Վերջ ենք տալու տեղեկատվական տեռորին, հայհոյանքի լեզվին․ կոշտ վարչական միջամտություններ կլինեն․ Տիգրան Ուլիխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.12.2020 | 20:30Factor TV-ի հարցազրույցը ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանի հետ
-Այս օրերին, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքը լարված է, հատկապես ընդդիմադիրները հաճախ են օգտագործում այս արտահայտությունները՝ պետական կառավարումը բացակայում է, չկա իշխանություն, պետական մարմինները կաթվածահար են, չեն աշխատում։ Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը։
-Այսօր ընդդիմության քննադատության և, ընդհանրապես, ընդդիմադիր խոսույթի մեծ մասը կառուցված է կեղծ թեզի վրա, և այդ կեղծ թեզը հետևյալն է՝ ամեն ընդդիմադիր չի մոռանում շեշտել, որ պետական կառավարման համակարգը չի գործում, և դրա վրա կառուցում է իր խոսքը։ Ես ուզում եմ ասել, որ այդ պնդումը կեղծ է և սուտ։ Պետական կառավարման համակարգում, այո՛, կան և եղել են դժվարություններ, բայց պետական կառավարման համակարգը ոչ մի վայրկյան կազմալուծված չի եղել և չէ, պետական կառավարման համակարգը գործում է և արդյունավետորեն իրականացնում է պետության ֆունկցիաները։ Այլ հարց է, որ այդ համակարգի տարբեր օղակներում, գուցե, առաջացել են խնդիրներ, դա սովորական է, և մենք, որպես պատասխանատու պաշտոնատար անձինք, հանձն ենք առել այդ խնդիրները վեր հանել և լուծել։ Բայց ասել, որ պետությունը չկա, պետական կառավարման համակարգ գոյություն չունի, շատ անպատասխանատու հայտարարություն է, և ես խիստ դատապարտում եմ այդպիսի հայտարարությունները։ Դրանք ոչ թե քննադատություններ են՝ ուղղված իշխանությանը, դրանք պետության չգոյության վերաբերյալ հայտարարություններ են, որ հարվածում են պետությանը, ոչ թե իշխանություններին։ Ես խորհուրդ կտայի լայնախոհ քաղաքական գործիչներին դադարեցնել այդպիսի սին և անհիմն պնդումները։
-Քարտեզագրումն Ադրբեջանի հետ արվում է GPS սարքերով կամ Google քարտեզներով, ինչի անթույլատրելի լինելը նաև օմբուդսմենը հայտարարությամբ ընդգծեց։ Գալիս են հաղորդագրություններ, որ գյուղապետերն են անում սահմանազատումը, և այստեղ հարց է գալիս՝ որտե՞ղ է պետությունը, ինչո՞ւ չկան պետական այլ պաշտոնյաներ, որ աշխատանքներն իրականացվեն պետության անունից, հստակ չափանիշներով։ Ահա ինչու են նաև ասում՝ անիշխանություն է։ Ի՞նչ կասեք։
-Քարտեզագրման աշխատանքները՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, պետք է վերջնական արձանագրում ստանա քաղաքական մակարդակում, և այդ արձանագրման վերաբերյալ բանակցությունները բարձր մակարդակով սկսվելու են, որքան գիտեմ, հենց այս տարվանից։ Այն, ինչ այս պահին է տեղի ունենում, ժամանակավոր քարտեզանշումներ են՝ միայն այն պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև մինչև այժմ իրավական առումով քարետզագրման, սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել տարբեր պատճառներով, և այսօր մենք ունենք տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ 1920 թվականից սկսած քարտեզագրման տարբեր փաստաթղթեր, որոնք բանակցությունների առարկա են դառնալու և որոնցով վերջնականապես գծվելու է երկու երկրների միջև անցնող սահմանը։ Այդ սահմանների վերջնական մշակումից հետո համապատասխան փաստաթուղթը պետք է ընդունվի երկու երկրների քաղաքական իշխանությունների կողմից։ Դա լինելու է լրացուցիչ քննարկման և որոշումների ընդունման ընթացակարգ։
Այս պահին տեղի ունեցողը ժամանակավոր աշխատանք է, որպեսզի երկու երկրների զինված ուժերն ուղղակի տեղակայվեն ենթադրվող սահմանների մերձակայքերում, իսկ դրանից բարձրացող աղմուկը ես ամբողջովին հասկանում եմ։ Հասարակ քաղաքացու տրամաբանությունը հետևյալն է՝ ժամանակի ընթացքում այդ մարդիկ սովոր են եղել, որ Ադրբեջանի հետ սահմանն իրենցից մի քանի հարյուր կիլոմետրի վրա է, այժմ էականորեն մոտենալու է, բայց նաև ունենք այն, ինչ ունենք։ Սա տեղի է ունեցել պատերազմական գործողությունների արդյունքում։ Հայաստանը պատերազմական ծանր օրերից հետո ստիպված է եղել այդպիսի փաստաթուղթ ստորագրել, սա ծանր բեռ է, և պետական իշխանությունները չեն պատրաստվում այդ բեռի տակ կքել, այդ բեռը մեր ուսերի վրա կտանենք, ժամանակի ընթացքում քաղաքացիների անվտանգության երաշխիքներն առավել տեսանելի կլինեն։
-ՀՀԿ-ն, Քոչարյանի աջակիցները, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ ուժեր, 2018-ի հեղափոխության մեթոդով, փորձում են հասնել իշխանության հեռացմանը։ Հնարավո՞ր է՝ ընդդիմությունը հասնի վարչապետի հրաժարականին՝ կիրառելով գրեթե նույն տեխնոլոգիաները, ինչ-որ դուք՝ 2018-ին։ Եվ վարչապետի ինչպիսի՞ թեկնածու է Վազգեն Մանուկյանը։
-Այդ հարցի պատասխանը, կարծեմ, պարզ է՝ հնարավոր է, թե հնարավոր չէ՝ հետևյալ կերպ․ քաղաքացիների աջակցությունը, մեր հանրության մեծամասնության աջակցությունը չունեցող որևէ մեկը չի կարող զավթել իշխանությունը։ «Զավթել իշխանությունը» դիտավորյալ եմ օգտագործում, որովհետև իշխանության գալ՝ առանց այդ մեծամասնության թույլտվության և հավանության, իշխանության զավթում է, ինչը քրեական հանցագործություն է։ Հանրության մեծամասնության աջակցությունը եթե լինի, ուրեմն իշխանափոխություն տեղի կունենա։ Եկեք այլ մեկնաբանություն չանենք։ Եկեք միայն ասեմ, որ իրենք աջակցություն չունեն, հետևաբար՝ ես բացառում եմ իրենց կողմից որևէ նկրտումներ կամ իշխանափոխություն։
-Ընդդիմությունը հայտարարում է, որ մտադիր է հանրային ճնշմամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը պարտադրել ընտրել վարչապետի իրենց թեկնածուին։ Ի՞նչ կասեք սրան։
-Եթե քաղաքացիների մեծամասնության կողմից կլինի այդ ճնշումը, կարիք էլ չի լինի այդ ճնշումը գործադրելու։ Երբ կարձանագրենք՝ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է իշխանափոխություն, մտածելու բան չի լինի, մեզանից որևէ մեկը չի դիմադրի։ Որևէ իշխանություն քաղաքացիների մեծամասնության կամքին դեմ գնալ չի կարող՝ ինչքան էլ ուզի, և այստեղ ուղղակի պետք է արձանագրել՝ արդյո՞ք կա քաղաքացիների կողմից այդ հանրային ճնշումը մեր նկատմամբ։ Ես պնդում եմ, որ չկա։ Ես իմ ձեռքի տակ նաև տվյալներ ունեմ, որոնք չեմ ուզում հրապարակել, որպեսզի չկաշկանդեմ այդ տվյալներով։ Թող ամեն մարդ իր շրջապատում տեսնի՝ արդյո՞ք կա այդ հանրային պահանջը, թե՞ այդ պահանջի վերաբերյալ կա կեղծ և սին ապատեղեկատվություն։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշումներին, ես այդ ճնշումները մեկ ձևով եմ տեսնում մինչև այժմ՝ լրատվական կայքերով և այլն, ամենավերջին ստոր և արգահատելի բառապաշարն է օգտագործվում ոչ միայն պատգամավորների, այլ նաև քաղաքական իշխանության հասցեին։ Դրանով փորձ է արվում հեղինակազրկել մարդկանց։ Ես ուզում եմ ասել՝ դա ամենակոշտ արձագանքն է ստանալու պետության կողմից։ Դեռևս չեմ ուզում բացահայտել, թե ինչպես, բայց ուղղակի դա անթույլատրելի է։
Պետական իշխանության մարմինների հեղինակազրկումը բերում է նաև մեր քաղաքացիների անվտանգության մակարդակի թուլացման։ Դա նաև բռնություն է մեր քաղաքացիների նկատմամբ, որովհետև պետական իշխանության մարմինները նրա համար են, որպեսզի այդ թվում քաղաքացիների շահերը պաշտպանեն, իսկ հեղինակազրկված և այդպիսի հայհոյանքների տակ գտնվող քաղաքական պաշտոնյաները կարող են նաև խնդիր ունենալ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված։ Մենք այդ հեղինակազրկման պրոցեսն ուղղակի կասեցնելու ենք ժամանակի ընթացքում, ես դրանում չեմ կասկածում։ Այն, ինչ տեղի է ունենում հատկապես վերջին շաբաթներին Հայաստանի տեղեկատվական շրջանակներում՝ տեղեկատվական հարձակումները պաշտոնյաների, նրանց ընտանիքների վրա, օգտագործվող բառապաշարը, ցածր մակարդակը, ընդհանրապես հայհոյանքի լեզուն, նաև այդ տեղեկատվական տեռորին վերջ ենք տալու։ Մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի որոշենք՝ ինչն ենք անվանում տեղեկատվական ահաբեկչություն, որպեսզի մեր հանրությանը զերծ պահենք դրանից։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ առնվազն խորհրդարանական ընդդիմության հետ մենք կունենանք կոնսենսուս, որ սա ուղղակի պետք է վերացնել, և այդ ուղղությամբ կոշտ վարչական միջամտություններ կլինեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան