Նախատեսվում է դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացնել․ ժաննա Անդրեասյան

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի», Կրթության պետական տեսչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի մի շարք հիմնական դպրոցների տնօրեններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ ակնկալում է շահագրգիռ քննարկում: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները։ Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական մասի:

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացում

Առաջինն ուսուցիչների գործունեությանը միտված փոփոխությունն է՝ նրանց ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկյունից: Նախագիծը ենթադրում է ուսուցիչների մասնագիտական զարգացման ու աշխատանքային առաջխաղացման հնարավորություն, և այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրում և դրա փոխկապակցում ուսուցչի վարձատրության չափի հետ:

«Ուսուցիչը պետք է աշխատանքային առաջխաղացում ունենա. սկսնակ ուսուցչից հասնի մինչ մենթոր ուսուցիչ, ինչը նրան թույլ կտա վերապատրաստել մյուս ուսուցիչներին և իր փորձը կիսել նրանց հետ: Այս տրամաբանության մեջ կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ: Կփոխվի նաև ատեստավորման գործընթացի տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որովհետև ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ պետք է լինի տարբերակված մոտեցում»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ ըստ այդմ՝ պետք է տարբեր լինի նաև փորձառու և սկսնակ ուսուցիչների խմբերի նկատմամբ վերապատրաստման քաղաքականությունը:

Ներառական կրթություն

Ըստ փոխնախարարի՝ երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ներկա գործիքակազմը այդ հնարավորությունը չի տալիս:

«Այս փոփոխությունը հետագայում կարտացոլվի թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական անձնակազմերի տեսանկյունից: Կարևոր են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացի հետ կապված փոփոխությունները: Դրանք փոխկապակցված են նաև այն զուգահեռ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ գնահատման տեսանկյունից, որոնք արդեն ընդունել է ԱԺ-ն: Դրանցում ներդրված են մի շարք նոր հասկացություններ, օրինակ՝ խելամիտ հարմարեցումների գաղափարը և այլն»,- փաստել է փոխնախարարը՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:

Հանրակրթության բովանդակության փոփոխություն

Նախարարի տեղակալի խոսքով՝ երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձելով ներդաշնակեցնել փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները ու դրանք բերել մեկ ընդհանուր դաշտ:

Հանրակրթության կառավարում

Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ:

«Նախատեսում ենք, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացնել, այլ ներդնել ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Այդ նպատակով կարևորել ենք նաև հաշվետվողականության խնդիրը, երբ յուրաքանչյուր տարի տնօրենը պետք է ներկայացնի ծրագրի կատարողական, որի արդյունքում խորհուրդը եզրակացնի՝ այն բավարա՞ր է, թե՞ ոչ: Այսինքն՝ սրանով ցանկանում ենք ուժեղացնել դպրոցի ծրագրային զարգացման տրամաբանությունը: Հավաստագրման փուլում արդեն անձինք ընտրվում են, հետևաբար տնօրենի ընտրության փուլում մեր խնդիրն է՝ ընտրություն անել այդ մարդկանց ներկայացրած ծրագրերի միջև»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են զարգացման ծրագրի ձևաչափը և պահանջները: Նա նշել է, որ միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:

Նախարարի տեղակալի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում պետական գերատեսչությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ»,- ասված է հայտարարության մեջ: