Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է.

«Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել և քննել՝ ինչ է կատարվում:

Բայց պետք է խոստովանել, որ ծրագիրը հենց սկզբից ուղեկցվեց մի շարք բարդություններով. նախ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց, ապա համընկավ մեզ համար ամենաբարդ, դժվար և դաժան ժամանակաշրջանի՝ պատերազմի հետ: Եվ, իհարկե, այս առումով ժամանակաշրջանը ամենանպաստավորը չէր, չնայած, մյուս կողմից, գուցե թե ամենաբարդ շրջանում ձեր այստեղ ներկա գտնվելն ինչ-որ առումով շատ մեծ բարոյական աջակցություն էր մեզ բոլորիս, այն նախարարություններում և գերատեսչություններում, որտեղ դուք ներգրավված եք եղել: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաև, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ:

Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձևակերպումներ անելիս և բանաձևեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք, և ընդհանրապես այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք և ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցության հարց է: Ես հիմա կուզենայի նաև լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաև մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները և կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության և արտահայտման ձևերի մասին»:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Ընդ որում, մասնակիցներ են ժամանել նաև պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ծրագրի սոցիալական կողմին և տեղեկացրել, որ մասնակիցների մի մասը հայրենադարձման որոշում է կայացրել և Հայաստան տեղափոխվել ընտանիքներով: Ինչ վերաբերում է գործնական ասպեկտին, Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները 3-4 ամսվա աշխատանքի ընթացքում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել ցուցադրելի արդյունքների՝ մշակված ծրագրերի, առաջարկների, տեսքով: Ծրագրի մասնակիցները նաև այցելել են Արցախ:

«իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց, այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաև վարչապետի հետ կիսվել տպավորություններով և հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական և գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ:

«իԳործ»-ցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման ծրագիր նախաձեռնելու համար, որը հնարավորություն է տալիս գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը՝ հատկապես այսօրվա դժվարին իրավիճակում: Նրանք հայտնել են, որ արդեն ունեն հաջողության պատմություններ, հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, ծրագրերի առաջարկներով և շարունակելու են աշխատել:

Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգևոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաև այլ հարթակներ ունենա: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է հետադարձ կապը և հորդորել «իԳործ»-ի մասնակիցներին՝ արձանագրել խնդիրները, ներկայացնել լուծման առաջարկներ: