որը կոչվում է «Հռոմ-Հայաստան»։ Ես մի փոքր կապ ունեմ այս գրքի հետ, այն 1999 թվականի «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսի կատալոգն է, որն անցկացվեց Սիքստինյան տաճարում։ Սա պատմություն է Հայաստանի և Հռոմի երկու հազար տարվա բարեկամության մասին։ Ես հույս ունեմ, որ այսօր մենք սկսում ենք հաջորդ 2000 տարվա պատմության առաջին օրը:

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր ժողովուրդների բարեկամության, բարօրության ու խաղաղ ապագայի, հայ-իտալական անկեղծ բարեկամության, իմ թանկագին բարեկամի, ընկերոջ, իմաստուն և հեռատես քաղաքական գործչի՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և տիկին Մատարելլայի համար»։