Նախագահին մշակույթի նախարարը զեկուցել է 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների և 2018թ. առաջնահերթ ծրագրերի մասին

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Նախարարը ներկայացրել է մի շարք ուղղություններով` մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության գրադարանների և թանգարանների գործունեության բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների միջոցով դրանց պայմանների բարելավման ու արդիականացման, հանրապետության մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, ինչպես նաև արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով իրականացված և ընթացիկ աշխատանքները:

Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ հաջողությամբ կյանքի է կոչվել Նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպմանը քննարկված համահայկական նվագախմբի ստեղծման գաղափարը` 2017թ. գարնանը նվագախմբի ստեղծումից հետո Երևանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել առաջին համերգը՝ աշխարհի 20 երկրից 71 հայ երաժիշտների մասնակցությամբ, այս տարի նախատեսված է նվագախմբի ելույթը Շուշիում՝ մայիսի 9-ին և Երևանում՝ մայիսի 14-ին։ Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվում է նաև համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա առաջիկա ապրիլի 24-ին, Երևանում։

Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով, ըստ նախարար Ամիրյանի, 2017թ. ընթացքում մի շարք երկրներում՝ Չինաստան, Իրան, Հնդկաստան, Ռուսաստան, ԱՄՆ և այլն, կազմակերպվել են հյուրախաղեր, ցուցահանդեսներ: Հայկական պատվիրակությունները մասնակցել են նաև գրքի, կինոյի, ժամանակակից արվեստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին Ֆրանկֆուրտում, Կաննում, Վենետիկում: «Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում» միջոցառման շրջանակներում հայաստանցի 250 պրոֆեսիոնալ արտիստներ ելույթներով հանդես են եկել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում, բացվել են ցուցահանդեսներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում: 

Առաջիկա ծրագրերի շարքում, նախարարի զեկուցմամբ, 2018թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում։ 

Հանրապետության Նախագահի մեկ այլ հանձնարարականի` Հայաստանի մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացք են ստացել մի շարք ծրագրեր: Մասնավորապես` Հայաստանի 111 համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ հեռավոր գյուղերում, ինչպես նաև Արցախում «Մշակութային կանգառ» ծրագրով տեղի են ունեցել թատերական և երաժշտական պետական 36 խմբերի հյուրախաղեր, թանգարանների 454 արտագնա ցուցահանդեսներ։ Շարժական կինոթատրոնները նույն վայրերում կազմակերպել են 200 կինոդիտում։ 2017թ. կեսերին ստեղծվել և մինչև օրս շարունակվում է «ԱրԱր» ծրագիրը, որով մարզերի բնակիչներն առանց տարիքային սահմանափակման և անվճար սովորում են արհեստներ, ժողստեղծագործության որևէ ճյուղի հմտություններ, իսկ դրան զուգահեռ պատրաստվում են այդ ամենն ուսուցանող վարպետներ։ 2018թ. ամռանն անցկացվելու է հայկական պարի փառատոնը, որի նպատակն առաջին հերթին հեռավոր բնակավայրերի պարախմբերին աջակցելն է։ 

Մշակույթի նախարարը Նախագահ Սարգսյանին զեկուցել է նաև հանձնարարականի համաձայն Ամբերդ ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նրա հավաստմամբ, նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքներն ամփոփված են, և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. վերականգնումը կսկսվի 2018թ. ապրիլին։ Արմեն Ամիրյանի ներկայացմամբ, բարեկարգվել է պատմամշակութային «Գառնի» արգելոց-թանգարանի շրջակայքը, ստեղծվել է ենթակառուցվածքների գոտի։ 

Երևանի մնջախաղի թատրոնի համար առանձին տարածք ստեղծելու նպատակով, ըստ մշակույթի նախարարի, տարածք է հատկացվել Երևանի Գևորգ Քոչար 27 հասցեում, շինվերանորոգման նախագիծը պատրաստ է և ներկայացված է հանրությանը։ Շուտով կհայտարարվի մրցույթ, իսկ շինարարությունը կսկսվի 2018թ. մայիսին։ Նախատեսվում է թատրոնի բացումն այդ տարածքում ազդարարել 2019թ. մայիսին։ 

Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարության հետ հնագիտական արժեքների վերականգնողական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ Նախագահի հանձնարարականի կատարումն ավարտական փուլում է. շուտով կենտրոնը կբացվի ՀՀ մշակույթի նախարարության շենքում հատկացված տարածքում:

Աշխատանքային հանդիպման ժամանակ Նախագահին զեկուցվել է նաև պետական թատրոնների շենքերի վերանորոգման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի` կառուցվել է Երևանի կամերային թատրոնի նոր շենքը, նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնի շենքը, վերանորոգվում են Գորիսի և Վանաձորի թատրոնների շենքերը, Ստեփանակերտի պետական թատրոնի շենքի նորոգմանը ՀՀ մշակույթի նախարարության թատերական և համերգային կոլեկտիվները կտրամադրեն իրենց մեկ միջոցառման ողջ հասույթը։ «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրն արդեն մեկնարկել է։ Երևանի մնջախաղի թատրոնի նոր տարածքում թատրոնի կառուցման նախագիծն արդեն արված է, շուտով կհայտարարվի մրցույթը։

Նախարարը տեղեկացրել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման մասին: Ըստ Արմեն Ամիրյանի, հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ» ՍՊԸ և «ԻնֆոՏեխ» ՍՊԸ ընկերությունների կոնսորցիումը։ Այժմ կոնսորցիումի հետ քննարկման և համաձայնեցման փուլում է կնքվելիք պայմանագիրը։ 

Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև նախարարության կողմից մշակված` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանում կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծերի մասին: 

Առաջիկա ծրագրերի շարքում նախարարը նշել է, որ մինչև 2021թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։