Պաշտոնյաները կաշառք են ստացել. ԱԱԾ-ն անուններ է տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական ավտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Սյունիքի մարզային վարչության ծառայողները հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ՝ իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

Հ.Մ-ն զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք տարբեր տեսակի բեռների ներկրմամբ զբաղվող անձանց կողմից իրեն և նույն մաքսային կետի մաքսային տեսուչ Ա. Փ-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առաջարկը՝ վերջինի և այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Այդ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո հիշյալ պաշտոնատար անձինք տնտեսվարողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ նրանց կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մետաղե ամրաններ և ավտոմեքենայի շարժիչի հովացման համար նախատեսված հեղուկներ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և այդ կերպ մաքսային վճարներ կատարելուց տնտեսվարողին ազատելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք մաքսակետի հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել, չեն հաշվառել, չեն կշռել, թաքցրել են տրանսպորտային միջոցում հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը:

Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված ապրանքի մաքսային հայտարարագիր չներկայացնելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ավտոմեքենայի արտաքին զննում, բեռնային մասում կիրառված ապահովման միջոցների ամբողջականության ստուգում չիրականացնելու պայմաններում՝ չեն կիրառել ՀՀ մաքսային մարմինների կողմից օգտագործվող մաքսային ապահովման միջոցներ, դրանց վերաբերյալ համապատասխան նշագրումներ չեն կատարել բեռն ուղեկցող փաստաթղթերում, մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով չեն լրացրել և չեն ներկայացրել ապրանքների և տարանցիկ հայտարարագրեր, չեն կատարել փաստաթղթային և փաստացի հսկողական անհրաժեշտ գործառույթներ, փոխարենը՝ տրանսպորտային միջոցները թույլատրել են տեղաշարժել մանրակրկիտ զննման մասնաշենք և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղ, իսկ այնուհետև՝ ռենտգեն դիտարկման և նկարահանման մասնաշենք:

Դրանից հետո, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, կազմել և ծառայողական կնիքով հաստատել են բեռի տեղափոխման՝ պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող, ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր: Կաշառք տվողին պատկանող մաքսազերծման ենթակա բեռները նախապես որոշված վայր անարգել հասցնելն ապահովելու, ճանապարհին հնարավոր ստուգումների դեպքում դրանք ստուգող անձանց ներկայացնելու և այդ կերպ կիրառված հանցավոր մեխանիզմը քողարկելու նպատակով, կեղծված հայտարարագրերը տրամադրել են բեռնատարների վարորդներին՝ որոշված վայր հասնելուց հետո դրանց ոչնչացման պայմանով:

Մշակված հանցավոր սխեմայի կիրառման պայմաններում՝ 2020 թվականի ընթացքում բեռնատար ավտոմեքենաներով Իրանի Իսլամական Հանրապետությունից «Մեղրի» անցակետով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության տարածք են տեղափոխվել ընդհանուր շուրջ 70,250 տոննա քաշով մետաղե ամրաններ և 23 տոննա քաշով ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված հովացման հեղուկ, որպիսի գործողությունների դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վերոգրյալից բացի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված ընկերության սեփականատեր Վ.Դ-ն, 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել «DRIFT 7000 SAE 40» ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր՝ դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներին և համոզելու եղանակով նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ ավտոյուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրելու և այդ կերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր և տուրքեր վճարելուց խուսափելու համար:

Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով առանց համապատասխան մաքսային ձևակերպման Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ավտոմեքենաների շարժիչի համար նախատեսված իրանական արտադրության ավտոյուղեր, որոնք ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնով Հայաստան Հանրապետության տարածք են ներմուծվել բացառապես նույն մաքսատան բաժանմունքի պետ Հ.Մ-ի հերթափոխի ընթացքում:

Հ.Մ-ն և նշված օրերին իր հետ հերթափոխի մեջ գտնված պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մի շարք մաքսային տեսուչները, նախնական համաձայնության գալով իրար հետ և հաստատապես իմանալով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին՝ դրանք նախատեսված հսկման տաղավար հասնելուց հետո մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային ձևակերպման չեն ենթարկել, մասնավորապես՝ նույն օրերին մաքսային տեսուչները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կշռել բեռնատար ավտոմեքենաները, դրանց տվյալները չեն մուտքագրել միասնական բազա, որից հետո առանց սահմանված փաստաթղթերի թույլատրել են բեռնատարների ելքը մաքսակետից՝ կեղծ տեղեկություններ ներառելով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ելքի մատյանի՝ տրանսպորտային միջոցի համարանիշի լրացման վանդակներում՝ դրանում բեռնատարի իրական համարանիշի փոխարեն նշելով նույն մաքսային կետ երբևէ մուտք չգործած և գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշ՝ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթղթերում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, այդ կերպ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝ մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թվով 1332 տակառ ավտոյուղով բեռնված և մաքսանենգ ճանապարհով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասած բեռնատար ավտոմեքենան բեռնաթափվելու ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած և քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց և մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրանցից վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, մաքսային տեսուչների և տնտեսվարողների կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: