Փրկել է Շուշիում շրջափակվածներին և անմահացել․ Ժորժ Առաքելյան՝ խրամատն անկողին դարձրած զինվորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Արցախյան պատերազմում հերոսացած Ժորժ Առաքելյանի տանկը Շոշ գյուղի մոտակայքում խոցում է ադրբեջանական ուժերին։ Շուշիի մատույցներում անմահացած զինվոր որդու պատկերը մայրը փնտրում է հիշատակի ալբոմներում։ Այսօր արդեն Հասմիկն այսպես է մայրական սերը փոխանցում զավակին, առնում կարոտը․ «Ժորժս ստեղ մի տարեկան ա արդեն, նոր լրացել էր մի տարեկանը։ Միշտ ժպտում ա նկարներում։ Ինքն ուրախ, ակտիվ, ժիր լավ բալիկ ա եղել, շատ համով»։

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում է ծնվել 19-ամյա Ժորժ Առաքելյանը։ Ընդունվել էր Երևանի պետական Ճգնաժամային կառավարման ակադեմիա, դեռ պիտի սովորեր ու ապագա կառուցեր բանակից հետո։ 2020-ի հունվարին զորակոչվելով բանակ՝ Արմավիրի ուսումնական զորամասում տանկի նշանառու-օպերատորի կրթություն է ստացել, ապա ծառայությունը շարունակել Խոջալուում։

«Էս արդեն գնացել էինք երդմանը, բարեկամի տան ենք՝ քույրիկն ա, իր եղբայրն ա՝ իր հետ մեծացած։ Էս եղբորս տղան ա, շատ շատ էր սիրում իրան, սիրում էր նկարվել հետը։ Ինչքան նկար ունեն, բոլոր տեղերում էլ ժպտում են երկուսն էլ»,- ասում է Հասմիկ Թաթոսյանը։ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի հենց առաջին վայրկյանից տանկիստ Ժորժ Առաքելյանն ընկերների հետ կյանքն է դրել հայրենիքի պաշտպանությանը՝ մարտնչելով Աղդամում, Ասկերանում, Շոշ գյուղում, ապա՝ Շուշիում։ Հոկտեմբերի 12-ի այս տեսանյութը պատմում է Ժորժի և հերոսական տանկիստների ստորաբաժանման մասին․

«Հետ ենք մղելու հակառակորդի ցանկացած գրոհ և ոչնչացնենք նրանց լիովին։ Թող լինի մեր վերջին պատերազմը։ Անձնակազմը տրամադրված է, որ Ադրբեջանը՝ որպես պետություն չլինի։ Առաջ տանկիստնե՛ր»։

Բռունցքը՝ բարձր, ժպիտը՝ դեմքին, ձախ ձեռքը՝ զինական ընկերոջ թիկունքին․ ձախից առաջինը Ժորժ Առաքելյանն է՝ խրամատն անկողին դարձրած երիտասարդը։ Պատերազմը՝ պատերազմ, բայց անհանգիստ ծնողներն էին տանը՝ պետք էր հուսադրել․ ասել էր, թե առաջնագծում չէ՝ թիկունքում է, ապահով տեղ։ Մայրը պատմում է․ «Ինքը ոչ մի անգամ չէր ստել, հավատացել ենք միշտ իր ասածներին, բայց երբ մի անգամ հոկտեմբերի 12-ին հեռուստացույցով ցույց տվեցին՝ «Առաջնագծի տանկիստները» վերնագրով տեսանյութը, ինքն առաջինն էր կանգնած, բռունցքն ամուր սեղմած, բարձր, ասում էր՝ առաջ տանկիստներ։ Ասում էի՝ բա ասում ես առաջնագծում չես Ժորժ ջան, ասեց չէ մամ ջան, առաջնագծում չենք, քեզ ի՞նչ ա թվում, կգան լրագրողները կնկարե՞ն առաջնագծում»։

«Իմ տանկն իմ հզորությունն է»,- հարազատներին մարտի դաշտից հանգստացնում ու ոգևորում էր 19-ամյա զինվորը։ Հորեղբոր կինը պատմում է․ «Երբ մենք տեսանք էդ առաջնագծի նկարը, չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ՝ ցնցումների մեջ էի, ճնշումս բարձրացավ, սրտխփոց, ո՞նց, մեր երեխեն առաջնագծում ա, չենք իմացե՞լ, ու էս էն երեխեն ա, որ մեզ հետ խոսում էր մեզ հետ էս իրավիճակով։ Ու իրա հյուծված, փոշոտ շորերը, զինվորների կոշիկները․․․ հաղթելու ենք, հաղթելու ենք։ 42 օր ինքը մարտնչում էր ու ինքն էդ ձև հանգի՞ստ։ Ասում էինք մեր հերոս Ժորան գալու ա։ Ամբողջ գյուղում մեր պարծանքն ա, որ տանկիստը 42 օր մասնակցել ա, մարտնչել, բայց ցավոք մենք չէինք պատկերացնում, որ ոչ թե էս ձևով կընդունենք, այլ հերոսացած, սրբացած քաջ զինվորին»։
Նրա անմահանալուց մեկ օր առաջ է նկարվել Շուշիի պաշտպանությունը պատկերող այս տեսանյութը։ Նոյեմբերի 6-ն է։ Շուշիի մատույցներում Արցախի Պաշտպանության բանակը մեծաթիվ զորք ու զրահամեքենաներ է կուտակել։ Այդ օրերին թշնամական ԱԹՍ-ները դադարել էին պտտվել Շուշիի շրջանում, ինչը թույլ էր տվել կենտրոնացնել ուժերը։ Հայ զինվորների խնդիրն էր թույլ չտալ Շուշիի շրջափակումը։ Ադրբեջանական բանակը գրոհում էր հարավից և արևելքից՝ շրջափակման մեջ վերցնելու Շուշիի պահապաններին․ «էստեղ երկու տանկերի արանքին կանգնած ա, ձախ կողմի կանգնածն ինքն ա։ Ամսի 6-ին պատրաստվում էին մարտերի գնալ։ Էս երկրորդ տանկը իր տանկն ա։ Ինքը 062 տանկն էր քշում»,- ցույց է տալիս Հասմիկ Թաթոսյանը։

Գործողության մասնակիցներից մեկը պատմում է․ «Հիմա ամբողջ գործողությունները տեղի են ունենում Շուշիի Քարինտակ կոչվող հատվածում, որտեղ ահագին կուտակումներ կան թե՛ մեր զինվորների, թե՛ իրենց։ Բայց մեր զինվորները այնքան համառ են, որ ոչ մեկ չի նահանջում և այնտեղից ոչ մեկի հետ չի գալիս»։

Պատերազմի 42-րդ օրն ամենաճակատագրականն էր՝ այս օրը Շուշիում անմահացան Ժորժ Առաքելյանն ու տանկիստ ընկերները։ Ընկավ նաև հայոց գունեղ բերդաքաղաքը․ «Երբ Շուշիի մարտերն սկսվել են, ընկերները պատմում են՝ հրամանատարն ասել ա, որ եկեք տեսնենք ո՞վ ա պատրաստ գնալ Շուշիի մարտերին, ինքն առաջին քայլը դրել ա, ասել՝ ես պատրաստ եմ գնալ Շուշիի մարտերին»։
Ժորժն ու իր տանկի անձնակազմը երկու անգամ արդեն հաջող գրոհ էին ձեռնարկել Շուշիում հայ զինվորականներին շրջափակել փորձող ադրբեջանցիների ուղղությամբ։

«Ընկերները համոզել են, որ մի՛ գնացեք, Շուշին գրավել են, ադրբեջանցիները Շուշիում են։ Հրամանատարն ասել ա՝ միգուցե էս անգամ էլ գնանք շատ մարդկանց կարողանանք փրկել։ Գնացել են, երրորդ անգամ էլ չեն կարողացել, տանկը վնասել էին, իրենք վիրավորված, Ժորժիս վիճակը շատ ծանր ա եղել, հրամանատարը կապ ա հաստատել, որ զինվորս շատ վատ ա, ես չեմ կարող քայլել, ու մի քանի ժամից տեղեկացրել են, որ զոհվել են։ Ամսի 6-ի իրիկունը զանգեց տրամադրությունը շատ բարձր, իրենք հաղթանակ էին տարել երևի թե, որովհետև շատ էր բարձր տրամադրությունը։ Ասեց՝ մամ ջան, ամեն ինչ լավ ա էղնելու, էսա մի երկու օր ա մնացել, համբերեք, շուտով կտեսնվենք։ Ամսի 7-ի առավոտ ամուսնուս էր զանգել, ասել՝ երկու օր չեմ զանգելու, կապ չի լինելու։ Ու էլ չենք խոսել»։

Ծնողներին հանգստացրել ու ինքը նետվել էր մարտի՝ հանուն Շուշիի։ Ծնողներին տարօրինակ էր թվացել, որ պատերազմական օրերին ամեն օր զանգող որդին կապ չի հաստատում ռազմական գործողությունների դադարեցումից հետո։ Հայրը՝ Արմեն Առաքելյանն ու հորաքրոջ ամուսինը՝ Արծրուն Գագինյանը, շտապել են Արցախ՝ Ժորժից լուր իմանալու։ Շուշիից Մարտունի տեղափոխված մարմինների մեջ տեսել են հարազատի դին։

«Ընդեղ ռազվետկի տղերք կային, իջնում էին, տղերքը բոլորը ճանաչում էին Ժորժին, բացատրեցին, որ էս տղեն ա մեզ փրկել, ընդեղ ուրիշ տանկ չի էլ կարողացել գնա, անընդհատ գալիս էր զապռավկա անում, վերևում։ Ամեն կրակոցի հետևանքով քանի հոգի հասցնում փախչում էր էդ տարածքից, որ Շուշիից իջնի։ Վերջում ասել են՝ 150-200 հոգի ուժ ա մնացել շրջափակման մեջ, մենակ ինքն ա դուրս եկել իրա կամանդիրի հետ, ասել՝ կգնանք մի տանկով, ԲՏՌ-ով բարձրացել են։ Ինքն ա անընդհատ սև տանկով գալիս բոյերի մասնակցում, իջնում ներքև սնարյադի զապռավկի։ Երկու անգամ իջել զապռավկա են արել, գնացել ռմբակոծել, երրորդ անգամ արդեն չեն իջել, ընկել են փակուղու մեջ։ Ասում ա՝ 5000-6000 զորքը ռմբակոծել ու շրջափակել ա, մեխանիկ վարորդը մի կերպ փրկվել ա։ Իրա պատմելով թուրքի զորքն արդեն տանկի վրա է բարձրացել, լուկը փակել, վերջը ընկել ա տանկի տակ, կարողացել ա փրկվի, փախչի»,- հիշեց Արծրուն Գագինյանը։

Ժորժի տանկի անձնակազմից հերոսի ընտանիքին այցելել է հրաշքով ողջ մնացած մեխանիկ վարորդը։ Պատերազմի դաշտում վարդաբլուրցի Ժորժ Առաքելյանի հերոսությունը բանակի ղեկավարությունը գնահատել է՝ պարգևատրելով «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Առաքելյանների տան կենտրոնում Ժորժին նվիրված անկյունն է, ուր հերոսի նկարներն ու մասունքներն են։
«Էդ իրա գլխարկի զինանշանն էր, տվել էր մոտներս պահենք, որ զորակոչվելիս տեսքը թարմ մնար, չփչանար։ Էս կոնյակն էլ նվիրել էին իրան համայնքապետարանում՝ բարի ծառայություն, բարի վերադարձ։ Իսկ բակլաշկեն և մեդալները գտել էր իր դպրոցական ընկերը՝ մարտի դաշտում, երբ Շուշին պետք է հանձնեին ադրբեջանցիներին»,- ասում է մայրը։

Որդու կորստի հետ ոչ մի կերպ չհաշտվող մայրը մշտապես խոսում է Ժորժի հետ․ «Զրուցում եմ՝ թեկուզ շուրջս հավաքված շատ մարդիկ կան, ես իր հետ ամեն րոպե խոսում եմ, վիճում, որ ինչի՞ մեզ թողեց, հայրենիքը մեզանից շատ գերադասեց։ Մշտական վեճի մեջ եմ իր հետ, նեղանում եմ, ինքը գիտեր, որ շատ-շատ ծանր կտանենք իր կորուստը»։

Հորաքույրը՝ Նարինե Գագինյանը, դեռ չի հավատում, որ այս իրականության մեջ են ապրում՝ առանց Ժորժի՝ ընտանիքի սիրելիի․ «Ոչ մեկս չենք հաշտվում կորստի հետ, բայց մեջներս հույս ենք տալիս, որ ինքը մեզ հետ ա։ Ամեն անգամ չեմ պատկերացնում՝ ոնց ենք ուժ գտնում ապրելու։ Ուղղակի իր հետ սահմանափակվեց մեր բոլոր ուրախությունները, ամեն ինչ մեր Ժորժի հետ վերջացավ»։

Ռոբերտ Անանյան