Ահազանգի հետքերով. ինչու են կտրուկ թանկացել COVID-19-ի դեմ կիրառվող որոշ դեղամիջոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ տասն ամիս Հայաստանը պաշարած կորոնավիրուսից դեկտեմբերի 8-ի դրությամբ մահացել է 2372 մարդ: Վերջին 2 ամսում մահերի թիվը կտրուկ ավելացել է: Եթե մարտի 26-ից, երբ գրանցվեց COVID-19-ից առաջին մահը, մինչև հոկտեմբեր օրական միջինը մահացել է 7 մարդ, ապա հոկտեմբերի կեսից մինչ օրս այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 25-ի: Այս իրողության պատճառներից մեկը, թերևս, պատերազմի հետևանքով առողջապահական համակարգի գերբեռնվածությունն է: Մասնագետները նշում են, որ կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդներից շատերը ծանր վիճակում են հայտնվում հիմնականում ուշ դիմելու կամ քրոնիկ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսով 1 անձի բուժման համար պետությունը տրամադրում է մինչև 650 հազար դրամ: Սակայն պացիենտի բուժումը սրանով չի ամբողջանում: Որոշ դեղամիջոցների սուր դեֆիցիտի կամ բացակայության դեպքում դրանք հայթայթելու խնդիրը ստիպված են լինում լուծել հիվանդի հարազատները: Նման պրեպարատներից է «Սոլու-մեդրոլ» (Solu-Medrol, միջազգային անվանումը՝ մեթիլպրեդնիզոլոն) իմունիտետը ճնշող, հակաբորբոքիչ, գլյուկոկորտիկոիդային հորմոնալ միջոցը: Արտադրողը բելգիական «Պֆայզեր Մանուֆակտուրին» դեղագործական ընկերությունն է:

Factor TV-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ եթե նախկինում այս դեղամիջոցը երևանյան դեղատներում կարելի էր գտնել շուրջ 16 հազար դրամով, ապա մոտ 10 օր առաջ դրա գինը հասել է 28 հազար դրամի: Ընդ որում՝ խոշոր դեղատնային ցանցերում այս պրեպարատը կամ դրան փոխարինող որևէ այլ միջոց պարզապես չկա: Մեզ ահազանգող քաղաքացին այն գնել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Կարապետ Ուլնեցի փողոցում գտնվող «ԱԲԱ Ֆարմ» դեղատնից, որտեղ, սակարկելուց հետո, 1000 մգ-անոց ամպուլան վաճառել են 25 հազար դրամով:

Հավաստիանալու համար՝ ինքներս զանգահարեցինք նշված դեղատուն: Աշխատակցուհին հաստատեց, որ դեղամիջոցն առկա է, իսկ գինը՝ «մինչև 30 հազար դրամ»:
«Ունենք, հեռախոսով հստակ գին չի ասվում, մինչև 30 հազար, ավելի ցածր հնարավոր չէ»,- նշեց աշխատակցուհին:

«ԱԲԱ Ֆարմը» փոքր դեղատուն է, ունի ընդամենը 2 աշխատող, պետռեգիստրում գրանցված է Աննա Բադեյան անհատ ձեռնարկատիրոջ անունով: Թե ինչո՞ւ է պրեպարատն այդպես թանկացել, դեղատունը չի պարզաբանում:

Ընտանեկան բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Սամվել Հայրումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թե՛ «Սոլու-Մեդրոլ», թե՛ նույն խմբին պատկանող «Դեքսամեթազոն» կամ նմանատիպ այլ պրեպարատների դեֆիցիտ է առաջացել՝ գերնշանակումների պատճառով: «Չափից շատ եղել են նշանակումներ, հատկապես երկրոդային օղակի տարբեր բժիշկների կողմից, բազմաթիվ բժիշկներ, որ պարտադիր չէ, որ այդ հիվանդանոցը լինի կովիդ վարող հիվանդանոց, սովորական մասնավոր հիվանդանոցներ, լուրջ բժիշկներ, գիտությունների թեկնածուներ, բաժանմունքի վարիչներ, 37 աստիճան ջերմության 97 սատուրացիայի դեպքում առաջին օրը նշանակել են 16-20 մգ դեքսամեթազոն: Դա գերնշանակում է և այդ ամենի արդյունքում առաջացել է դեֆիցիտ: Այդ դեղը շատ լավ արդյունավետություն է ցուցաբերել, փրկել է կյանքեր, բայց եթե նշանակվել է ճիշտ ժամանակին և ճիշտ դեղաչափով»,- նշեց Ս. Հայրումյանը:

COVID-19-ի համաշխարհային վիճակագրության համաձայն՝ թոքաբորբերի 19%-ը ծանր դեպքերն են, որից 5%-ն էլ՝ ծայրահեղ ծանր:

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը թարմացրել է կորոնավիրուսային հիվանդության վարման ուղեցույցը, որը նաև Հայաստանն է ընդունել: Ըստ դրա՝ այս խմբի դեղամիջոցները կորոնավիրուսային հիվանդության դեպքում ցուցված են այն հիվանդներին, որոնք բարձր ռիսկի խմբում են՝ ունեն ծանր թոքաբորբ, որն ուղեկցվում է թթվածնային քաղցով, այսինքն՝ սատուրացիան 93-ից ցածր է, ունեն քրոնիկ սիրտ-անոթային, շնչառական համակարգի հիվանդություններ: «Գինը ով է ավելացրել, ինչու է ավելացրել, մեզ չի վերաբերում, պետք է համապատասխան մարմինը զբաղվի: Մեր գործառույթն է բժիշկներին փոխանցել, որ դեղը նշանակվի ճիշտ դեղաչափով, ճիշտ ժամանակին: Չափից շատ նշանակվել է անտեղի, չափից շատ մեծ դոզաներով, չհաշված, որ ինքը բազմաթիվ վնասակար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա՝ ընկճելով իմունիտետը, և հիվանդությունն ավելի բարդ ընթացք է ունենում, բուժումն ավելի է դժվարանում»,- նշեց Ս. Հայրումյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետևում է շուկայի խոշոր խաղացողների վարքագծին, իսկ փոքր դեղատները, ըստ էության, ազատ են ցանկացած գին սահմանել: Մեզ հետ մասնավոր զրույցներում որոշ ներկրողներ նշեցին, որ այս տարվա գարնանը «Սոլու-Մեդրոլ» պրեպարատի ինքնարժեքը, Մոսկվայից պատվիրելու դեպքում, կազմել է մոտ 5000 դրամ, իսկ իրացման գինը սահմանվում է՝ շուկայում տվյալ պահին առկա իրողություններից ելնելով: «Այո, որոշ մարդիկ հնարավորություն ունեն հայթայթելու, բերել հասցնելու, որովհետև դրանք ընդհանրապես չկան, շատ դեպքերում նույնիսկ Ռուսաստանի դեղատնից առնելով, բերել հասցնել Հայաստան և ինքնարժեքը դժվար է հականալ, թե ամեն մեկի վրա ինչքան է այդ դեղը նստում և տարբեր մարդիկ տարբեր գներով տարբեր երկրներից հայթայթելով կարող են բերել հասցնել Հայաստան»,- նշեց ՀՀ միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի (նախկինում` Դեղ արտադրողների և ներմուծողների միություն – խմբ.) նախագահ Սամվել Զաքարյանը:

ՀՀ միջազգային դեղարտադրողների ասոցիացիան սովորաբար հետևում է ավելի քան 1700 դեղատների գործունեությանը, արձագանքում ահազանգերին, թեև օրենքով սահմանված ազդեցության լծակներ չունի: Սակայն, ըստ Ս. Զաքարյանի, պատերազմական իրավիճակում առավել կարևոր խնդիրներ են առաջացել և իրենք զբաղվել են հոսպիտալներում արագ սպառվող դեղերի համալրմամբ: «Ի վերջո սա բիզնես է, պահանջարկ-առաջարկի դեպքում, նաև երրորդ պայմաններից՝ կովիդի ու պատերազմի դեպքում բիզնես վարող անձինք կարող են օգտվել և ձգտել ավելի շատ օգուտ ստանալ: Այս մասում է բարոյական խնդիրը, և ինչքան էլ կոչերով դիմենք, միևնույնն է, ցանկացած բիզնես միշտ փորձում է էմոցիոնալ տեսակետից պաշտպանվել և ավելի շատ թվերով և օգուտով ղեկավարվել»,- նշեց Ս. Զաքարյանը:

Հայաստանում դեղերի շուկայում շահույթի մարժայի որևէ սահմանափակում, որևէ կարգավորում չկա, հատկապես՝ փոքր բիզնեսների դեպքում: Սպառողների շահերի պաշտպանության տեսակետից, թերևս, հարկ է օրենսդրական մեխանիզմներ մշակել՝ զսպելու հատկապես ճգնաժամային իրավիճակներում ավելի շատ գումար աշխատելու որոշ գործարարների ձգտումը:

 

Գայանե Խաչատրյան