Երևանում շուրջ 3700 բազմահարկ բնակելի շենքի զգալի մասը չի բավարարում սեյսմակայունության նորմերին․ սեյսմաբան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
Բոլորը

Հայաստանը, գտնվելով բարձր սեյսմակայունություն ունեցող գոտում, գրեթե միշտ ակտիվ սեյսմիկ վիճակում է։ Ժամանակ առ ժամանակ կրկնվող երկրաշարժերը որքանո՞վ են վտանգավոր և ի՞նչ է անհրաժեշտ անել՝ կանխելու երկրաշարժի աղետալի հետևանքները Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։ Այս թեմայի շուրջ Factor․am-ը զրուցել է գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սեյսմիկ պաշտպանության մասնագետ, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանի հետ։  

-Պարո՛ն Նազարեթյան, վերջին շրջանում մեր տարածաշրջանում ակտիվացել են երկրաշարժերը։ Ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվացումը։

-Մեր տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, միշտ ինչ-որ ժամանակ սկսում է սեյսմիկ տեսակետից ակտիվանալ, լինում է նաև համեմատաբար պասիվ, հանգիստ ժամանակաշրջան։ Մենք ունենք երկրաշարժային մի քանի օջախային գոտիներ, որոնք համարյա անընդհատ ակտիվ են։ Դրանցից մեկը Ջավախքի լեռնաշղթան է, որը Հարավային Կովկասում համարվում է թույլ ցնցումների քանակով ամենաակտիվ տարածքը։ Այստեղ՝ ամբողջ Կովկասում, անընդհատ լինում են թույլ ցնցումներ, ինչը երկրաբանական կառուցվածքի հետ է կապված։ Այսինքն՝ սա բնական պրոցես է։

Վերջին ժամանակների ցնցումները, որոնք 4,5 կամ 6 բալ էին, ինչից հետո նաև եղան 100-ից ավելի հետցնցումներ, բնական են։ Այդ պատճառով, մենք լրատվամիջոցների միջոցով ասացինք, որ անհանգստանալու կարիք չկա, որովհետև սա այդ օջախային գոտու համար բնորոշ գործընթաց է։ Մյուս օջախային գոտին, որն էլի անընդհատ ակտիվ է, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օջախային գոտին է։ Այստեղ 1988-ի դեկտեմբերի 7-ից մինչև հիմա գրանցվել է մոտ 14,000 հետցնցում, և այդ հետցնցումների գործընթացը չի մարել։ Սա բացառիկ երևույթ է, և գիտության մեջ էլ կարևոր է, որովհետև մասնագետների մեծ մասը կարծում է, թե ուժեղ երկրաշարժից հետո 2-3 տարվա ընթացքում հետցնցումները մարում են, և պրոցեսը դրանով ավարտվում է։ Այդպես չէ։ Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարուց ավելի, բայց օջախային գոտում միշտ հետցնցումներ կան։ Իհարկե՝ թույլ են, բայց երբեմն լինում են զգացվող երկրաշարժեր։ Երկրաշարժերի քանակը չի նվազել, միշտ այդ հետցնցումները կան։

Հայաստանի սահմանում կամ հարակից շրջաններում լինում են տարածքներ, որտեղ նոր է սկսում աշխատել օջախը։ Այս տարի Շորժայի ու Երևանի օջախները աշխատեցին։ Երևանի համար մենք ապահով ենք, որովհետև, օրինակ, Փարաքարի օջախը մենք գիտենք։ Այն որոշակի ժամանակահատված ակտիվանում է, հետո սկսում է մարել։ Շորժայի դեպքում մի քիչ անհանգստացած ենք, որովհետև նոր սկսեց աշխատել այդ օջախը, իսկ դրա բնութագիրը լավ չգիտենք։ Հիմա կամաց-կամաց տվյալներ ենք հավաքում, սովորում ենք օջախների առանձնահատկությունները, որովհետև առանց դրանց հնարավոր չէ ոչինչ ասել, անել, թեկուզ ուժեղ երկրաշարժերի երկարաժամկետ կանխատեսման տեսակետից։ Մնացածը ցրված սեյսմիկություն է, թույլ երկրաշարժեր լինում են Հայաստանի տարբեր մասերում։ Դրանք բնական գործընթացներ են։

-Մշտապես խոսվում է Հայաստանում բնակֆոնդի մաշվածության մասին, շատ դեպքերում նշվում է՝ ընդհուպ մինչև 70 տոկոս։ Մաշվածության նման տոկոս ունենալու պարագայում մենք ի՞նչ խնդիրների և ռիսկերի առաջ ենք կանգնած սեյսմակայունության առումով։

-Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի բնակֆոնդն արդեն ծերացել է, որովհետև շենքերը շահագործման կյանքի տևողություն ունեն։ Օրինակ՝ քարե շենքերը մի կյանքի տևողություն ունեն, երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով շենքերը՝ մեկ այլ, բայց բոլոր դեպքերում մեզ մոտ այդ շենքերն արդեն ծերացման փուլ են մտել, նույնիսկ եթե դրանք որակով կառուցված լինեն, սեյսմիկ պայմանների խիստ հաշվառումով, ինչն իրականում այդպես չէ։ Մինչև 1957 թվականը և Սպիտակի երկրաշարժի ժամանակահատվածը խռուշչովյան տարիների կառուցած բազմահարկ, բազմաբնակարան շենքերի շինարարության որակը շատ ցածր է, շենքերը նախագծվել են 7-8 բալի հաշվարկով։ Հիմա վտանգը գնահատավում է 9 բալ։ Այսինքն՝ դրանք ի սկզբանե սեյսմակայուն չեն։ Եվ սա լուրջ խնդիր է հանրապետության համար, որովհետև երկրի բնակչության 40%-ը Երևանում է, և այդ բնակչության 80%-ից ավելին ապրում է բազմահարկ, բազմաբնակարան շենքերում։ Սա լուրջ հիմնախնդիր է, և այս հիմնախնդրի վրա իշխանությունները պետք է բևեռվեն։ Պարզապես պատերազմը, համավարակը խանգարեցին։ Հակառակ դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դրանք լուրջ հիմնախնդիրներ են Հայաստանի համար, պետք է ուշադրություն դարձնել։

-Կառավարության գործող և հաստատվելիք ծրագրում սեյսմակայունությանն առնչվող խնդիրներն ինչ-որ կերպ արծարծվա՞ծ են կամ այս ուղղությամբ կա՞ն նախատեսված ծրագրեր։

-Ամենամեծ խնդիրն այն է, որ Երևանում ունենք մոտավորապես 3700 բազմահարկ բնակելի շենք, որոնց զգալի մասը սեյսմիկ տեսակետից չի բավարարում նորմերին։ Այդ շենքերը կա՛մ պետք է ամրացվեն, կա՛մ քանդվեն։ Բայց դա լուրջ գործընթաց է՝ մեծ գումարներ և ժամանակ պահանջող, որովհետև եթե մի քանի շենք միանգամից ամրացվի, այդ շենքերի բնակչությունը մի քանի ամսով կամ տարով պիտի ինչ-որ տեղ ապրի, ամրացվելուց հետո միայն վերադառնա, իսկ շենքերի ամրացման համար մեծ գումարներ են պետք։

-Հայաստանի բոլոր բնակավայրերի համար մենք ունե՞նք սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման պլան։

-Քաղաքաշինության կոմիտեն այս հարցերին բավականին լավ տիրապետում է։ Սեյսմիկ ծառայության գործառույթներն այս հարցում շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատումն է, մնացած հարցերը, ներառյալ՝ տեխնիկական վիճակը, Քաղաքաշինության կոմիտեի գործառույթներն են։ Նրանք հաշվառում են, հետևում, Կառավարությանն են ներկայացնում ինչ-որ առաջարկներ։ Հիմա, օրինակ, արդեն քանի տարի է՝ առաջնահերթ է դարձել դպրոցների ամրացումը, որովհետև Հայաստանի 1000 դպրոցներ չեն բավարարում նորմերին։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքում զոհվեց 4500 երեխա, որոնցից 2000-ը՝ 5 դպրոցների փլուզման հետևանքով, իսկ այդ դպրոցները 2-3 հարկանի էին, այնպես որ՝ փլուզվելու խնդիր չէր լինի, եթե մի քիչ որակ ունենային։ Այդ հիմնախնդիրը Կառավարությունը գիտի։ Մեծ գումարներ են հատկացվում, և այդ պրոցեսն առաջ է գնում։ 2030 թվականին Հայաստանում դպրոցների զգալի մասը պետք է ամրացված կամ նոր կառուցված լինի։ Իսկ Երևանի բնակելի շենքերի համար դեռևս այդպիսի ծրագիր չկա, գնում է հաշվառում, հետազոտում, որովհետև շատ բարդ ու մեծ գումարներ պահանջող գործընթաց է։ Հայաստանի բյուջեի կրկնակին պետք է հատկացվի, որ այդ շենքերի հիմնախնդիրը լուծվի։

-Մենք պատրա՞ստ ենք Հայաստանում դիմակայել բարձր ուժգնությամբ երկարաշարժի։ Ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծման կարիք ունեն։ 

-«Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունը», որն աշխատանքներ է իրականացնում Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, փաստորեն, Սպիտակի երկրաշարժի ավերումների գոտին է։ Մենք բոլոր քաղաքների համար ունենք սեյսմիկ ռիսկի քարտեզներ, Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում հատուկ մեթոդիկա ենք մշակել, դրանով գնահատել ենք սեյսմիկ ռիսկը։ Այսինքն՝ նոր երկրաշարժի հնարավոր հետևանքները՝ որ շենքերը կփլուզվեն, ինչքան զոհ կլինի, ինչքան վիրավոր, որ կենսապահովման գծերը՝ ճանապարհներ, կոյուղագծեր, ջրագծեր, գազի գծեր, էլեկտրամատակարարման գծեր, շարքից դուրս կգան կամ կվնասվեն և այլն։ Այդ բոլորի հանրագումարը կոչվում է սեյսիկ ռիսկ։ Սպիտակի երկրաշարժի գոտու մյուս քաղաքների համար հաշվարկներ ենք կատարել։ Երևանի ռիսկը 3 անգամ գնահատվել է՝ 1992 թվականին պրոֆեսոր Բալասանյանի կողմից, հետո՝ 2012-ին, ճապոնացիները և սեյսմիկ ծառայության մասնագետներն ավելի մանրամասն, համատեղ գնահատեցին Երևանի սեյսմիկ ռիսկը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտն ու «Գեոռիսկ» կազմակերպությունը երրորդ անգամ գնահատեցին, իսկ վերջերս մեր մշակած մեթոդիկայով ես գնահատել եմ հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմիկ ռիսկը, այսինքն՝ այդ շենքերից քանիսը կդիմանան 9 բալանոց երկրաշարժին, քանիսը՝ ոչ, ինչքան զոհ կլինի, և այլն։

-Ըստ Ձեզ՝ Երևանն ունի՞ բարձր սեյսմիկ խոցելիություն։ Առհասարակ, Երևանի կենտրոնում և այլ տարածքներում իրականացվող կառուցապատումը որքանո՞վ է համապատասխանում սեյսմակայունության ամենաբարձր չափանիշներին։

-Հայաստան ասելով՝ պիտի տարազատենք Սպիտակի երկրաշարժի գոտին, որովհետև երկրաշարժի հետևանքով ինչ-որ քանդվելու էր, քանդվել է, և նոր կառուցված շենքերը և՛ բարձր սեյսմիկ վտանգի մակարդակի հաշվառումով են նախագծվել, և՛ որակը բավականին բարձր է։ Խորհրդային տարիներին կառուցված շենքերի որակից անհամեմատ լավ է։ Եվ ամենակարևորը՝ Քըրք Քըրքորյանի, «Լինսի» հիմնադրամի միջոցներով աղետի գոտում կառուցվեց 5․600 բնակարան, որոնք բարձր նշաձող ունեն։ Այսինքն՝ զանգվածային շինարարության համար տիպիկ օրինակ են, թե ինչպես կարելի է որակով կառուցել։ Հյուսիսի համար համեմատաբար սեյսմիկ ռիսկը ցածր է։ Եթե այստեղ կրկնվի Սպիտակի երկրաշարժը, այդքան մեծ հետևանքներ չենք ունենա, ինչպես եղավ 1988-ին։ Հանրապետության մյուս քաղաքներում գերակշռում են ցածրահարկ շենքերը, իսկ հարկը սեյսմիկ տեսակետից կարևոր չէ, բայց որակի տեսակետից կարևոր է։ Սովորաբար մասնավոր կառուցված տները՝ հին ավանդույթներով քարե շենքերը և այլն, երկրաշարժի ժամանակ բավականին սեյսմակայուն են։ Օրինակ՝ Գյումրիում 1988-ի երկրաշարժին 10,000 զոհ է եղել՝ հիմնականում 9 հարկանի շենքերում, միայն 300 զոհերն են եղել մասնավոր տներում։

-Ովքե՞ր են վերահսկում՝ արդյո՞ք կառուցվող շինությունները համապատասխանում են սեյսմակայունության բարձր չափանիշներին։ Ձեր գնահատմամբ՝ այդ վերահսկողությունն իսկապե՞ս իրականացվում է։

-Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված շենքերն անհամեմատ լավն են, որովհետև նախագծվում են մոտավորապես 9 բալի համար, և որակն անհամեմատ բարձր է։ Այդ շենքերի համար կարելի է չանհանգստանալ։ Մեծ մտահոգության առարկա են 1957-1988 թվականներին կառուցված շենքերը։ Այսինքն՝ այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքի համար ամենամտահոգիչը Երևանն է։ Մյուս երկու խոշոր քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը, համեմատաբար կառուցապատված են սեյսմակայուն շենքերով, որովհետև դրանք երկրաշարժից հետո են կառուցվել և սեյսմակայուն են։ Իհարկե՝ և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում կան սեյսմիկ, խոցելի շենքեր, բայց դրանց քանակը և բնակիչների թիվը քիչ է։

Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվեց «Շենքի շինարարության որակի հսկողության ինստիտուտը»։ Այսինքն՝ մրցույթով հաստատվում էր շինարարության որակի հսկող կազմակերպությունը, որը շինարարի հետ միասին պատասխանատվություն էր կրում որակի համար։ Դա բավականին երկար ժամանակ, հատկապես՝ «Լինսի» հիմնադրամի ծրագրի ժամանակ, 100%-ով աշխատում էր։ Հիմա էլ կա այդ ինստիտուտը, բայց, իմ կարծիքով, մի քիչ այն չէ որակի հսկողությունը, որովհետև ես չեմ տեսնում, որ մրցույթով խիստ մասնագիտացված կազմակերպություններ շահեն, որոնք ի վիճակի են հսկելու որակը։ Այսօր լուրջ խնդիր է բնակիչների կողմից ապօրինի ձևափոխությունների արգելումը, որովհետև Հայաստանում հսկող չկա։

-Քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման առումով։ Խոցելի խմբերը, Ձեր կարծիքով, ունե՞ն իրազեկվածության անհրաժեշտ աստիճանը։

-Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը բավականին ծավալուն զեկուցումներ են կարդում, ուսուցանում են դպրոցականներին, մանկապարտեզներին, հիմնարկների աշխատակիցներին։ Գրել են գրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլն։ Այդ խնդիրը դրված է ինչ-որ հիմքերի վրա, բայց դպրոցական ծրագրերում պարտադիր չի, որ լինի առանձին «Սեյսմիկ պաշտպանություն» առարկա, այլ լինի որևէ առարկայի, օրինակ՝ «Աշխարհագրության» շրջանակում, պետական ծրագրերում, որոշակի ժամաքանակ լինի՝ բնակչության սեյսմիկ կուլտուրայի բարձրացման ուղղությամբ։

-Ստորգետնյա անցումների սեյսմակայունությունն ի՞նչ վիճակում է։ Մենք տեսնում ենք, որ ջրատար համակարգի չգործելու կամ բացակայության արդյունքում անձրևների ժամանակ Երևանի և այլ քաղաքների որոշ հատվածներ ջրհեղեղի են վերածվում։ Սա որքանո՞վ է ազդում անցումների սեյսմակայունության վրա։

-Դրանք ապահով են, սեյսմակայուն են։

-Ձեր կարծիքով՝ Հայաստանում շինարարական նորմերը բարելավվե՞լ են վերջին 5 տարիներին։

-Անցած տարի և, վերջնականապես, այս տարի նոր նորմեր հաստատվեցին։ Սովորաբար շինարարական նորմերը 10-15 տարին մեկ վերանայվում են։ Մեր առաջին նորմերը՝ անկախ Հայաստանի նորմերը, ստեղծվել են 1994 թվականին, 2000-ին՝ վերանայվել, հիմա էլ 2019-2020-ին են վերանայվել, պարզապես մի քիչ երկար տևեց այդ պրոցեսը։

-Այլ երկրներում կան ռետինամետաղական հենարաններ, որոնցով ապահովված շենքերը սեյսմամեկուսացվում են երկրակեղևից, և երբ երկրաշարժ է լինում, միայն երկրակեղևն է տատանվում, իսկ շենքը մնում է իր տեղում։ Կնշեք՝ սեյսմակայունության ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում մեզ մոտ։

-Մեզ մոտ ևս ռետինամետաղական հենարաններ կան, պրոֆեսոր Մելքումյանի շնորհիվ նույնիսկ դրանց արտադրություն կազմակերպվեց, որոնք կոչվում են ռետինամետաղական բարձիկներ։ Դրանք արտասահմանից 500 դոլարով էին բերում, մեզ մոտ արտադրությունը կազմում էր 350 դոլար։ Օրինակ՝ 4 մուտքանի շենքի տակ դրվում էր 60-70 բարձիկ։ Այդ բարձիկները հոյակապ բան են, նվազեցնում են շենքի վրա սեյսմիկ ազդեցությունը 1-2 բալով։ Այդպիսի շենքեր կան կառուցված և՛ Սպիտակում, և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում, և՛ Երևանում։ Սա լավ մեթոդ է, բայց, չգիտեմ ինչու, չի զարգանում մեզ մոտ։ Առավել ևս, որ այս մեթոդով բնակչությանը տարհանելու կարիք չկա։ Այլ միջոցներ ևս կան՝ մենք ունենք ճկուն հարկերի տեխնոլոգիա, որը սեյսմիկ ծառայությունում է մշակված․ լրացուցիչ հարկ են դնում վերևում, որը տատանումների ժամանակ շենքը տանում է հակառակ ուղղությամբ, այսինքն՝ թույլ չի տալիս, որ շենքի տատանման ամպլիտուդը մեծանա, և շենքը փլուզվի։

Հարցազրույցը՝ Լիկա Փաշինյանի

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: