Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Sputnik Արմենիային

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը.

Sputnik Արմենիա- Հայաստանի իշխանությունները հայտարարել են հերթական սահմանադրական բարեփոխումն իրականացնելու անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով՝ աշնանը հարկավոր է հանրաքվե անցկացնել և վերադառնալ կառավարման կիսանախագահական ձևին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

– Համակարգային փոփոխություններին ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ողջունելի է: Ես բազմիցս ասել եմ, որ գործող Սահմանադրությունը, որը գրվել է 2015 թվականին, թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեծամասնության կամ փոքրամասնության իշխանությունը չէ, այլ՝ իշխանության հավասարակշռված համակարգը, որը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը:

Ինչ վերաբերում է կառավարման կիսանախագահական տարբերակին վերադառնալուն, անհրաժեշտ է ընդգծել հետևյալը՝ կարևորը ոչ թե ձևն է, այլ այն, թե ինչպիսի բովանդակություն կունենա: Կառավարման ներկայիս ձևը նույնպես իր պաշտոնական հատկանիշներով այդքան էլ վատը չէ և շատ ոգևորիչ է հնչում՝ խորհրդարանական հանրապետություն: Սակայն երբ սկսում ենք վերլուծել դրա կառուցվածքը, պարզվում է, որ այն հեռու է պառլամենտարիզմից: Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է: Ուստի, եթե խոսքը բովանդակային բարեփոխումների մասին է, ապա ես աջակցում եմ դրանց, իսկ եթե այն տեղի է ունենալու «գումարելիների տեղափոխության» բանաձևով, ապա, ինչպես հայտնի է, գումարը դրանից չի փոխվի:

Sputnik Արմենիա- Խորհրդարանական ընտրությունները նախանշված են հունիսին: Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումը, ենթադրաբար, հանրաքվեի կդրվի աշնանը: Չե՞ք կարծում, որ տվյալ դեպքում հերթականությունն անտրամաբանական է: Եթե երկրում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտություն և՛ սահմանադրության մեջ, և՛ ընտրական օրենսգրքում, ապա ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները հունիսին:

– Ցանկացած քաղաքական գործընթաց ունի իր տրամաբանությունը: Տվյալ դեպքում տրամաբանական է այն հերթականությունը, որի դեպքում նախ անցկացվում են համակարգային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ են զգալի, որակական-քանակական ռեսուրսներ: Միայն այդ բարեփոխումների, այդ թվում և՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում է հնարավոր անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան: Հակառակ դեպքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ընտրություններ են անցկացվում հանուն ընտրությունների: Ես այստեղ չեմ տեսնում գործիքակազմ՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամից: Մինչդեռ հենց դա է մեր խնդիրը՝ նորովի «գործարկել» պետությունն ու ժողովրդին: Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն դրան:

Sputnik Արմենիա- Անկախ ընտրությունների արդյունքներից՝ նախարարների նոր կամ հին կաբինետին անհրաժեշտ է լուծել հասունացած այն խնդիրները, որոնք կանխորոշեցին հայկական էլիտայի պառակտման գիծը: Կարո՞ղ եք թվարկել այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք անհապաղ և ծայրահեղ լուծման կարիք ունեն:

– Գլխավոր խնդիրը պետության կենսունակության վերականգնումն է և ճանապարհային քարտեզի ձևավորումը, որը թույլ կտա սկսել ազգային և պետականաշինության բովանդակային գործընթաց: Սա Ձեզ կարող է շատ մշուշոտ թվալ, սակայն իրականությունն այն է, որ առանձին խնդիրներ միշտ էլ առաջացել են և շարունակելու են առաջանալ, երբ չկան լուծումներ հիմնարար խնդիրների համար: Այդ իսկ պատճառով մենք ապրում ենք «հրդեհից հրդեհ», և մշտապես մտածում ենք, թե ինչու են հրդեհներ բռնկվում, և ինչպես դրանք մարել: Այսօր գոյության նման փիլիսոփայությունը կործանարար է և տանում է դեպի անդունդ, անհրաժեշտ է գոյատևման ռեժիմից անցում կատարել կանխարգելիչ ստեղծարար ռեժիմի: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կարողանա կանխատեսել և կանխարգելելով զսպել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները:

Sputnik Արմենիա- Աշնան պատերազմը կտրուկ փոխեց իրավիճակը Ղարաբաղի շուրջ: Սակայն, ըստ էության, գլոբալ առումով, Բաքվի հետ հակամարտությունն այդպես էլ չի լուծվել: ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված: Մնացել են գրավված տարածքներ և անկլավներ հյուսիսում և հարավում: Ներկա, նոր կամ նորացված իշխանությունները մի օր կլուծե՞ն այս խնդիրները:

– Ես բազմիցս ասել եմ, որ այս հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է միայն դրա հիմնական պատճառները վերլուծելուց և դրանց հետևանքները հաղթահարելուց հետո: Եվ այդ պատճառները բազմաշերտ են: Փաստն այն է, որ վաղ շրջանի խորհրդային ղեկավարության ոչ հասուն և անհեռատես ազգային-աշխարհագրական քաղաքականությունը դանդաղ գործող ռումբ ստեղծեց: Այն պայթեց 1980-ականների վերջին ու հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտման և արյունալի պատերազմի: Կարևոր է հասկանալ, որ պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. այն պարտադրված էր Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Անկախությունը նույնպես արցախահայության պարզ ցանկությունը չէր. այն դարձավ մի կողմից գոյապահպանության անվիճելի գործիք, մյուս կողմից՝ հնարավոր ադրբեջանական ագրեսիան զսպելու երաշխիք: Ինչպե՞ս է հնարավոր գտնել կարգավորման իրական մոդելներ` առանց հաշվի առնելու այս էական խնդիրները: Ի դեպ, այդ մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով պատմական առանձնահատկություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը, ներառյալ՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Sputnik Արմենիա- Հայկական պետության առաջին դեմքերի շարքում Դուք առավել փորձառու քաղաքական գործիչն եք, ով ճանաչված ու հարգված է Ռուսաստանում: Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչն է պակասում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում:

– Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա: Օրինակ՝ առաջին առաքելությունը, ըստ իս, մեր տարածաշրջանում, Մեծ Եվրասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումն է:

Հայ և ռուս ժողովուրդներն անցել են բազում պատմական փորձությունների միջով՝ ներառյալ երկու համաշխարհային պատերազմներ, և այդ պատճառով է, որ ամենաշատն են շահագրգռված միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցմամբ, որը կկարողանա համարժեքորեն արձագանքել վերահաս մարտահրավերներին և սպառնալիքներին:

Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ պետականության՝ հնուց եկող ավանդույթներով, Հայաստանը ոչ մեծ պետություն է, որն ունի հսկայական ներուժ: Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ է ինտեգրված աշխարհի շատ երկրների՝ հասարակական, քաղաքական կյանքին՝ Մոսկվայից, Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա … Ասեմ ավելին, աշխարհը թևակոխում է մի դարաշրջան, երբ առաջին պլան դուրս կգան ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու համար ունի բոլոր հնարավորությունները:

Իր հերթին Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել: Առաջինը թույլ և ծայրաստիճան կախված երկիր է, որտեղ անընդհատ պայքար է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների և պոպուլիստների միջև, ովքեր փնտրում են իրենց «մեծ եղբոր» բարեհաճությունը: Երկրորդն ուժեղ Հայաստանն է, որն իր բոլոր ռեսուրսներն ու ներուժն օգտագործում է իր հեղինակությունն ու իր դաշնակցին ուժեղացնելու և իր շահերն առաջ տանելու համար: Սակայն դա արդարացի է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ իրենց դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալեն որպես իրենց սեփականը: Եվ նաև՝ երբ այդ հարաբերությունները հիմնված են վստահության և կանխատեսելիության վրա: