«Օրվա մեջ մոտ 15 ժամ համակարգչի դիմաց էի»․ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել համակարգչային խաղերից կախվածությունը երեխաների մոտ

Լուրեր

19.11.2024 | 14:40
Ավինյանը հայտարարեց. պատրաստ է բանավիճել Հայկ Մարությանի հետ ցանկացած ֆորմատով, ժամի ու վայրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:32
Շարունակելու եմ պայքարել հայ գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքային ինքնաիշխանության համար․ Ֆրենկ Փալոն
19.11.2024 | 14:24
Մինչև 2018 թվականը ՀՀ-ում ռազմավարական երկարաժամկետ նպատակներ հայտարարված չեն եղել․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:16
Չունենք բավարար քանակի հետազոտություններ, որոնք տնտեսության զարգացմանը նպաստեն․ ԲՈԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:14
«Թափթփուկ», «վեր ընկի տեղդ»․ թեժ լեզվակռիվ՝ ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:05
ՀՀ նախագահը 2 նախարարի ազատել է զբաղեցրած պաշտոնից
19.11.2024 | 14:00
Անտեսվում է պետության գիտական հետազոտությունների, փորձարարական մշակումների պատվիրատուի դերը․ Շահվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:53
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն ազատվել է պաշտոնից
19.11.2024 | 13:49
Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին
19.11.2024 | 13:41
Կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին․ Զարոկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:30
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին
19.11.2024 | 13:25
Վիճաբանություն` Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:18
Քառօրյա և 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքների համար քննարկվելու է անվճար ուղևորության տարբերակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:11
Պուտինը հաստատել է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը
19.11.2024 | 13:07
Վրաստանում իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խաղաղ ցուցարարների անօրինական ձերբակալությունները
Բոլորը

Երկու շաբաթ շարունակ միայն համակարգչային խաղեր եմ խաղացել, տնայիններս չեմ արել և դպրոց չեմ ներկայացրել, խոստովանում է 11-ամյա Մարինե Զաքարյանը և հավելում․ «Ծնողներիս էլ ստել եմ՝ ասելով, թե ամեն ինչ արված է»։

Երեխան, մտածելով, որ ուսուցիչները կարող են ծնողներին տեղյակ պահել իր ցածր առաջադիմության մասին, որոշել է ծնողներին պատմել համակարգչային խաղերից  իր կախվածության մասին։

«Օրվա մեջ գրեթե 15 ժամ համակարգչի դիմաց էի լինում։ Դասապատրաստման համար նախատեսված 2-3 ժամն անցկացնում էի Roblox խաղալով։ Ծնողներս կարծելով, թե լավ եմ սովորում, որպես խրախուսանք՝ գումար էին տալիս, որ կարողանամ խաղալ։ Սակայն ի վերջո որոշեցի պատմել նրանց»,- ասում է Մարինեն։

Մարինեի ծնողները որոշել են դիմել մասնագետի՝ երեխային համակարգչային խաղերի կախվածությունից ազատելու նպատակով։

Ներառական կրթության մասնագետ, մանկական հոգեբան Անի Սարգսյանը, ծանոթանալով իրավիճակին, առաջարկել է սահմանափակել էկրանի առջև անցկացնելու ժամաքանակը՝ այն հասցնելով օրական 2 ժամի։ Մասնագետին մտահոգել է երեխայի՝ հաղորդակցվելու ցանկության իսպառ բացակայությունը։

«Ինձ ամենաշատն անհանգստացնում էր երեխայի՝ շփման կարիքի բացակայությունը կամ մաքուր օդին զբոսնելու ցանկություն չունենալը»,- նշում է մանկական հոգեբանը՝ հավելելով, որ համակարգչային խաղերով տարվող երեխաների մոտ փոքրանում է հետաքրքրությունների շրջանակը, նրանք դառնում են ագրեսիվ։

Մասնագետի ներկայացմամբ՝ մի քանի այցելությունից հետո Մարինեն դադարել է ստել, բարձրացել է նրա պատասխանատվության զգացումը։ Ավելին, նա համացանցում իր համար նոր հետաքրքրություններ է գտել։

«Խաղերից բացի՝ նա սկսել է զբաղվել վերնաշապիկների ձևավորմամբ, սթիքերների ստեղծմամբ և բիզնես պլանի մշակմամբ, ինչը խրախուսելի է»,- ասում է հոգեբանը։

4-ամյա Արտակ Ավետիսյանի դեպքում կախվածությունն այլ կերպ է դրսևորվել․ նրա վարքը զգալիորեն տարբերվել է հասակակիցների վարքից։

«Ի տարբերություն մյուս երեխաների՝ Արտակս ո՛չ խաղում էր մյուսների հետ, ո՛չ խոսում։ Սննդի հանդեպ հետաքրքություն չէր ցուցաբերում, մենք էլ մուլտֆիլմերի օգնությամբ էինք կերակրում։ Սկսեց նաև քմահաճություններ անել, անընդհատ հեռախոսը պահանջել։ Նա 3 տարեկանում գիտեր հայերեն ընդամենը 20 բառ և բազմաթիվ օտարալեզու բառեր, բայց հայերենով մեկ ամբողջական նախադասություն չէր կարող արտաբերել։ Զգում էի նաև անտարբերություն, օրինակ՝ դրսում ավազով  խաղալու կամ ջրի մեջ թռվռալու հանդեպ անտարբեր էր։ Այս ամենից հետևություն արեցի, որ խնդիր ունենք»,- մանրամասնում է 4-ամյա Արտակի մայրը։

Մանկական հոգեբան Անի Սարգսյանն առաջին հանդիպման ժամանակ նկատել է՝ չնայած մեկ նախադասության մեջ 3 լեզու կիրառելուն՝ երեխան չի արտաբերել ոչ մի լիարժեք նախադասություն։

«Մի քանի լեզուներ լսելուց երեխայի մոտ խանգարվել էր լեզվամտածողությունը, ինչի պատճառով չէր կարողանում մի լեզվով խոսել։ Չէր արձագանքում, հրահանգներին չէր ենթարկվում։ Բայց հաճախ բակ իջնելը, տնից բացառապես առանց հեռախոսի դուրս գալը լավ ազդեցին երեխայի վրա։ 15-20 րոպե լացելուց հետո շուրջն էր նայում ու հետաքրքիր բաներ փնտրում»,- ասում է մայրը։

Մասնագետի խոսքով՝ 4-ամյա Արտակի ուշադրությունը թույլ էր զարգացած։ Բայց համեմատելով առաջին և 11-րդ ամիսների արդյունքները՝ հոգեբանը վստահեցնում է․ երեխան այլևս կախում չունի խաղերից, կարողանում է հայերեն լիարժեք նախադասություններ արտաբերել։

«Դպրոցում, երբ ուսուցչուհիս գրատախտակին բան էր գրում, չէի տեսնում»,- ասում է 8-ամյա Տիգրանը, որը տեսողական խնդիրներ ունի և գրեթե 3 տարի է՝ ակնոց է կրում։ Նախկինում օրական 4-5 ժամ համակարգչային խաղեր էր խաղում, հիմա համակարգչի մոտ անցկացնում է առավելագույնը 2 ժամ՝ խաղալով միայն «Brawl Stars» խաղը։

«Եկավ, ասաց՝ գրատախտակը լավ չեմ տեսնում։ Մտածեցի՝ ուղղակի աչքերն են հոգնել, բայց ապահովության համար որոշեցինք ակնաբույժի դիմել։ Պարզվեց՝ իսկապես խնդիր կար։ Ակնոց նշանակեցին, բժիշկն էլ հատուկ խաղեր էր անցկացնում տեսողության լավացման համար, որոնք քիչ-քիչ սկսեցին օգուտ տալ»,- պատմում է Տիգրանի մայրը՝ Կարինեն։

Ակնաբույժ Աստղիկ Կյուրեղյանը փաստում է՝ համակարգչային խաղերը չարաշահելու արդյունքում տեսողական խնդիրներ հիմնականում ունենում են դեռահասները։ Հատկապես, եթե հեռախոսով են ավելի հաճախ խաղում, ունենում են աչքերի կարմրություն, հոգնածություն կամ ցավ։ Մասնագետն ընդգծում է՝ Covid-19-ի արդյունքում հեռավար ուսուցման ներդրումը երեխաներին էլ ավելի է կտրում իրական շփումներից և մեծացնում համակարգչի առջև անցկացրած ժամանակահատվածը։

«Էկրանների չարաշահումը կարող է հանգեցնել աչքի չորացման և մեր արցունքների պաշտպանական ֆունկցիաների անկման։ Դա բերում է չոր աչքի համախտանիշի զարգացման։ Առողջ տեսողության համար ակնաբուժական օրենք կա, ըստ որի՝ 30 րոպե համակարգչով զբաղվելուց հետո 10-15 րոպե պետք է ընդմիջել»,- ասում է ակնաբույժն ու հավելում․ «Աչքերը պաշտպանելու համար կարևոր է համակարգիչն օգտագործել դոզավորված, զբաղվել սպորտով և հետևել սննդակարգին»։

Մինչ մանկավարժները և հոգեբանները երեխաների՝ համակարգչային խաղերի չափաշահման դեպքում բացասական հետևանքների հետ կապված մտահոգություն են հայտնում, համակարգչային խաղերի մասնագետները պնդում են, որ չափավոր կիրառության դեպքում դրանք նպաստում են երեխաների կարողությունների զարգացմանը։

«Ասում են՝ խաղերը դրդում են դաժանության, սակայն կան շատ խաղեր, որոնք օգնում են մարդու միտքը, դատողությունը, վերլուծական կարողությունները մարզել։ Ես ինքս որոշ խաղերի միջոցով շատ բան եմ սովորել, մանրուքների նկատմամբ դարձել եմ ավելի ուշադիր, զարգացել է վերլուծական մտածողությունս»,- վստահեցնում է Rockbite Games ընկերության որակի ապահովման գծով (Quality Assurance) ինժեներ Գուրգեն Գրիգորյանը։

Օրենսդրական կարգավորումներ

Փաստաբան Արշակ Ղազարյանը նշում է՝ համակարգչային խաղերի ստեղծման և դրանցից օգտվելու սահմանափակումների հետ կապված ՀՀ օրենսդրությամբ որևէ կարգավորում չկա։

«Սա խնդիր է, և անհրաժեշտ է օրենսդրական կարգավորումներ մտցնել։ Մասնավորապես՝ ստեղծել մի մարմին, որը կզբաղվի խաղ ծրագրավորողների լիցենզիայով և կսահմանի հատուկ կարգ»,- ընդգծում է փաստաբանը։

Երեխաների շրջանում մեծ մասսայականություն վայելող խաղերը՝ Brawl Stars և Roblox

Brawl Stars-ը շարժական MOBA (Multi Online Battle Arena) խաղ է, որը մշակվել և հրապարակվել է Supercell-ի (բջջային խաղերի մշակման ընկերություն) կողմից: Համաշխարհային թողարկումը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Խաղացողի նպատակն է՝ առաջ ընթանալ խաղի գավաթի ճանապարհով, մասնակցել այլ խաղացողների հետ մարտերի, ինչպես նաև բացել և կատարելագործել յուրահատուկ ունակություններով հերոսների: Ամբողջ խաղի ընթացքում մասնակիցները հաղթանակի հասնելու համար պետք է սպանեն, թալանեն, ծեծեն բոլոր այն մասնակիցներին, որոնք իրենց խանգարում են։ Երբ խաղացողը սպանում է թշնամուն, նրա բոլոր բյուրեղները ընկնում են գետնին, և ցանկացած այլ խաղացող կարող է դրանք վերցնել։ Մասնագետների գնահատմամբ՝ խաղն ամբողջությամբ քարոզում է դաժանություն, ատելություն և հեշտությամբ ազդում է երեխայի վարքի վրա՝ նրան դարձնելով ագրեսիվ։

Roblox-ը բազմաբնույթ խաղացողների առցանց հարթակ է, որը թույլ է տալիս օգտվողներին ստեղծել իրենց սեփական հարթակը և խաղալ այլ օգտվողների կողմից ստեղծված խաղեր: Պլատֆորմը պարունակում է օգտագործողների կողմից ստեղծված խաղեր և վիրտուալ աշխարհներ, որոնք ընդգրկում են ժանրերի լայն տեսականի։ Roblox-ը խաղացողներին թույլ է տալիս գնել, վաճառել և ստեղծել վիրտուալ իրեր: 2020 թվականից պրեմիում օգտագործողները կարող են նաև աքսեսուարներ պատրաստել: Խաղը մասնակիցներին կտրում է իրական կյանքից և տանում վիրտուալ աշխարհ, որտեղ ամեն բան հնարավոր է, և նա ամեն բան կարող է անել իր ուզածով։ Որոշ մասնագետների պնդմամբ՝ երեխաները, այս ամենով տարված, իրական կյանքում դրսևորում են իրենց այնպես, ինչպես խաղում՝ հաշվի չառնելով իրենց հնարավորություններն ու կարողությունները։

Հերոսների անունները փոփոխված են

Հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: