Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին Ադրբեջանի կողմից հարվածներ հասցնելու մասին տեղեկությունները
Քաղաքականություն
14.10.2020 | 15:37Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունների ստուգմանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այս տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ։ Գիտեք, որ նախարար Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել երկու կողմից իր գործընկերների հետ։ Այս տեղեկությունները ստուգվում ու վերլուծվում են»,- հայտարարել է Պեսկովը։
Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է ՀԱՊԿ որևէ մեխանիզմի կիրառում, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին․ «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։